
Ոստիկանության 199 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով. մահացել է Մարտունու անձնագրային բաժանմունքի պետը
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ կորոնավիրուսից մահացել է Մարտունու անձնագրային բաժնի պետը:
«Այսօր խորը վշտով տեղեկացա, որ կյանքից հեռացել է Մարտունու անձնագրայինի պետը, բոլորիս կողմից սիրված, հարգված մեր ՍԱՐՈՆ, պատճառը՝ չարաբաստիկ կորոնավիրուսը»,- գրել է Մ. Բիչախչյանը:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից «Հետք»-ին տեղեկացրել են, որ այս տարվա մարտի 23-ից ոստիկանության ստորաբաժանումներում արձանագրվել է նոր կորոնավիրուսային վարակման 199 հիվանդության դեպք, որից 84-ը՝ առողջացած:
Ինքնամեկուսացվել է ոստիկանության 519 աշխատակից: Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացված է 90 աշխատակից։ Նշենք, որ ընդհանուր թեստավորվել է 427 աշխատակից։
8 օրվա ընթացքում ոստիկանության 59 աշխատակից է վարակվել, և առողջացել 25-ը:
Ոստիկանության բժշկական վարչության հիգիենիկ հակահամաճարակային կենտրոնի կողմից, հունիսի 17-ի դրությամբ հայտնաբերվել և գրանցվել էր կորոնավիրուս ախտորոշում ունեցող ոստիկանության 140 ծառայող։ Այդ ժամանակ վարակված ծառայողներից 59-ը առողջացել էր: Որպես սերտ կոնտակտավոր ինքնամեկուսացվել էր ոստիկանության 423 ծառայող, որոնցից ինքնամեկուսացման մեջ էր 114-ը։
Ոստիկանությունը, հղում կատարելով իրավական ակտերին, չի մանրամասնում, թե որ ստորաբաժանման աշխատակիցներն են վարակվել կորոնավիրուսով կամ որպես կոնտակտավոր՝ մեկուսացվել:
Հղում տալով ոստիկանության պետի 2016թ. փետրվարի 29-ի «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունում գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը հաստատելու մասին» թիվ 1-Ն հրամանին՝ հայտնում են, որ «ոստիկանությունում և ենթակա ստորաբաժանումներում օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող ուժերը բացահայտող տեղեկությունները գաղտնի են, ուստի հայցվող տեղեկատվության տրամադրումը ենթակա է մերժման»:
Մեկնաբանել