HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Գույքահարկի փոփոխությունները տարաձայնություններով ընդունվեցին

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսված են գույքահարկի ներկայիս շեմերի ու դրույքաչափերի փոփոխություններ։ Կողմ է քվեարկել 70, դեմ 11 և ձեռնպահ՝ 2 պատգամավոր։ 

Կառավարությունը լրամշակել  է գույքահարկի ներկայիս շեմերի ու դրույքաչափերի փոփոխությունների նախագիծը և սահմանել է նոր՝ ավելի բարձր գույքահարկի համակարգին անցում կատարել ոչ թե ի սկզբանե նախատեսված 4 տարում, այլ՝ 6։

Գործադիրն Ազգային ժողով էր ներկայացրել Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից սահմանել գույքահարկի նոր շեմեր ու դրույքաչափեր, վերացնել բնակարանների համար սահմանված չհարկվող շեմերը, այն է՝ 3 մլն դրամը։ Այս նախագիծը տրամաբանական շարունակությունն է մեկ այլ նախագծի, որով Հայաստանում գույքի կադաստրային և շուկայական արժեքները պետք է մոտարկվեն։ Այս փոփոխությունների արդյունքում գույքահարկից գոյացող հարկային եկամուտների աճ է ակնկալվում։ Կառավարությունը վստահեցնում է, որ սպասվող լրացուցիչ հարկային բեռը կրելու են մեծամասամբ բարձր գույքի սեփականատերերը։  

Այս փոփոխությունների նպատակը, ըստ Ֆինանսների նախարարության հիմնավորման, համայնքային բյուջեների մուտքերն ավելացնելն է, որը հնարավորություն կտա այդ գումարները ծախսել համայնքների վիճակը բարելավելու ուղղությամբ։

Ընդդիմությունը՝ ի դեմս «Լուսավոր Հայաստան» խմբակցության, դեմ է այս փոփոխություններին։ Չնայած դրան՝ նախօրեին (հունիսի 24) Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց փոփոխությունների նախագիծը։ Այսօր այն քննարկվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու նպատակով։

Սակայն, մինչև քննարկումը «Իմ քայլը» խմբակցությունն առաջին ընթերցումից հետո երկու առաջարկ էր ներկայացրել նախագծի վերաբերյալ։ Ինչպես այսօր Ազգային ժողովում ներկայացրեց նախագծի համահեղինակ, ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, նոր և ավելի բարձր գույքահարկի համակարգին անցումն ավելի սահուն ապահովելու համար «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկել է անցում կատարելու ժամկետը  նախագծով սկզբնապես առաջարկված 4 տարվա փոխարեն սահմանել 6 տարի։ Ըստ այդմ՝ անշարժ գույքի սեփականատերերը 2021 թվականին կվճարեն իրենց գույքահարկի 25%-ը, 2022 թվականին՝ 30%-ը, 2023 թվականին՝ 35%-ը, 2024 թվականին՝ 50%-ը, 2025 թվականին՝  75%-ը և միայն 2026 թվականին կանցնեն ամբողջական վճարման՝ 100%-ին:

«Կառավարության համար այս առաջարկն ընդունելի է։ Նախագիծը լրամշակվել է։ Իհարկե, ակնկալվող արդյունքներն այս նոր սցենարի պարագայում որոշակիորեն փոխվել են։ Բայց, հաշվի առնելով նոր համակարգին հնարավորինս սահուն անցում կատարելու կարևորությունը, կառավարությունը համաձայնություն է տվել այդ առաջարկին»,- նշեց Արման Պողոսյանը։

Երկրորդ առաջարկը, որը դարձյալ ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցությունը, միտված է համակարգի պրոգրեսիվությունը մեծացնելուն։ Այսինքն՝ ավելի բարձր գույքի համար սահմանվի ավելի բարձր հարկային բեռ, քան ի սկզբանե սահմանված է եղել նախագծով։ Տվյալ դեպքում առաջարկվում է 200 մլն դրամ և ավելի հարկման բազա՝ արժեք ունեցող բնակարանի կամ անհատական բնակելի տան հարկման դրույքաչափը գերազանցող մասի համար լինի ոչ թե 1%, ինչպես ի սկզբանե նախատեսված է եղել նախագծով, այլ՝ 1.5%: «Թեև, մեր կարծիքով, համակարգն արդեն իսկ պրոգրեսիվ էր, սակայն այս առաջարկը ևս ընդունվել է, և նախագիծը լրամշակվել է»,- հավելեց Ֆինանսների փոխնախարարը։

Ըստ նրա՝ եթե բնակչությունը հավակնում է ունենալ ավելի բարվոք համայնքային միջավայր, ավելի որակյալ համայնքային ծառայություններ, այդ ծառայությունների ավելի լայն շրջանակ՝ սկսած ճանապարհաշինարարությունից մինչև կանաչապատում, վերելակային տնտեսություն, աղբահանություն և այլն, ապա այլընտրանք չկա, քան համայանքներին լրացուցիչ գործիքակազմով զինելը. «Որպեսզի ունենանք իրապես տեղական ինքնակառավարում և լավ հանրային բարիքներ համայքներում»։

Դիտարկումը, թե արդյոք հիմա պատեհ պահ է այս փոփոխությունը կատարելու համար, երբ նոր կորոնավիրուսի տարածման պայմաններում բնակչությունն ու տնտեսությունը լավագույն ժամանակներ չեն ապրում, Արման Պողոսյանն էմոցիանալ գնահատեց՝ նշելով, որ ծրագրված է գույքահարկի նոր համակարգը ներդնել ոչ թե այսօր կամ վաղը, այլ առաջիկա մի քանի տարիների ընթացքում՝ աստիճանաբար։ 

«Իմ քայլը» խմաբկցության պատգամավորները մեծամասամբ կողմ են այս նախագծին։ Ըստ պատգամավոր Վարազդատ Կարապետյանի՝ գույքահարկի բարձրացման նախագծի ընդունումը քաղաքական կամք և խիզախություն է պահանջում։ 

Նույն խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն այս փոփոխությունները ռեֆորմ է համարում։ Ըստ նրա՝ այդ ռեֆորմի ընդհանուր տրամաբանության մեջ մի քանի նախագծեր պետք է դիտարկել, ամեն ինչ պետք է դիտարկել մեկ միասնության մեջ։ Նրա խոսքով՝ այս փոփոխությունների առաջին քայլը 2019 թվականին ընդունված Հարկային օրենսգրքի փոփոխություններն են, որոնցով եկամտային հարկը դարձավ համահարթ  (դրույքաչափը՝ 23%) և առաջիկա տարիներին նվազելու է (դրույքաչափը՝ մինչև 20%)։ Հաջորդ քայլը, ըստ Թունյանի, անշարժ գույքի կադաստրային արժեքները շուկայականին մոտարկելու վերաբերյալ նախագծի ընդունումն էր, որին հաջորդել է արդեն այս նոր նախագիծը։ Նույն միասնության մեջ պետք է դիտարկել նաև պարտադիր համատարած հայտարարագրման մեխանիզմը, որի վերաբերյալ քննարկումները պետք է սկսվեն առաջիկայում։ «Այս բոլորը միասին ընդհանուր ռեֆորմների մեծ փաթեթ է։ Ռեֆորմը հետաձգել չի կարելի, անգամ ուշացրել ենք»,- վստահ  է Բաբկեն Թունյանը։ 

Նրա հետ համաձայն չեն «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատագամավորները։ Պատգամավոր Արկադի Խաչատրյանն այս օրինագիծը մարդակենտրոն չի համարում։  Ըստ նրա՝ բեռը պետք է համապատասխանի մարդկանց եկամուտներին: Օրինակ՝ Երեւանի կենտրոնում կան մարդիկ, որոնք ունեն բնակարան, բայց չունեն բավարար եկամուտներ բարձր գույքահարկ վճարելու համար։ Ըստ պատգամավորի՝ նրանք պարտադիր պետք է օգտվեն արտոնություններից կամ լինեն բացառություն: 

Արկադի Խաչատրյանը համարում է, որ այս նախագիծն առանց խորը քննարկումների է ընդունվում։ Նա կոչ է անում հետաձգել ընդունումը և թողնել 2022 թվականին։ Սակայն, «Լուսավոր Հայաստանի» առաջարկները չեն ընդունվել։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ևս նախագծին դեմ է։ Դիմելով «Իմ քայլը» խմաբկցության Բաբկեն Թունյանին, ով նշում է, որ նոր դրույքաչափերին անցում կատարելով ոմանց գույքահարկերը 2021 թվականին ավելի փոքր են լինելու, քան այսօր, Մանե Թանդիլյանը կոչ արեց իրական պատկերը ստանալու համար համեմատել ոչ թե այսօրվա և եկող տարվա գույքահարկերի չափերն, այլ այսօրվա և 2026 թվականի գույքահարկերի չափերը, երբ ամբողջությամբ նոր գույքահարկը ուժի մեջ մտած կլինի։ «6 տարով ենք աստիճանաբար ներդնելու, բեռը բոլորի համար միանշանակ բարձրանալու է»,- նկատեց Մանե Թանդիլյանը։

Նախագծի վերաբերյալ առաջարկներ ուներ «Իմ քայլ»-ից պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանն այսօր ունի 90 մլն քմ բնակելի ֆոնդ։ Եթե հաշվի առնվի, որ միջին՝ հինգ հոգանոց ընտանիքի համար 100 քմ տարածքը լիովին բավարար է ապրելու համար, ապա մեկ շնչի համար 20 քմ տարածք է հատկացվում։  Հետևաբար, 90 մլն քմ բնակֆոնդը կարող է բավարարել 4.5 մլն բնակչության։ Մինչդեռ Հայաստանում այսօր շուրջ 3 մլն բնակչություն է գրանցված։ Միաժամանակ, ունենալով այդքան մեծ չափով ավելորդ բնակմակերես, Հայաստանում կան հազարավոր ընտանիքներ, որոնք բնակարան չունեն։ Մյուս կողմից էլ՝ բնակարանների գներն անհիմն բարձր են, հատկապես՝ նորակառույցներում։ Այս հարցը փոքր-ինչ լուծելու համար, ըստ պատգամավորի, նախագծում ինչ-որ բան պակասում է։ Աղազարյանն առաջարկում է, որ  եթե քաղաքացին ունի մի քանի բնակարան, ապա այլ մեխանիզմով հարկ վճարի, այսինք ՝ ավելի շատ հարկվի։ «Եթե ես ունեմ տասը բնակարան, ապա ինչո՞ւ պիտի ամեն մի բնակարանի համար վճարեմ նույնքան գույքահարկ, որքան շարքային քաղաքացին՝ իր մեկ բնակարանի համար։ Սա մեխանիզմ կմտցնի, որ այսօր մեր երիտասարդ գործարարները ոչ թե բնակարան գնեն, այլ երշիկի գործարան ստեղծեն, որ իմ տղան էլ գնա աշխատի։ Պետք է մեխանիզմ լինի, որ մարդիկ բնակարան գնեն կոնկրետ նպատակների համար»,- նշեց պատգամավորը։

Ըստ Ֆինանսերի փոխնախարար Արման Պողոսյանի՝ գույքային միավորների համախմբումն արդարացի պահանջ է, որը քննարկվել է կառավարությունում։ Սակայն, հիմա այդ մեխանիզմը կիրառելը դեռևս նպատակահարմար չեն համարում։ 

Հովիկ Աղազարյանը մտադիր է այս հարցի վերաբերյալ առանձին օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ։

Մեկնաբանություններ (1)

Արմեն
Այս օրենքը նոր իշխանությունների կողմից մշակված ամենախայտառակն է,հակաժողովրդական,որովհետև. 1.Երբեք կադաստրային արժեքը և շուկայական արժեքը չեն կարող մոտիկ լինել,որովհետև շուկան ձևավորում է պահանջարկը:Չի երևում,թէ ինչպես պետք է գնահատեն գույքը,հաշվի առնվելու է գույքի մաշվածությունը/միթէ վթարային,կիսավթարային,տնակների համար պետք է վճարել/:Պատգամավորներից մեկը իր ելույթում տեղեկացնում է,որ եթե ինքը ունենար 200000 դոլարանոց բնակարան,ապա կվաճառեր:Դա իր իրավունքն է:Բայց ամբողջ կյանքը այդտեղ ապրած,սերնդեսերունդ փոխանցվող բնակարանը,որը շատ հիշողությունների հետ է կապված`մանկություն,պատանեկություն,մանկապարտեզ,դպրոց,ընկերներ,հարևաններ,ոչ թէ վաճառում են,այլ`փոխանցում,պապերի ու հայրերի քրտինքով ստեղծածը,քո հաջորդ սերունդներին,և քոչվոր կյանքի մասին չեն մտածում: 2.Պետությունը բնակարաններ է հատկացրել զին.ծառայողների,որբանոցի սաներին/վերջիններիս նվիրել/և այլն:Այժմ նույն պետությունը պրոբլեմների առջև է դնում այդ մարդկանց և նրանց սերունդներին? 3.Ինչպես են գնահատվելու սահմանամերձ բնակավայրերի բնակիչների գույքը:Այնտեղ ապրելը միայն հերոսություն է: 4.Բանկերում վարկադրված գույքը ինչպես պետք է գնահատվի?Կարող է քաղաքացին վարկերի հետ լրացուցիչ հարկային բեռ վրցնել? 5.Կորոնավիրուսային համաճարակի պատճառով,շատ ընկերություններ սննկացման եզրին են,իսկ շատ աշխատողներ կամ աշխատանքը կորցնելու վտանգի առաջ են,կամ էլ արդեն կորցրել են իրենց աշխատանքը: 6.Այն սեփականատերերը,որոնք վճարում էին գույքահարկ,այժմ չեն վճարի:Չէ որ գույքահարկ չվճարելու համար,բնակչին,ինչպես բացատրում էր այս օրենքի հեղինակը իր ելույթում,քաղաքացուն,չեն վտարի,տունը ձեռքից չեն առնի,և բնական է,որ ծատերը ուղակի չեն վճարի գույքահարկ,հանուն ինչի? 7.Պարզաբանում են,որ այս օրենքով ուզում են հարուստներին մասնակից դարձնեն քաղաքների,համայնքների բարեկարգմանը:Իրոք?Ինչ է խանգարում օլիգարխներին ոչ միայն այդ գույքահարկը վճարել/դրանով կօրինականեցնեն իրեց գույքի իրավական կարգավիճակը/,այլև գնի ,այն էլ էժան գնով,համայնքների լավագույն տներն ու հողամասերը:Հարուստները Հայաստանում ավելի քիչ են,քան`չքավորներն ու միջին խավը,հետևաբար այս օրենքը օլիգարխների օգտին է,և ոչ թէ նրանց դեմ:Տնտեսության եկամտաբեր բոլոր ճյուղերը օլիգարխների ձեռքում է և ոչ մի դժվարություն չի ներկայացնում այս օրենքը նրանց համար.կթանկացնեն իրենց ապրանքը,կամ քիչ կվճարեն աշխատակիցներին,եթե ընդհանրապես կրճատումներ չանեն,և հանգիստ և գույքահարկ կտան,և նոր գույք ձեռք կբերեն:Իսկ մարդկանց մեծամասնությունը իրենց խաբված կզգա: Մի թէ սա է նոր իշխանությունների նպատակը? Շատ ուրիշ լուրջ օրենքներ կան,որոնք հարկավոր է շտկել,օրինակ 1.Երկքաղաքացիության վերաբերյալ:Եթե մարդը ընդունել է ուրիշ երկրի քաղաքացիություն,չի մասնակցում պետականության և բանակի կազմավորմանը,չպետք է ունենա նույն իրավունքները ինչ Հայաստանի բնակիչները:Հայ լինելը չի նշանակում նվիրված լինել մեր երկրի պետականության կառուցմանը: 2.Վերացնել օֆշորային գոտու հասկացողությունը:Դա փող լվանալու և արտարժույթը օրինական արտահանելու տեղ է: 3.Փոփոխել ՀՀ հարկային օրենսգրքի մի շարք դրույթներ,օրինակ,կանխիկի սահմանափակումը:Նոր ՀԴՄ հնարավորություն են տալիս հսկողություն իրականացնելու կանխիկ գործարքների վրա:2-րդ անշարժ գույքի վաճառքի դեպքում ֆիզ.անձից գանձվում է ԱԱՀ:Հաշվի չի առնվում այն հանգամանքը,թէ քաղաքացին այդ գործարքով եկամուտ է ստանում,թէ բարելավում է իր բնակ.պայմանները:Օրինակ,ընտանիքը,4 անձից բաղկացած,բնակվում է 1 սենյականոց բնակարանում:Ժառանգություն է ստանում իր հարազատից 1 սենյականոց բնակարան:Քաղաքացին վաճառում է 2 հատ 1 սենյականոցը և գնում է 2 սենյականոց բնակարան:Այս գործարքը չի կարող բիզնես համարվել և հարկվել: Այսպիսի շատ օրենքներ կան,որ վերացման,կամ վերանայման արժանի են:Իսկ քույքահարկի օրենքը համոզիչ չէ մեծամասնության համար:Դա դիտավորություն է ինչ որ մարդկանց կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter