HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Եկամուտների համատարած հայտարարագրում. պատրա՞ստ է  արդյոք Հայաստանը

Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ պատրաստվում են երկրում ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման համակարգը։

Սա ենթադրում է, որ բոլոր քաղաքացիները պետք է որոշակի հաճախականությամբ (ամենայն հավանականությամբ՝ տարին մեկ անգամ) հայտարարագիր լրացնեն, թե որտեղից և որքան եկամուտ են ստանում։ Խոսքը բոլորի մասին է՝ սկսած գրանցված աշխատողներից մինչև գյուղատնտեսությամբ զբաղվողների։ Եվ այդ եկամուտները հարկվելու են՝ որոշ բացառություններո՞վ, թե՞ համատարած, առայժմ հայտնի չէ։  

Այդպիսով, ուշագրավ փոփոխություն է սպասվում, սակայն մեզ շատ բան հայտնի չէ, թե ի՞նչ մեխանիզմներով կգործի այս համակարգը, երբվանի՞ց, կավելացնի՞ քաղաքացիների հարկային բեռը, թե՞ ոչ։ Համատարած հայտարարագրման համակարգը ներդնելու մասին նախագիծը մշակում է Ֆինանսների նախարարությունը, որն առայժմ չի շտապում մանրամասներ հայտնել։ Մինչ նախարարությունը կբացի փակագծերը, «Հետքը» տնտեսագետների ու փորձագետների օգնությամբ փորձել է հասկանալ՝ պատրա՞ստ է արդյոք Հայաստանն այս փոփոխությանը և ինչպե՞ս պետք է ներդնել այս համակարգը, որ այն լրացուցիչ գլխացավանք չդառնա քաղաքացիների համար։

Համատարած հայտարարագրման համակարգը գործում է աշխարհի մի շարք երկրներում։ Հայաստանում այն ներդնելը հեշտ չի լինելու։ Իսկ դրա արդյունավետությունը մեծամասամբ կախված է լինելու նրանից, թե իշխանություններն հիմնական ի՞նչ նպատակներ են հետապնդում այս համակարգը ներդնելով։ Նպատակները մի քանիսն են լինում՝ քաղաքացիներից հավաքվող հարկերի ավելացում,  եկամտի պրոգրեսիվ հարկում, ստվերային տնտեսության կրճատում, բնակչության սոցիալական վիճակը գնահատելու համար անհրաժեշտ տվյալների բազայի հավաքագրում և այլն։ 

Այս համակարգի ներդրումը կարող է ինչպես հեշտացնել մարդկանց կյանքը, օրինակ՝ հնարավորություն տալով քաղաքացուն իր վճարած եկամտային  հարկի հաշվին անվճար օգտվել տարբեր ծառայություններից ու արտոնություններից, այնպես էլ՝ ավելի սրել որոշ քաղաքացիների սոցիալական վիճակը։ Կրկին ամեն ինչ կախված է համակարգի կիրառումից՝ սկսած բովանդակային մասից մինչև տեխնիկական։ Մեծ խնդիր է բնակչության ֆինանսական գրագիտությունն, աղքատության բարձր մակարդակը (վերջին տվյալներով՝ 23.5%, 2018թ.) և այլն։

Հայաստանում համատարած հայատարարագրման համակարգը ներդնելու գաղափարը նոր չէ. այն ավելի խոր արմատներ ունի։ Դեռևս նախկին իշխանությունների ժամանակ այս գաղափարն առաջ են քաշել տարբեր տարիների տնտեսական բլոկում պետական պաշտոններ զբաղեցրած Վաչե Գաբրիելյանը, Վարդան Արամյանը, Դավիթ Անանյանը և այլք։ 

«Յուրաքանչյուր ռեֆորմի հիմքում կարևորը ոչ միայն գաղափարն է, այլև՝ կիրառումը»

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը համարում է, որ եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրումը պարտադիր է, եթե Հայաստանն ուզում է եկամուտների արդյունավետ վերաբաշխում անել սոցիալապես բարձր խավի քաղաքացիներից դեպի ավելի ցածր խավի։ Սա հարկային պատասխանատվության նոր մշակույթ է ձևավորելու, երբ եկամտային հարկով փաստացի հարկվեն  ոչ միայն  աշխատավարձը, այլև՝ եկամտի այլ տարրերը։ 

Արամյանը նշում  է, որ համատարած հայտարարագրման գաղափարը ճիշտ է, սակայն շեշտում է՝ պետք է այն նաև ճիշտ կիրառել, հաշվի առնել Հայաստանի քաղաքացիների ֆինանսական գրագիտության մակարդակը, սոցիալական վիճակն ու տնտեսության առանձնահատկությունները։

«Դեռևս 2008-2009 թվականներին ես փորձում էի առաջ տանել այն մոտեցումը, որ ֆիզիկական անձը ինքը պետք է պատասխանատվություն կրի իր եկամուտների և վճարելիք հարկերի համար ու հայտարարագիր ներկայացնի։ Մինչդեռ այսօր դա դրված է գործատուի ուսերին։ Հայաստանում եկամտային հարկ ներկայում հավաքագրվում է հիմնականում աշխատավարձից, իսկ եկամտի մյուս տեսակներից, օրինակ՝ վարձակալությունից ստացված եկամուտներից հարկեր գրեթե չեն հավաքագրվում։ Հենց դա է այսօրվա հարկային գործակալների միջոցով եկամտային հարկ հավաքագրելու հիմնական թերությունը։ Արդար չէ, երբ մարդը մի քանի հարյուր հազար դոլարանոց տարածքներ է վարձով տալիս, հսկայական եկամուտ է ստանում, բայց հարկ չի տալիս։ Այդ դեպքում տնտեսական աճից ավելի շատ օգվում են միջին և միջինից բարձր խավի մարդիկ, քան ցածր խավի։ Հետևապես, եթե պետությունը ոչինչ չանի, այս երևույթն ավելի է խորանալու։ Մեկ հոգու ձեռքում գտնվող 1 մլն դոլարը լրիվ այլ տնտեսական էֆեկտ է ունենում, քան երբ այդ 1 մլն դոլարը գտնվում է 100 կամ 1000 հոգու ձեռքերում։ Դրա համար էլ պետությունը փորձում է հարկային ու ծախսային քաղաքականությամբ եկամուտների վերաբաշխումն ապահովել, իսկ դրա արդյունավետության ուժեղացման գործիքներից մեկն էլ եկամուտների համատարած հայտարարագրումն է»,- «Հետքի» հետ զրույցում նշեց Վարդան Արամյանը։

Երբ Հայաստանում ներդրվում էր համահարթ եկամտային հարկը (հարկի դրույքաչափը՝ 23%), որը սկսեց գործել այս տարվա հունվարի մեկից, այսօրվա իշխանությունները հայտարարեցին, որ եկամուտների հարկման պրոգրեսիվությունը կապահովեն գույքահարկի ու համատարած հայտարարագրման մեխանիզմների շնորհիվ։ Այսինքն՝ այդ երկու համակարգերը թույլ կտան ավելի շատ եկամուտ ստացողներին ավելի շատ հարկել։ 

Վարդան Արամյանը համարում է, որ գույքահարկի նոր  նախագիծը որոշ բարելավումների կարիք ունի և պետք է հաշվի առնել բնակչության սոցիալական վիճակի առանձնահատկությունները։ Ըստ նրա՝ այդ առանձնահատկությունները պետք է հաշվի առնվեն ոչ միայն գույքահարկի պարագայում, այլև՝ համատարած հայտարարագրման ինստիտուտը ներդնելիս։ 

«Եթե մենք ուզում ենք իրականում անցում կատարել աշխատավարձի հարկումից ամբողջ եկամտի հարկման, եթե մենք ուզում ենք իրապես կարողանալ հարկեր հավաքել ոչ միայն աշխատավարձից, այլև՝ այլ եկամուտներից, եթե մենք ուզում ենք եկամուտների արդյունավետ վերաբաշխում անել, ուրեմն հայտարարագրման ինստիտուտն անխուսափելի է։ Դրանով բարձրացվելու է յուրաքանչյուր անհատի հարկային պատասխանատվությունը։ Դա բոլորովին նոր մշակույթ կլինի մեր իրականության մեջ»,- նշում է Արամյանը։

Այս համակարգը ներդնելու համար, ըստ նրա, հարկավոր է ինչպես քաղաքական կամք, այնպես էլ՝ հստակ ռազմավարություն այն կիրառելու վերաբերյալ, փուլերի հստակ հաջորդականությամբ։ Սա պահանջելու է որոշակի  ֆինանսական գրագիտություն։ Կարող է մեծ խնդիր առաջանել, եթե որոշվի միանգամից բոլորի համար սահմանել հայտարարագրման պարտադիր պահանջ, որովհետև մեր հանրության կրթական ցենզը բավականին ցածր է։ Եթե սա հաշվի չառնվի, ամեն ինչ ձախողվելու է ի սկզբանե։

«Պետք է գաղափարները ճիշտ կիրառել։ Յուրքանչյուր ռեֆորմի հիմքում կարևոր է ոչ միայն գաղափարը, այլև՝  կիրառումը։ Միգուցե, վերցնենք մի մոդել, որը ԱՄՆ-ում կամ այլ երկրում լավ աշխատի, բայց մեզ մոտ՝ Հայաստանում դա ձախողվի։ Ճիշտ է, որ եկամուտ ստացող ցանցացած անձ հայտարարագրի իր եկամուտը, բայց պետք է որոշակի շեմեր սահմանվեն հարկվելու համար։ Պետք է մեր բնակչության, տնտեսության ու եկամուտների առանձնահատկությունները անպայման հաշվի առնվեն»,- ասում է ֆինանսների նախկին նախարարը։

Սովորաբար, երբ հայտարարագրման ինստիտուտը ներդրվում է, նաև «տրվում են որոշակի կոնֆետներ»։ Դրանք լինում են սոցիալական որոշակի ծախսեր, որոնք կատարվում են քաղաքացու հարկային բազայից։ Վարդան Արամյանը որպես օրինակ է նեկայացնում առաջնային շուկայից գնվող բնակարանների հիպոթեքային վարկին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը՝ թեև համարում է, որ այսօր այն այս տեմպերով գործարկելը նպատակահարմար չէ այլևս, քանի որ բյուջեից մեծ գումարներ է խլում։ 

Ըստ Արամյանի՝ պետք է ոչ թե ամբողջ եկամտային հարկը վերադարձնել, որից բյուջեն կտուժի, այլ՝ թույլատրել քաղաքացուն իր հարկման բազայից նվազեցնել ծախսերը, ինչպիսիք են ուսման վարձերը, առողջապահական և այլն ծախսերը։ Սրանով նաև սոցիալական խնդիր է լուծվում։ 

Եկամուտների համատարած հայտարարագրման համակարգը Հայաստանում շատ է քննադատվում հատկապես արտասահմանից Հայաստան դրամական փոխանցումները հարկելու հավանականության համար։ 

«Սրա լուծումը շատ պարզ է, տրանսֆերտները պետք է չհարկվեն, որովհետև դրանք համարվում են չհարկվող եկամուտ։ Ռիսկեր կան, որ շատերը իրենց եկամուտները դրամական նվիրատվություն կներկայացնեն։ Բայց, եթե պետությունը պարզեց, որ իրենց հայտարարագրածով պետության հետ անկեղծ չեն, ապա նրանք կենթարկվեն պատասխանատվության։ Սկզբում այդպես էլ կլինի. ոմանք կսկսեն կեղծ հայտարարագիր ներկայացնել, բայց երբ օրերից մի օր հարկայինը դուռը թակի ու տուգանի, ապա քաղաքացիները պատասխանատվություն կկրեն ու կսկսեն նորմալ լրացնել։ Պետք է խիստ վերահսկել ինչպես շարքային քաղաքացիների, այնպես էլ՝ պետական պաշտոն զբաղեցնողների հայտարարագրերը»,- կարծում է Արամյանը։ 

Ֆինանսների նախկին նախարարի  խոսքով՝ Հայաստանի քաղաքացիներն այսօր  պատրաստ չեն միանգամից անցնել համատարած հայտարարագրման՝ թե՛ ֆինանսական գրագիտության մակարդակից, թե՛ սոցիալական վիճակից ելնելով։ Նա առաջարկում է եկամուտների համատարած հայտարարագրման համակարգը փուլ առ փուլ ներդնել՝ սկզբում ընտրելով քաղաքացիների որոշակի շրջանակ կամ ոլորտ, որի ֆինանսական գրագիտությունն  ավելի բարձր է, նրանց համար դարձնել պարտադիր։ Հետո նաև մյուս քաղաքացիներին  նախապատրաստել այս համակարգին։ 

Ըստ Վարդան Արամյանի, բոլոր դեպքերում, այս համակարգի ներդրմամբ լրացուցիչ հարկային եկամուտներ կապահովվեն պետբյուջեի համար, սակայն պետք է համակարգն այնպես մշակել ու կիրառել, որ այդ լրացուցիչ հարկերը սոցիալապես ցածր խավի գրպանից չգոյանան։ 

«Եթե, նույնիսկ, այսօր սկսվի համատարած հայտարարագրման  ներդրման գործընթացը, ապա չենք կարող ակնկալել, որ 2022 թվականից շուտ այն կկիրառվի»

ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը ևս կողմ է Հայաստանում համատարած հայտարարագրման համակարգի ներդրման գաղափարին, սակայն շեշտում է, որ այն պետք է այնպես մշակել, որ չհանգեցնի քաղաքացիների համար հարկային բեռի ավելացման։ Իսկ եթե սա տանելու է հարկային բեռի ավելացման, ապա հիմա այն ներդնելը նպատակահարմար չէ։ 

«Դա դեռ պետք է հասկանալ։ Այստեղ հիմնական ռիսկային խումբը հանդիսանում են այն մարդիկ, ովքեր դրսում եկամուտներ են ստանում և ուղարկում Հայաստան։ Նրանք այստեղ որևէ հարկ չեն վճարում։ Նույնիսկ, այսօրվա գործող օրենքով նախատեսվում է, որ դրսում վճարած հարկի և Հայաստանում սահմանված եկամտային հարկի տարբերությունը Հայաստանում վճարվի։ Բայց դա այսօր ոչ ոք չի անում կամ շատ քչերն են անում»,- նշում է տնտեսագետը։

Հայկազ Ֆանյանը կարծում է, որ Հայաստանի կառավարությունը պետք է օգտվի հարկերի կրկնակի բացառման մեխանիզմից այս մարդկանց հանգստացնելու համար։ Նա նշում է, որ իշխանությունները հայտարարում են, որ այս նախագծով իրենք հարկային բեռ ավելացնելու խնդիր չունեն, այլ՝ փորձում են գույքագրել, հասկանալ, թե ով ինչքան եկամուտ ունի, որ հետագայում, երբ աջակցության հարց առաջանա, կարողանան այդ աջակցությունը թիրախային տրամադրել։ Այդ դեպքում, ըստ տնտեսագետի, ավելի նպատակահարմար կլինի փոփոխություն անել Հարկային օրենսգրքում և ԵԱՏՄ տարածքում գործող աղբյուրներից ստացվող եկամուտների հարկումը ուղղակի բացառել. «Դա լրացուցիչ խթան կհանդիսանա, որ մարդիկ իրենց եկամուտները հայտարարագրեն։ Պետությունը նշված գումարներից հարկեր ստանում է, երբ նույն մարդիկ հայրենիքում շինարարություն են կատարում, ծախսերից են հարկեր տալիս»։

Ֆանյանը վստահ է, որ եթե, նույնիսկ, այսօր սկսվի համատարած հայտարարագրման  ներդրման գործընթացը, ապա չենք կարող ակնկալել, որ 2022 թվականից շուտ այն կկիրառվի։ Այդ համակարգը ենթադրում է լուրջ տեխնիկական հագեցվածություն։ 

«Ես կողմ եմ, որ բոլորը լրացնեն հայտարարագիր ներկայացնեն։ Շատերը կարծիք են հայտնում, որ ինչ-որ մի սահմանից բարձր եկամուտների դեպքում նոր հայտարարագիր ներկայացնի քաղաքացին։ Բայց եթե մեր  նպատակն է դաշտի իրավիճակը հասկանալը, ապա դա պետք է բոլորը լրացնեն։ Պետք է միաջզագային համապատասխան փորձն ուսումնասիրել՝ հասկանալու, թե ինչպես օգնել այն  մարդկանց, ովքեր ֆինանսական գրագիտության և այլ պատճառներով խնդիր են ունենալու հայտարարագիրը լրացնելիս։ Օրինակ՝ ԱՄՆ-ում եկատուների համատարած հայտարարագրում է իրականացվում։ Բնականաբար, այնտեղ էլ կան մարդիկ, ովքեր դժվարություններ են ունենում։ Այդ մասով, ամեն ինչին էլ լուծում կա»,- ասում է տնտեսագետը։ 

Թե ինչ առավելություններ կունենան քաղաքացիները, երբ սկսեն համատարած հայտարարագրել իրենց եկամուտները, դեռևս հայտնի չէ։ Առավելություններից մեկը կարող է լինել այն, որ քաղաքացիները, հայտարարագրելով ոչ միայն եկամուտները, այլև՝ ծախսերը, կարողնան իրենց վճարած հարկերի հաշվին որոշ ծախսեր նվազեցնել։ Ինչպես նշվեց, այսօր արդեն իսկ նման փորձ կա Հայաստանում՝ քաղաքացիները կարողանում են հետ ստանալ իրենց եկամտային հարկը, եթե կառուցապատողներից հիպոթեքով բնակարան են գնել։ Եկամտային հարկն այս դեպքում ուղղվում է հիպոթեքային վարկի տոկոսները մարելուն։

«Դա թույլ է տալու որոշ ծախսերի գծով նվազեցումներ իրականացնել՝ վճարված հարկերի հաշվին։ Մեզ մոտ նմանատիպ լավագույն օրինակը եկամտային հարկի հաշվին առաջնային շուկայից ձեռք բերվող անշարժ գույքի հիպոթեքային վարկի տոկոսների մարման ծրագիրն է։ Շատերը, ցանկանալով օգտվել այս ծրագրից, իրենց գործատուներից պահանջում են, որ իրենց ամբողջ աշխատավարձը ցույց տան պաշտոնական փաստաթղթերով, որպեսզի եկամտային հարկը հնարավորինս բարձր լինի և դրանով կարողնան իրենց հիպոթեքային վարկից նվազեցումներ անել։ Այսինք ՝ մենք արդեն ունենք այդ փորձը, որը միանշանակ դրական փոփոխություն է արձանագրել»,- նշում է Հայկազ Ֆանյանը։ 

Ըստ Հայկազ Ֆանյանի՝ պետությունը ունի պարտավորություններ առողջապահական համակարգի, կրթական և այլ ոլորտներում, սակայն եկամուտների սահմանափակվածության պատճառով չի կարողանում դա լիարժեք իրականացնել։ Լավ կլինի, որ համապատասխան եկամուտների մի մասն ուղղվի, օրինակ, կրթության հետ կապված ծախսերի փոխհատուցմանը, առողջապահական ծախսերին և այլն. «Եվ դրան զուգահեռ էլ կարելի է ներդնել պարտադիր բժշկական ապահովագրությունը։ Այսինք ՝ մենք մեր վճարած եկամտային հարկի հաշվին կարող ենք  օգտվել պարտադիր բժշկական ապահովագրությունից։ Եթե նվազեցումների մեխանիզմը գործի, մարդիկ իրենք էլ շահագրգռված կլինեն հայտարարագրել իրենց եկամուտներն ու ծախսերը։ Այստեղ ստվերի կրճատումը ոչ է հիմնական նպատակն է, այլ՝ երկրորդականը։ Առաջնային մարդկանց  սոցիալական իրավիճակը պատկերացնելն է։ Մոտիվացիայի մեխանիզմը փոխհատուցման մեխանիզմն է»։ 

Եկամուտների համատարած հայտարարագրմանը զուգահեռ ծախսերի հայտարարագրման մասին է խոսել նաև ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյան։ Իր ֆեյսբուքյան գրառման մեջ պատգամավորը նշել է, որ ընդդիմադիր գործընկերներից մեկը կարծիք է հայտնել, որ եկամուտների հայտարարագրմանը զուգահեռ՝ պետք է լինի նաև ծախսերի հայտարարագրում։ 

Ըստ Թունյանի՝ այժմ քննարկվող տարբերակը հենց այդպիսին է։ Համակարգը ունենալու է նաև, այսպես կոչված, սոցիալական կրեդիտների համակարգ։ Դա նշանակում է, որ կլինեն ուղղություններ (օրինակ՝ ուսման վարձ, կամ առողջության ապահովագրություն), որոնց վրա կատարված ծախսերը կհանվեն հարկման բազայից։ Այսինքն, քաղաքացին, եկամտային հարկը վճարելուց հետ, երբ հայտարարագիրը կլրացնի ու նման ծախսերը ցույց կտա, պետությունից հետ կստանա  այդ ծախսերի չափով հարկին համապատասխան գումար։

Պատգամավորի խոսքով՝ կլինեն նաև այլ, բավականին հետաքրքիր և կարևոր, սոցիալական արդարության և այլ խնդիրների լուծմանը միտված մեխանիզմներ։

«Եկամուտների հայտարարագրման համակարգից մեր համաքաղաքացիները ոչ թե տուժելու են, այլ շահած են դուրս գալու»,- գրել է Բաբկեն Թունյանը։

«Այս համակարգով փորձ է արվում մեծացնել բյուջեի մուտքերը»

Լուսանկարը՝ tert.am-ի

Տնտեագետ, Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը կարծում է ներկայում համատարած հայտարարագրման համակարգի ներդմամբ իշխանությունները փորձում են ավելացնել բյուջեի մուտքերը, քանի որ տնտեսության անկման պայմաններում բյուջեն խնդիրների առաջ է կանգնած, հարկեր քիչ են հավաքվում։ Սակայն, ըստ տնտեսագետի, հիմա հարկային բեռը բարձրացնելու լավագույն ժամանակը չէ և ավելի նպատակահարմար կլիներ համակարգի ներդրումը, գոնե, մեկ տարով հետաձգելը, երբ տնտեսությունը սկսի կայուն աճի միտումներ ցույց տալ։

«Նախորդ տարվա բյուջեում մեծ դեր են խաղացել մեքենաների ներկրումից ստացված եկամուտները, այստեղ բյուջեի եկամուտների երկրորդական նվազեցման աղբյուր կա։ Դեռևս 2018 թվականի վերջերից էր խոսվում այն մասին, որ Հայաստանում 2021 թվականից կարող է գործել  համատարած  հայտարարագրման համակարգը։ Հիմա հարկային բեռը բարձրացնելը սխալ է, տնտեսական կորուստներ ունենք»,- նշում է Հրանտ Միքայելյանը։

Բացի հարկայի բեռի ավելացման ռիսկից, նա ևս խնդիրներ է տեսնում բնակչության ֆինանսական գրագիտության հարցում, որը էական խոչընդոտ է լինելու հայտարարագրի լրացման, համակարգի էությունը ընկալելու հարցում։ 

 «ՊԵԿ-ը կատարել է բավականին մեծ աշխատանք այս համակարգին անցնելու համար, բայց իմ կարծիքով դեռ շուտ է, որովհետև նախ բնակչության ֆինանսական գրագիտությունը բավարար մակարդակում չէ, մոտիվացիայի պակաս կա։ Ստվերի դմ պայքարի հիմնական նպատկը միշտ հարկերի հավաքագրումն է։  Նույնիսկ, եթե դա ամբողջությամբ կատարվի, բյուջեի մուտքերի ծավալն էապես չի աճի, միայն թափանցիկությունը կբարձրանա, որն էլ իր հերթին կարևոր է։ Գուցե  0.3-0.5 տոկոսային կետով բարձրանա հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը»,- նշում է տնտեսագետները։

Նա ևս կարծում է, որ արտասահմանից Հայաստանի ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները՝ տրանսֆերտները, հարկելը ի սկզբանե սխալ կլինի։ Նա նկատում է, որ վերջին 20 տարում միշտ էլ իշխանությունների շրջանում գայթակղություն է եղել հարկելու տարնսֆերտները, բայց այդ փողին պետք չի «կպնել», որովհետև դրա անուղղակի արդյունքներն ավելի բացասական կլինեն։ 

Պետք է հաշվի առնել նաև գույքահարկի սպասվող փոփոխությունները։ Այստեղ էլ հարկային բեռն ավելանում է։ Հրանտ Միքայելյանը կարծում է, որ ընդհանուր առմամբ գույքահարկը բարձրացնելը ճիշտ է և վաղուց էր պետք։ Բայց այդ աճի չափն ավելի մեծ է, քան այսօրվա դրությամբ կարելի էր արդարացված համարել։ 

«Բոլոր հնարավոր միջոցներով պետք է նախապատրաստել մարդկանց հայտարարագիր լրացնելուն։ Քաղաքական գործիչները պետք է առաջնային լրացնեն։ Իսկ այս տարի մենք տեսանք բավական մեծ ուշացում։ Շատ կարևոր է, թե նույն պատգամավորները ինչ օրինակ են ծառայում։ Պետությունը, մեծ հաշվով, ուզում է վերաբաշխողական դեր խաղալ։ Պետք է նախ տնտեսությունը այդ գումարն աշխատի։ Գուցե, ճիշտ կլիներ մեկ տարով հետաձգել համատարած հայտարարագրման համակարգի ներդրումը»,- ասում է Հրանտ Միքայելյանը։

«Տեխնիական մասը միանգամայն լուծելի հարց է»

ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օսիպյանը ծրագրավորողներից հետաքրքրվել և պարզել է, որ համատարած հայտարարագրման ներդրումը տեխնիկակապես լուծելի հարց է։ Մասնագետները կարող են մշակել ու ապահովել ծրագիր, որով հնարավոր կլինի առցանց ներկայացնել հայտարարագրերը։ Այլ հարց է՝ բովանդակային մասը և թե որքանով է Հայաստանն այսօր պատրաստ այս համակարգին անցնելուն։

Օսիպյանը շեշտում է, որ հայտարագրման գաղափարը վաղուց կա, բայց կառավարությունն անընդհատ հետաձգել է։ Ոչ պոպուլյար քայլ է։

«Երբ գաղափարի մասին տեղեկությունը տարածեցի իմ ֆեյսբուքյան էջում, բավականին բացասական արձագանքներ ստացա իմ ընկերներից։ Կա ինֆորմացիայի ոչ հստակություն։ Կառավարությունը պետք է իրազեկի։ Մարդիկ, ովքեր բողոքում են հանընդհանուր հայտարարագրումից, նաև բողոքում են, որ մեր առողջապահական համակարգը լավը չէ։ Բայց չէ՞, որ պետությունը պետք է ռեսուրս ունենա առողջապահական համակարգը բարելավելու համար։ Բողոքողները նշում են, որ ցածր աշխատավարձ ստացողները չպետք է հարկվեն։ Պետք է լինեն համակարգված, հստակ հաշվարկված որոշումներ։ Ընդ որում՝ սա շատ կարևոր է նաև հոգեբանական տեսանկյունից, երբ գործատուն աշխատակցի հետ պայմանավորվում է մաքուր աշխատավարձի շուրջ ու երբ գրանցում է նրան, սկսում է աշխատողի եկամտային և մյուս հարկերն էլ գրանցել ու ներկայացնում է դա որպես լավություն»,- ասում է Ռուբեն Օսիպյանը։ 

Ըստ նրա՝ երբ քաղաքացին ինքն իր գրպանից կհաշվի այդ հարկերը և կվճարի պետությանը,  նաև կհետևի, որ պետության կողմից իրեն մատուցվող ծառայությունները պատշաճ լինեն. «Մարդիկ տեր կկանգնեն իրենց տված հարկերին և բարձր որակ կպահանջեն։ Մարդիկ կկարողանան ավելի ճկուն լինել»։ 

Անդրադառնալով հարցին՝ Հայաստանի քաղաքացիները այսօր պատրա՞ստ են լրացուցիչ հարկեր վճարել, Ռուբեն Օսիպյանը նշում է, որ եթե կառավարության կողմից կա քաղաքական կամք չվնասելու մարդկանց, այլ իսկապես լավ ու արդյունավետ համակարգ ներդնելու, ապա իրենք հաստատ այդտեղ լուծում կգտնեն և քաղաքացիներն էլ կընդունեն այս համակարգը։

«Ես Հարկային օրենսգրքի մասնագետ չեմ, բայց գրեթե վստահ եմ, որ օրենքը կարող է թույլ տալ չհարկել տրանսֆերտները։ Դրսից եկող տրանսֆերտը կնշանակի, որ բարեկամը իր բարեկամին նվեր է տալիս այդ գումարը։ Իսկ նվիրատվությունը չպետք է հարկվի։  Շատ բողոքներ եմ լսում ֆրիլանսերներից, ովքեր այսօր օն-լայն աշխատում են և դրսից գումար են ստանում, օրինակ՝ ծրագրավորողները։ Նրանք այդ գումարների համար հարկ չեն մուծում։ Օրինակ են բերում, որ մարդը, որն աշխատում է և դրսից, ասենք, 2  հազար դոլար է ստանում ամսական, այստեղ չի ցանկանա հարկվել ու կգնա, արտասահմանու  կապրի։ Բայց եթե գնաց արտասահման, այնտեղ է այդ բոլոր հարկերը վճարելու, դեռ մի բան էլ՝ ավելին։ Իսկ ո՞վ է ասել, որ ֆրիլանսերները չպետք է այստեղ հարկ վճարեն, իսկ այստեղ գրանցված բարեխիղճ աշխատողները պետք է գրանցեն»,-նշում էՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օսիպյանը։ 

Նա ևս առաջարկում է ոչ թե միանգամից ներդնել համատարած հայտարարագրման համակարգը, այլ՝  ստիճանաբար։ Դա կարող է լինել մեկ ընկերության կամ մեկ ոլորտի օրինակով։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter