HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել մեծացնել դեքսամետազոնի արտադրության ծավալները

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել ընդլայնել դեքսամետազոնի արտադրության ծավալները, որն արդյունավետ է COVID-19 տիպի կորոնավիրուսով հիվանդ պացիենտների շրջանում մահացության կրճատման հարցում։ Այդ մասին գրում է «BBC»-ն։

Կազմակերպության ղեկավար Տեդրոս Ադհան Գեբրեյեսուսը նշել է, որ դեղամիջոցի պահանջարկը կտրուկ աճել է, երբ Օքսֆորդի համալսարանի գիտնականները հրապարակել են կորոնավիրուսի դեմ պայքարում դեղամիջոցի արդյունավետության վերաբերյալ ուսումնասիրություն։ 

Կլինիկական փորձարկումների ժամանակ ստացիոնար բուժման մեջ գտնվող մոտ 2000 պացիենտներ, բուժման կուրսի ընթացքում, ստացել են դեքսամետազոն։ Պարզվել է, որ արհեստական շնչառության ապարատին միացված և դեքսամետազոն ստացած պացիենտների մոտ մահացությունը 40 %-ից իջել է 28 %-ի:

«Հաջորդ փորձությունը մեզ համար կլինի արտադրության ծավալների ընդլայնումը, ինչպես նաև ամբողջ աշխարհում դեքսամետազոնի արագ և արդար բաշխումը՝ առավել շատ հատկացնելով երկրագնդի այն հատվածներին, որտեղ դրա կարիքը կա»,- նշել է ԱՀԿ ղեկավարը։

Բժշկության մեջ դեքսամետազոնը կիրառվում է շուրջ 60 տարի։ Այն ունի հակաբորբոքային ազդեցություն։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ընդգծում է, որ դեղամիջոցն անհրաժեշտ է ընդունել միայն ծանր հիվանդներին և բացառապես բժիշկների հսկողությամբ։

Աշխարհի տարբեր հատվածներում շարունակվում է կորոնավիրուսի տարածումը։ Վերջին տվյալներով աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի շուրջ 9,5 միլիոն դեպք։ Համաձայն Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների՝ Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 100 000-ը։ Մահվան դեպքերի շուրջ կեսը գրանցվել է Բրազիլիայում, որտեղ հիվանդության և մահացության ցուցանիշները զիջում են միայն Միացյալ Նահանգների ցուցանիշներին։

Ավելի քան 23 հազար մարդ մահացել է Մեքսիկայում։ Բրազիլիայի և Մեքսիկայի իշխանությունները, ի տարբերություն հարևան երկրների, չեն մտցրել խիստ կարանտինային ռեժիմ։ Զոհերի թիվը մեծ է նաև Պերուում և Չիլիում։ Որոշ փորձագետների կարծիքով՝ Լատինական Ամերիկայի որոշ երկրներում դեռ չի անցել կորոնավիրուսի պիկը։

Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում գրանցվել է մեկ օրվա մեջ կորոնավիրուսով վարակման ամենամեծ թիվը՝ գրեթե 4 հազար։ Ընդհանուր առմամբ, Դելիում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է մոտ 66 հազարի։ Սա երկրի երկրորդ ցուցանիշն է Մումբայից հետո։ Հնդկաստանն ավելի վաղ թուլացրել էր կարանտինային ռեժիմը, սակայն վիրուսի տարածման հավանականությունը շարունակում է մնալ բարձր։ Ընդհանուր առմամբ, Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսի շուրջ 440 հազար դեպք, մահացել է 14,4 հազար մարդ։

Հուլիսի 15-ից զբոսաշրջիկներին կսկսի ընդունել Մալդիվյան կղզիները։ Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Իբրահիմ Սոլիհը։ Արտասահմանցի զբոսաշրջիկները երկիր ժամանելիս չեն հանձնի կորոնավիրուսի թեստ։ Վերջին տվյալներով այս երկրում կորոնավիրուս է հայտնաբերվել շուրջ 2200 բնակիչների մոտ։

Եվրոպական միությունում քննարկում են հուլիսի 1-ից սահմանների բացման հարցը, բացառությամբ այն երկրների, որտեղ նախկինի պես նկատվում է կորոնավիրուսով վարակման բարձր հավանականություն։ Մասնավորապես, առաջարկվում է դեռևս սահմանները չբացել ԱՄՆ-ի և Ռուսաստանի քաղաքացիների համար։ 

Հուլիսի 1-ից էլ Նյու Յորքում հնարավոր կլինի հանգիստն անցկացնել լողափերում։ Այդ մասին «Twitter»-ի իր միկրոբլոգում հայտնել է քաղաքապետ Բիլ դե Բլազիոն։

Լուսանկարը՝ Getty Images/iStockphoto

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter