HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սեքյուրիթի դրիմ»-ի սեփականատերերն ու գործընկերները «Սևան» ազգային պարկի անտառածածկ տարածքներում հանգստի գոտիներ են կառուցելու

Մինչ Կառավարությունը զբաղված է Սևանա լճի ափամերձ` 1905.0 նիշից ցածր հատվածներում գտնվող կառույցներն ու ենթակառուցվածքներն ապամոնտաժելու խնդրով և ծանուցումներ է ուղարկում տարածքների օգտագործողներին, այդ նույն ժամանակահատվածում նոր նախագծեր են ներկայացվում Սևանի նույն նիշի վրա հանգստի գոտիներ կառուցելու համար:

Այս օրերին իրար փոխկապակցված, սակայն երկու տարբեր ընկերություններ, «Սևան» ազգային պարկի հատուկ պահպանվող տարածքներում, որոնք առավելապես ծառապատ են, հանգստի գոտիներ կառուցելու նախագծեր են ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարություն:

Դրանցից մեկը «Դրախտիկա» ՍՊԸ-ն է, որը նախատեսում է քոթեջներից բաղկացած հանգստյան համալիր կառուցել Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղի ափամերձ հատվածում: Տվյալ տարածքը Դրախտիկ գյուղի 1-ին փողոց 62 հողամաս հասցեում է գտնվում:

«Դրախտիկա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004թ. սեպտեմբերի 23-ին: 5 օր անց` սեպտեմբերի 28-ին, ընկերության տնօրենը «Սևան» ազգային պարկի հետ՝ ի դեմս տնօրեն Գագիկ Մարտիրոսյանի, վարձակալության պայմանագիր է կնքել: Որպես հողամասի օգտագործման սահմանափակում՝ պայմանագրում նշվում է, որ արգելվում է կատարել կապիտալ շինարարություն 1908.0 մետրից ցածր նիշում:

1,5 հա տարածքի համար վարձավճար է սահմանվել 120 հազար դրամը:

10 տարի տարածքում գործունեություն չի իրականացվել: Տարածքը, սակայն, առանձնացված է քարե պարիսպով: 2014թ. բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը ստորագրել է ընկերության` շրջակա միջավայրի փորձաքննության դրական եզրակացությունը: Սակայն նախագիծը լրամշակվել է և կրկին ներկայացվել ՇՄՆ:

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ կնքած պայմանագրում հողամասի նկարագիր ենթավերնագրի տակ հստակ նշված է` անտառածածկ տարածք: Մինչդեռ Շրջակա միջավայրի նախարարություն ներկայացված այժմյան նախագծում նշվում է, որ կառուցապատման ենթակա տարածքը մասամբ է անտառածածկ: Անզեն աչքով երևում է, որ տարածքի միայն ձախ հատվածում է նոսրուտ, մնացածում ամբողջությամբ ծառեր կան:  

Ըստ նախագծի՝ նախատեսվող շինարարական աշխատանքների ընթացքում ծառահատում չի իրականացվելու, իրականացվելու է 23 ծառի տեղափոխում, ինչը նախօրոք համաձայնեցվելու է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ: Շինարարական աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է տնկել 43 հատ փշատերև ծառ:

Կառուցապատումը նախատեսվում է իրականացնել Կառավարության 2008թ. դեկտեմբերի 18-ի թիվ 1563-Ն որոշման տեխնիկական բնութագրերի Սևանա լճի կենտրոնական գոտում կառուցապատման համար նախատեսված տարածքների գոտեվորման նախագծի պահանջներին համապատասխան: 1905.0 մ բացարձակ նիշից ցածր տարածքում հիմնական շինություններ չի նախատեսվում: Հողամասի 63.7 % գտնվում է 1905,0 մ բացարձակ նիշից բարձր տարածքում:  Այդուհանդերձ, օգտագործվելու է նաև 1905.0 նիշից ցածր հատվածը` մինչև ափ:

Հիշեցնենք, որ վարչապետի 2019 թվականի ապրիլի 15-ի թիվ 02/12.4/17623 հանձնարարականի հիման «Սևան» ազգային պարկի 1905 մ բացարձակ նիշից ցածր տարածքներում գտնվող շենք-շինությունները և ենթակառուցվածքները ենթակա են ապամոնտաժման:

Այս հողամասի նպատակային նշանակությունը բնապահպանական, գործառնական է՝ հանգստի գոտու կազմակերպման համար:

«Դրախտիկա» ՍՊԸ-ի հանգստյան գոտին բաղկացած է լինելու 9 քոթեջից՝ 92 սենյակային համարով` նախատեսված 216 անձի համար։

Շինարարությունը տևելու է երկու տարի։ 

Շողակաթ (նախկին` Շորժա) համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը 2019 թվականի հունիսի 13-ին «Դրախտիկա» ՍՊԸ-ին տվել է նախագծային թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանքը):

«Դրախտիկա» ՍՊԸ-ն, ՊԵԿ-ի հարկ վճարողների էլեկտրոնային համակարգի համաձայն՝ կառուցապատման նախապատրաստական աշխատանքներով է զբաղվում: Սակայն ընկերության գործունեությունը ժամանակավոր դադարեցված է:

«Դրախտիկա» ՍՊԸ-ն 4 բաժնետեր ունի։ Ընկերության 50 տոկոսը հավասարապես կիսում են ճանապարհային տեսախցիկները սպասարկող «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի հիմնադիր-բաժնետերեր Ալեքսան և Գուրգեն Զաքարյանների կանայք՝ Գայանե Վերդյանը և Կարինե Զաքարյանը։

Հիշեցնենք` Ալեքսան Զաքարյանն անցնում է «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի գործով և մեղադրվում է Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետի և 325-րդ հոդվածի 2-րդ մասով: Խոսքն առանձնապես խոշոր չափի խարդախության և փաստաթղթեր կեղծելու մասին է: Նրան մեկ ամսով կալանավորել, այնուհետև գրավով ազատ էին արձակել: Ինչպես տեղեկացանք Քննչական կոմիտեից, Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունների աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քրեական գործի շրջանակներում 5 անձի՝ «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունների հիմնադիրներին, «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության նախկին տնօրենին և հաշվապահներին, մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով: Պետությանը պատճառված վնասի չափը պարզելու նպատակով նշանակվել է դատահաշվապահական և դատաֆինանսատնտեսագիտական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել: Նախաքննության ընթացքում վերականգնվել է ավելի քան 210 մլն դրամ վնաս: Նախաքննությունը շարունակվում է:

Մնացած 33 տոկոսի բաժնետերը Էդուարդ Գասպարյանն է, ով Երևանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի տնօրենն է եղել 2009-2011թթ․-ին։ Մինչև 2018թ․ դեկտեմբերը Էդուարդ Գասպարյանը բաժնեմաս է ունեցել նաև «Կրեդո» ՍՊԸ-ում, ընտանիքի ու հարազատների հետ համատեղ մասնակցություն ունի նաև «Էգա» ՍՊԸ-ում։

«Դրախտիկա» ՍՊԸ-ի մնացյալ 13 % բաժնեմասը նրա ազգականինն է` Արմեն Գասպարյանինը: Գասպարյանները, ինչպես նաև Էդուարդ Գասպարյանի հասցեում հաշվառված Ալլա Հակոբյանը, նաև «Փոքր կղզի» ՍՊԸ-ի բաժնետերերն են։

Այս ընկերությունն էլ հավակնում է Դրախտիկ գյուղի նույն ափում հարևանությամբ գտնվող էլ ավելի մեծ հատվածում գործունեություն ծավալել, որն ամբողջությամբ ծառապատ է: Այդ մասին հաստատող նշում կա նաև պայմանագրում:

«Փոքր կղզի» ՍՊԸ-ի նախագծով 120 սենյակային համար է նախատեսվում, 560 անձի համար:

Ընկերությունը հիմնադրվել է 2004թ. նոյեմբերի 18-ին: Հաջորդ օրը` նոյեմբերի 19-ին, «Սևան» ազգային պարկի հետ կնքել է 5 հա հողատարածքի վարձակալության պայմանագիր 25 տարի ժամկետով` տարեկան 400 հազար դրամ վարձավճարով: Նույն կադաստրային արժեքն է հաշվարկվել, ինչ «Դրախտիկա» ՍՊԸ-ի վարձակալության պայմանագրում:

Փաստորեն, վարձակալության երկու պայմանագրի ժամկետների արդեն մեծ մասն անցել է, և մնացել է ընդամենը 9 տարի, որից 2 տարին էլ շինարարական աշխատանքների համար է նախատեսված: 

«Փոքր կղզի» ՍՊԸ-ն հանգստի գոտին նախատեսել է կառուցել 3,5 հա տարածքի վրա, Դրախտիկ գյուղի 1-ին փողոց 63, 63/1 հողամաս հասցեում:

Նշվում է, որ նախատեսվող շինարարական աշխատանքները իրականացվելու են ծառերից ազատ տարածքներում (ծառահատում չի իրականացվելու): Սակայն այն հատվածում, որտեղ նախագծված են կառույցները, նույնպես ծառեր կան: Նախագծի հեղինակները հաշվարկել են, որ այնտեղ ընդամենը 50 հատ բոխու ծառ կա, որոնցից 30-ը մնալու է իր տեղում, 20-ը` տեղափոխվելու են: 43 հատ էլ փշատերև նոր ծառ են տնկելու: 

Ընդհանուր 30 քոթեջ է նախատեսվում, սակայն կառույցները բնավ էլ շարժական կոնստրուկցիաներ չեն լինելու: Արտաքին պատերը նախատեսված են կանոնավոր ձևի տուֆ քարերով երեսպատված կոպտատաշ ֆելզիտ քարով, եզրային հատվածներում՝ սրատաշ դարչնագույն «Անի» տուֆ քարով, խարիսխային և հենապատերի հատվածներում` բազալտե խամքարե շարվածք, ներքին պատերն ու միջնորմերը՝ թեթևաբլոկ բետոնե։ Տանիքը նախատեսված է ցինկապատ փոշեներկված մետաղաթիթեղյա կղմիդրանման «Բանգա» տիպի։

«Փոքր կղզի» ՍՊԸ-ն, ի տարբերություն նախորդի, գործող է, զբաղվում է սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների գերակշռությամբ մանրածախ առևտրով ոչ մասնագիտացված խանութներում:

Երկու ընկերություններն էլ դիմել են ՇՄ նախարարություն, որպեսզի նախագծերը փորձաքննության ենթարկվեն և ստանան դրական կամ բացասական եզրակացություն: 

Իսկ մինչ այդ, հուլիսի 3-ին նախատեսված են երկու ընկերությունների` «Դրախտիկա» և«Փոքր Կղզի» ՍՊԸ-ների նախագծերի հանրային երկրորդ քննարկումները Շողակաթ համայնքի վարչական շենքում: 

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Սեանը արդեն իսկ վտանգի տակ է, քանի որ վեր է ածվել կոյուղաջրերի ու կեղտաջրերի ավազանի: Իսկ գործամոլների ախորժակը ոչ մի կերպ չի նվազում: Շատ տարօրինակ ու անհասկանալի է այսպիսի նախագծի թույլատվությունը այս օրերին: Վերը կարդում ենք՝ // համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը 2019 թվականի հունիսի 13-ին «Դրախտիկա» ՍՊԸ-ին տվել է նախագծային թույլտվությունը// Այսինքն որեւէ համայնքի ղեկավար կարող է ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿՈՒՄ կապիտալ շինարարություն թույլատրել (??) Ուրեմն էլ ի՜նչ ՊԱՐԿ կամ ազգային - միջազգային! Փաստորեն, նախկին իրավական անտերանոցը ոնց կար, այնպես էլ շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter