HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Գյումրի» ԲԿ-ի 420 աշխատակցից կորոնավիրուսով վարակվել է 17-ը, 40 հոգի ինքնամեկուսացած է

Նոր կորոնավիրուսով պայմանավորված՝ Շիրակի մարզում տիրող իրավիճակի շուրջ այսօր «Երկխոսություն մեդիա» կենտրոնը քննարկում էր կազմակերպել Գյումրի ԲԿ-ի տնօրեն Արմեն Իսահակյանի, «Հայկական կարմիր խաչ» ընկերության Շիրակի մարզի մասնաճյուղի տնօրեն Սամվել Մադոյանի եւ Գյումրու քաղաքապետարանի «Կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկի տնօրենի ժ/պ Վարդգես Սամսոնյանի մասնակցությամբ: 

Ի՞նչպիսի մարտարավերների առաջ է հայտնվել մարզը COVID-19-ի պատճառով, արդյոք պատկան ատյաններն անու՞մ են ամեն ինչ ստեղծված իրավիճակում առկա պրոբլեմները լուծելու համար, աջակցության ինչպիսի՞ միջոցառումներ են իրականացվում համավարակից տուժած խոցելի խմբերի սոցիալական վիճակը բարելավելու ուղղությամբ, այս եւ մի շարք այլ հարցերի պատասխանները փորձեցին հնչեցնել բանախոսները հանդիպման ժամանակ:

Գյումրու քաղաքապետարանի «Կոմունալ ծառայություն բյուջետային հիմնարկ»-ի տնօրենի ժ/պ Վարդգես Սամսոնյանը նշեց, որ արտակարգ ռեժիմով աշխատել են դեռեւս մարտ ամսից՝ ախտահանման աշխատանքներ իրականացնելով փողոցներում, կանգառներում, բազմաբնակարն շենքերի մուտքերում, ուշադրության կենտրոնում են պահել հասարակական տրանսպորտը, ախտահանել են աղբարկղերը եւ այլն: Իրականացնում են նաեւ բացատրական աշխատանքներ, եւ արդեն նկատելի է արդյունքը՝ Գյումրիում մեծացել է փողոցում դիմակ դնող մարդկանց քանակը: Քաղաքապետարանը 400 ընտանիքի նաեւ սոցիալական օգնություն է տրամադրել:

«Հայկական կարմիր խաչ» ընկերության Շիրակի մարզի մասնաճյուղի տնօրեն Սամվել Մադոյանը եւս խոսեց սոցիալական օգնություններից, որ կազմակերպվել է մարզում կամավորների օգնությամբ: Ինքնամեկուսացված անձանց կազմակերպությունը տրամադրել է 15-օրյա սննդի փաթեթ՝ ամեն մեկը 7 կգ քաշով: Տրամադրված արկղերը պարունակել են չոր սնունդ եւ ախտահանիչ նյութեր: Շիրակի մարզում նման աջակցություն է ստացել 2000 հոգի: 

««Կարմիր խաչը» 110 ծեր շահառուներ ունի Գյումրի եւ 18 շահառու՝ Մարալիկ քաղաքներում, աշխատում ենք այնպես անել, որ նրանք դուրս չգան չվարակվեն հանկարծ, մեր կամավորները ինչ պետք է, նրանց հասցնում են: Ինչպես գիտեք Գյումրու ծերերի տուն-ինտերնատը հանձնվել է մեզ, մենք այնտեղ ունենք 158 հոգի, որոնց լիովին իզոլացրել ենք, կամավորների միջոցով կատարում ենք բոլոր անհրաժեշտ աշխատանքները, որ հանկարծ վարակի օջախ չունենանք»,- նշեց Սամվել Մադոյանը:

«Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը, մինչեւ կենտրոն գալը մասնակցել էր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի մոտ կայացած խորհրդակցությանը։ Նա հայտնեց, որ քննարկել են տրիաժային կենտրոն ունենալու, ինչպես նաեւ պոլիկլինիկա, շտապ բուժօգնություն, բազմապրոֆիլ եւ ինֆեկցիոն հիվանդանոցների համագործակցված աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու միջոցները: Ներկայում «Գյումրի» ԲԿ-ի 420 աշխատակիցներից վարակակիր են 17-ը, մոտ 40 հոգի ինքնամեկուսացած են: Արմեն Իսահակյանն ասում է, որ նման իրավիճակ չէր ստեղծվի, եթե Գյումրիում լիներ տրիաժային կենտրոն:

«Ամսի 15-ից, կարծեմ, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը տրիաժի ֆունկցիան չի անում եւ չախտորոշված հիվանդները գալիս են միանգամից մեզ մոտ: Գյումրի բժշկական կենտրոն են գալիս նաեւ հիվանդներ, որոնց ինքնազգացողությունը վատացել է երեկոյան, այսինքն՝ հնարավորություն չունեն պոլիկլինիկա այցելելու, գալիս են նաեւ հիվանդներ, որոնք  դիմել են պոլիկլինիկա, թեստավորվել են, բայց հանկարծակի վատացել են եւ առանց պատասխանն իմանալու դիմել են մեզ: Մենք չենք կարող մարդկանց չընդունել միայն այն պատճառով, որ թեստի պատասխան չունեն, սակայն ստացվում է, որ մինչեւ դրական կամ բացասական պատասխան ստանալը բուժանձնակազմը շփում է ունենում հիվանդի հետ»,-նշեց Արմեն Իսահակյանը:

Բանախոսի տեղեկացմամբ՝ բժիշկնեերից սրտաբան Արթուր Ստեփանյանը վարակվել է կորոնավիրուսով, երբ հրավիրվել է ինսուլտով հիվանդի մոտ բուժզննման: Արմեն Իսահակյանի փոխանցմամբ՝ տվյալ անձին ընդունել են շատ ծանր վիճակով, 4 օր բուժում է ստացել, սակայն չեն իմացել, որ հիվանդի մոտ առկա է նաեւ կորոնավիրուս: Անեսթեզիոլոգներից երկուսը վարակվել են, երբ վիրահատել են կորոնավիրուսով հիվանդի, սակայն ախտորոշման մասին իմացել են ավելի ուշ:

«Բացի այդ, երբ հիվանդները շատացան, Գյումրիի ինֆեկցիոնում բավարար թթվածնային սարքեր չլինելու պատճառով, հիվանդները մեզ մոտ էին մնում մի երկու օր, մինչեւ տեղ էր ազատվում, կամ նույնը՝ Երեւան տեղափոխվողների դեպքում։ Փաստացի, մենք վերապրոֆիլավորված չենք, որպես COVID կենտրոն, բայց բուժում ենք վիրուսակիր հիվանդների այլ հիվանդություններից»,-նկատեց Արմեն Իսահակյանը: Նրա համոզմամբ պետք է ուժեղացնել առաջին օղակը, կազմակերպել ընտանեկան բժիշկների անվտանգ տնային այցերը՝ դրանով պակասեցնելով թեստի դրական պատասխան ունեցող հիվանդների այցերը հիվանդանոց:

Բժշկական կենտրոնի տնօրինությունը դիմել է առողջապահության նախարարությանն՝ առաջարկելով կենտրոնում ստեղծել տրիաժային ծառայություն եւ «Գյումրի» ԲԿ-ն օրինական կարգով ընդգրկել համավարակի դեմ պայքարում: Հարցը քննարկման փուլում է։ Տնօրենի փոխանցմամբ՝ իրենք ստեղծել են միջանկյալ բաժանմունք՝ 13 մահճակալով, եւ կարող են այդ ծառայությունը մատուցել, մինչեւ հետագայում լուծվի COVID կենտրոնի հարցը Սամարիթեր նախկին հիվանդանոցի շենքն օգտագործելով, ինչպես առաջարկել է մարզպետը:

Խոսելով մարզում վարակի տարածվածության մասին` Արմեն Իսահակյանը փաստեց, որ վիրուսի բռնկումը սկսվել է Մարալիկից, այնուհետեւ հիվանդներ են ունեցել Գյումրիից, եւ ներկայում, եթե համեմատեն մարզի հինգ նախկին տարածաշրջանները, ապա Ամասիան ու Աշոցքն, այս առումով ամենաբարվոք վիճակում են գտնվում, հիվանդացության դեպքեր չկան, առավել խոցելի են մարզի դաշտավայրային հատվածների բնակավայրերը:

Լուսանկարները՝ Վահե Ղազարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter