HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ալեքսանդր Ազարյան․ «Ես Հատուկ քննչական ծառայության պետին չեմ վիրավորել, պարզապես իրերը կոչել եմ իրենց անուններով»

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու Արդարադատության նախարարության միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

Մինչ այդ, շուրջ մեկուկես ժամ քննվում էր վերը նշված միջնորդությունը, որի ընթացքում ելույթ ունեցան դատավոր Ալեքսանդր Ազարյանը, նրա ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը, հետո ԲԴԽ անդամներն ու Արդարադության նախարար Ռուստամ Բադասյանը հարցեր ուղղեցին դատավոր Ազարյանին, վերջինիս ներկայացուցչին։

Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հիմքում Արդարադատության նախարարությունը դրել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դատական նիստի ընթացքում դատավոր Ալեքսանդր Ազարյանի հնչեցրած խոսքերը, որոնք Արդարադատության նախարարությունն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը որակում են վերջինիս, ինչպես նաև ՀՔԾ աշխատակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք։

«Հույս ունեի, որ չէիք իջնի ՀՔԾ պետի մակարդակին և չէիք քննադատի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը»։ Քննիչին ուղղված այս արտահայտությունն է արել դատավոր Ալեքսանդր Ազարյանը։ ԲԴԽ նիստի ընթացքում նա բացատրեց, թե ինչ է նկատի ունեցել ու ինչու է նման բան ասել։

Այսօրվա նիստին ներկա էին Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, նույն դատարանի դատավորներ Մխիթար Պապոյանը, Արշակ Վարդանյանը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Դավիթ Բալայանը, Դավիթ Հարությունյանը, Արման Հովհաննիսյանը։ Նիստերի դահլիճում էր նաև Վերաքննիչ քրեական դատարանի նախկին դատավոր Եվա Դարբինյանը, փաստաբաններ։

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով նախորդ դատական նիստն ընդհատվել էր այն պահից, երբ պետք է ելույթ ունենային դատավոր Ազարյանն ու նրա ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը։

«Սա պարզապես ցանկություն է՝ պարոն Ազարյանի վրա ճնշում գործադրելու, նրանից վրեժխնդիր լինելու»

Տիգրան Աթանեսյանն իր ելույթում նշեց, որ իր և իր վստահորդի խորին համոզմամբ՝ այս կարգապահական վարույթը չի սահմանափակվում դատական նիստի ընթացքում դատավորի կողմից արված այս կամ այն արտահայտություն անելու հիմքով, որ վարույթի հիմքում ավելի մեծ պատմություն է, ինչն  այս վարույթը դարձնում է անկախ դատական համակարգի նկատմամբ ճնման փորձ:

Տիգրան Աթանեսյանը հիշեցրեց, որ 2018 թվականի օգոստոս ամսին դատավոր Ազարյանը ազատ է արձակել Հայաստանի երկրորդ նախագահ, կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանին, որից հետո ՀՔԾ պետ Սասուն Խաչատրանն, անգամ առանց դատարանի որոշման տեքստին ծանոթանալու, դատավորի կայացրած որոշումը որակել է ակնհայտ ապօրինի, քննադատել Ալեքսանդր Ազարյանին, ինչին հետևել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, որտեղ ևս բացասական գնահատականներ են տրվել դատական համակարգին։

«Պարոն Ազարյանը ստիպված էր միայնակ պատասխանել այդ բոլոր մեղադրանքներին և այդ, այսպես կոչված, միջադեպից հետո սկսվեց Ալեքսանդր Ազարյան-Հատուկ քննչական ծառայություն ոչ մի կերպ օրենքի տառի մեջ չտեղավորվող «մենամարտը»,- ասաց Տիգրան Աթանեսյանն ու պարզաբանեց, որ այդ ժամանակաշրջանից ի վեր Հատուկ  քննչական ծառայության քննիչները մինչդատական վարույթի բոլոր գործերով ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացնում դատավոր Ալեքսանդր Ազարյանին՝ պատճառաբանությամբ, որ Ազարյանը կանխակալ վերաբերմունք ունի իրենց ծառայության պետի նկատմամբ, և, հետևաբար, չի կարող լինել անկողմնակալ դատավոր: Աթանեսյանը նշեց, որ քննիչների այս պնդումն իրականությանը չի համապատասխանում։

«Վերջին երկու տարվա մեջ, այսինքն՝ Քոչարյանի որոշումից հետո, պարոն Ազարյանի կողմից կայացված և հետագայում օրինական ուժի մեջ մտած 7 դատական  ակտով կայացվել է որոշում, որոնցով փոփոխվել են առաջին ատյանի դատարանի որոշումները՝ ի հակառակ ՀՔԾ դիրքորոշման, 3 դատական ակտով անփոփոխ են թողնվել առաջին ատյանի դատարանի որոշումները՝ հօգուտ ՀՔԾ-ի դիրքորոշման, ունենք նաև ակտեր, որոնցով բեկանվել են առաջին ատյանի դատարանի որոշումները, բայց ոչ թե ՀՔԾ-ի դիրքորոշմանը հակառակ, այլ որովհետև  դրանք չեն պատճառաբանվել առաջին ատյանի դատարանի կողմից»,- ասաց Աթանեսյանը։

Վերջինս նշեց, որ դատավորը չի կարող և իրավունք չունի ունենալ կանխակալ դիրքորոշում մի ամբողջ ինստիտուտի նկատմամբ։

«Խնդիրն այն է, որ Հատուկ քննչական ծառայությունը պարզապես դժգոհ է մնացել երկու տարի առաջ կայացված այդ որոշումից»,- ասաց Տիգրան Աթանեսյանը։

Վերջինս նշեց, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության հաղորդումը, որը ներկայացվել է Արդարադատության նախարարությանը, բավականին բազմադրվագ է և, որ դրա շատ դրվագներ Արդարադատության նախարարությունը չի դիտարկել որպես կարգապահական վարույթ հարուցելու հիմք, սակայն այդ բազմաբովանդակ դրվագների վկայակոչումն, ըստ Աթանեսյանի, ավելի ակնհայտ է դարձնում Ազարյանին, այսպես ասած, պատժելու ՀՔԾ-ի միտումը։

«Սա պարզապես ցանկություն է՝ պարոն Ազարյանի վրա ճնշում գործադրելու, նրանից վրեժխնդիր լինելու։ Բացարձակ չեմ հասկանում․ պետական մարմինը դատավորից վրեժխնդիր լինի․ գուցե անթույլատրելի, անհամատեղելի արտահայտություն է, բայց, ցավոք  սրտի, իրողություն է, որի համար մենք այսօր այստեղ ենք»,- ասաց Տիգրան Աթանեսյանը։

Նախքան կարգապահական պատասխանատվության հարցով Արդարադատության նախարարության՝ Բարձրագույն դատական խորհրդին դիմելը դատավոր Ալեքսանդր Ազարյանը իրավունք ուներ բացատրություն տալ նախարարությունում։ Արդարադատության նախարարությունն ասում է, որ Ազարյանը հրաժարվել է բացատրություն տալ։ Տիգրան Աթանեսյանն այսօր իր ելույթում պարզաբանեց, որ դատավորը ոչ թե հրաժարվել է բացատրություն տալուց, այլ հնարավորություն չի ունեցել օգտվելու իր այդ իրավունքից, քանի որ իրեն հստակ չի պարզաբանվել, թե ինչում է մեղադրվում.

«Հարգելի պարոն նախարարի կայացրած որոշումը օրինակ է իրավական անորոշության, անհասկանալի է՝ ինչի մասին է, կոնկրետ որ արարքը, վարքագծի որ դրույթն է խախտում»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ իրենք միջնորդությամբ դիմել են նախարարությանը, որ այս հարցը պարզաբանվի, սակայն միջնորդության պատասխանը ևս անորոշ է եղել։

Փաստաբանը նշեց, որ նախարարի՝ ԲԴԽ-ին ներկայացված միջնորդությունը ստանալուց հետո իրենց «մի կերպ» հաջողվել է հասկանալ, թե ինչում են մեղադրում դատավոր Ազարյանին։

Ըստ Տիգրան Աթանեսյանի՝ դատավոր Ազարյանը դատական նիստի ընթացքում ասել է, որ «հույս ուներ՝ քննիչը չէր իջնի ՀՔԾ պետի մակարդակին և չէր քննադատի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը»:

«Ի՞նչ կա այս ամենի մեջ, որը կարող է լինել անհարգալից վերաբերմունք Հատուկ քննչական ծառայության պետի նկատմամբ։ Եթե ՀՔԾ պետը թույլ է տալիս իրեն կամ հրահանգում է իր քննիչներին անընդհատ անպատեհ ինքնաբացարկի միջնորդություններ ներկայացնել պարոն Ազարյանին, դրանցում նշել իր ակնհայտ անհամաձայնությունն օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի հետ, դրանցով մեղադրանքներ կառուցել, ապա շատ նորմալ է, որ դատավորը ստանում է իրավունք՝ իր գնահատականը տալու այդ մոտեցմանը։ Գնահատականը որևէ անձնական վիրավորանքի մասին չէ, այլ պարոն Խաչատրյանի մասնագիտական մոտեցումների, կամ եթե կուզեք, այս դեպքում անգամ գիտելիքների մասին է։ Նորմալ է, երբ այդ մակարդակը գնահատվում է ոչ գոհացուցիչ։ Իսկ էլ ո՞վ պետք է գնահատի քննչական ծառայության կամ քննիչի աշխատանքը, եթե ոչ դատավորը, այն էլ՝ Վերաքննիչ ատյանի։ Դատարանները հենց դրա համար էլ ստեղծված են, որ տան գնահատական քննչական ծառայության աշխատանքին, մոտեցումներին, ինչու ոչ, նաև վարքագծին։ Դատարանի որոշմամբ է այդ ամենին գնահատական տրվում, այլ ոչ թե քննչական ծառայության պետի գոհ կամ դժգոհ լինելով,  դատախազի՝ մեղադրանք հաստատելու կամ չհաստատելով»,- ասաց Տիգրան Աթանեսյանը։

Փաստաբանը նշեց, որ 2019 թվականին Սահմանադրական դատարանը, քննության առնելով մեկ այլ դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ բողոք, դիրքորոշում է հայտնել, որ դատավորին  կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար կան սկզբունքներ, և դրանցից մեկն այն է, որ դատավորի համար պետք է կանխատեսելի լինի իր խախտումը։

«Իսկ եթե կանխատեսելի չէ, դա խախտում չէ։ Եթե չկան ճշգրիտ կանոններ, ուղեցույց, ձևավորված պրակտիկա, այսինքն չխոսի՞ դատավորը, չասի՞ իր կարծիքը մասնակցի դիրքորոշման, վարքագծի մասին, նախազգուշացում չանի՞, կարգի չհրավիրի՞։ Եթե այդ ամենը չի անում, ուրեմն, կներեք, դատարանն իր տեղում չէ»,- ասաց Տիգրան Աթանեսյանը։ Վերջինս ընդգծեց նաև, որ եթե որևէ բան չի վնասել արդարադատությանը, ապա այն  խախտում չէ։

Աթանեսյանը նշեց, որ ամեն դատավոր յուրովի է, ունի իր բնավորությունը, և հնարավոր չէ, որ նրանց բոլորը նույն կերպ լինեն։

«Դահլիճում ներկա է դատավոր Դավիթ Բալայանը․ նա ամենաէքսպրեսիվ դատավորն է, դահլիճում է նաև դատավոր Դավիթ Հարությունյանը․  ամենահանգիստ դատավորն է։ Երկուսն էլ իրականցնում են արդարդատություն, համարվում են լավ դատավորներ։ Մարդ կա՝ կարող է վիրավորվել է դատավոր Բալայանի բարձր ձայնից, բայց դա չի նշանակում, որ նա  արդարադատություն չի իրականացնում»,- ասաց Աթանեսյանը, և, բնութագրելով դատավոր Ազարյանին՝ ասաց, որ ոչ միայն իր, այլ Ազարյանի դատական նիստերին մասնակցող շատ այլ փաստաբանների համար դժվար է պատկերացնել ավելի հանգիստ մարդու, քան դատավոր Ազարյանն է։

Փաստաբանի խոսքով՝ բոլորի համար պարզ է, որ անձին վիրավորել չի կարելի, բայց երբ խոսքը մասնագիտական աշխատանքի, արդարադատություն իրականացնելու, անտեղի ինքնաբացարկի միջնորդությունների, դատավորի անձի նկատմամբ ուղղակի և անուղղակի հարձակումների մասին է, ապա նորմալ է, որ դատավորն իր կարծիքն է արտահայտում այդ ամենի վերաբերյալ։ Աթանեսյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Ազարյանի խոսքը, որն այժմ քննության առարկա է ԲԴԽ նիստում, վերաբերել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի մասին  ՀՔԾ պետի դրդմամբ կամ հրամանով գնատականներ հնչեցնելու երևույթին։

Փաստաբանը նաև նշեց, որ Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով դիմումն Արդարադատության նախարարությանն է ներկայացված Սասուն Խաչատրյանի անունից, ով դատական նիստի անմիջական մասնակից չի։ Աթանեսյանը նաև նշեց, որ Խաչատրյանի անունից դիմումում գրված է՝ «կատարող՝ Հրաչյա Մուշեղյան»։ Վերջինս Արմեն Թավադյանի գործով նիստին մասնակցած քննիչն է, Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը։

«Այսինքն՝ ի՞նչ է կատարել քննիչ Հրաչ Մուշեղյանը, հասկացել է, թե  Սասուն Խաչատրյանը ո՞նց է վիրավորվել։ Ի՞նչ է տեղի ունեցել․ Սասուն Խաչատրյանը նստել, պատմել է՝ ոնց է վիրավորվել, քննիչն էլ գրե՞լ է. կներեք, բայց անլրջություն է ստացվում, բայց անլրջությունն իմ կողմից չէ, աղբյուրը ես չեմ»,- ասաց Տիգրան Աթանեսյանը։ Վերջինս դիրքորոշում հայտնեց, որ եթե խորհորդը որոշի, որ դատավորը թույլ է տվել խախտում, ապա դա կլինի սառեցնող ազդեցություն ամբողջ դատական համակարգի համար, դա  կլինի ազդակ, որ դատավորները պետք է լուռ մնան, և եթե կայացնեն ակտեր, որոնք ՀՔԾ պետն ապօրինի կորակի, ապա կենթարկվեն կարգապահական պատասխանատվության։

Ելույթից հետո ԲԴԽ անդամ  Գրիգոր Բեքմեզյանը հարց ուղղեց, թե արդյոք դատավորն իրավունք ունի՞ կողմերի իրավական գիտելիքներին գնահատական տալու, Աթանեսյանը պատասխանեց, որ դատավորը պարտավոր է գնահատականներ տալ։ Գրիգոր Բեքմեզյանը նաև հետաքրքարվեց, թե արդյոք վիրավորակա՞ն է «ինչ-որ մեկի մակարդակին իջնել» արտահայտությունը։ Աթանեսյանը հիշեցրեց, որ ինքը ներկայացրել է այս գործի նախապատմությունը, և այդ նախապատմությունը հաշվի առնելով՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի արած արտահայտությունները վիրավորական չեն եղել։

«Միգուցե ես սուբյեկտիվ առումով չեմ հարգում այդ անձնավորությանը, բայց ես իմ արած արտահայտություններով չեմ ընդգծել ու միտում չեմ ունեցել ընդգծել դա»

Դատավոր Ալեքսանդր Ազարյանն իր ելույթում նշեց, որ իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին  ՀՔԾ պետի՝ հաղորդոընտ 10 էջից է բաղկացած, որից կարգապահական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել միայն երկու նախադասությունից բաղկացած մի պարբերություն։

«Դատավորը 05.03.2020թ. հրապարակել է քննիչի ինքնաբացարկի միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ որոշման եզրափակիչ մասը, որից հետո սկսել է մեկնաբանել որոշումը, մասնավորապես՝ նախ նշել է, որ նախկինում թվով  8 դատական ակտեր է կայացրել ՀՔԾ-ին հակառակ, ինչն արդյունք է քննչական ծառայության վատ աշխատանքի, այնուհետև դատավորը սկսել է վիրավորական արտահայտություններ անել պաշտոնատար անձանց հասցեին՝ նշելով, որ դատարանը հույս ուներ, որ քննիչը չէր իջնի քննչական ծառայության պետի մակարդակին՝ վիճարկելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը»,-դատավորն ընթերցեց այս պարբերությունն ու նշեց, որ ներկայացվածն ամբողջությամբ իրականությանը չի համապատասխանում։

Դատավորն ասաց, որ, ուսումնասիրելով իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ տեսնում ենք, որ դրանում բացակայում է վերը նշված պարբերությունը, և դրանում 2020թ. մարտի 5-ի դատական  նիստի իրադարձությունները ներկայացված են իրականությանը համապատասխան:

«Պարոն նախարարն ասաց, որ իմ նկատմամբ վարույթ հարուցելու օրվա դրությամբ ծանոթ է եղել դատական նիստի արձանագրությանը, ինձ մոտ հարց առաջացավ, որն ուղղեցի պարոն նախարարին, և որը մնաց անպատասխան. ինչո՞ւ ձեռքի տակ ունենալով ՀՔԾ պետի հաղորդումը  և 2020թ. մարտի 5-ի դատական նիստի ձայնագրությունը, նա  իմ նկատմամբ վարույթ հարուցելու որոշմամբ նախապատվությունը տվել է ՀՔԾ պետի հաղորդման մեջ նշված և իրականությանը չհամապատասխանող տվյալներին, որից հետո միայն ինձ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդին ներկայացված միջնորդության մեջ նշել է իրականությունը»,- ասաց Ալեքսանդր Ազարյանը։

Դատավորի խոսքով՝ այս հանգամանքը վկայում է այն մասին, որ վարույթ հարուցելու դրությամբ, այնուամենայնիվ, նախարարը դատական նիստի արձանագրությանը ծանոթ չի եղել և վստահել է ՀՔԾ պետին,  իսկ համոզվելու համար, որ ՀՔԾ  պետն իր նկատմամբ հաղորդում ներկայացնելու պահի դրությամբ մարտի 5-ի դատական նիստի ձայնագրությանը ծանոթ չի եղել, բավական է ունկնդրել նիստի ձայնագրությունը։

Ըստ Ազարյանի՝ հատկանշական է, որ իր ընթերցած պարբերությունը, որը Արդարադատության նախարարի կողմից իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու որոշման հիմք է հանդիսացել, բառացի և տառացի արտատպված է Արմեն Թավադյանի գործով  իրեն ինքնաբացարկ հայտնելու դատախազի միջնորդությունից։

«Ստացվում է, որ ՀՔԾ պետը վստահել է դատախազին, իսկ պարոն նախարարը՝ ՀՔԾ պետին»,- ասաց դատավոր Ալեքսանդր Ազարյանը։

Հետո դատավորն անդրադարձավ  ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի վերաբերյալ ունեցած իր կարծիքին։

Ազարյանը նախ նշեց, որ  Արմեն Թավադյանի գործով քննիչն իրեն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել այն հիմքով, որ կանխակալ վերաբերմունք ունի ՀՔԾ-ի նկատմամբ, քանի որ կայացրել է ծառայությանը հակառակ 8 որոշում։ Ազարյանն ասաց, որ ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին որոշման էությունը պարզաբանելիս ինքը նշել  է, որ, այո՛, նախկինում կայացրել է այդ դատական ակտերը, սակայն դրանք մտել են օրինական ուժի մեջ, ինչը վկայում է ոչ թե ՀՔԾ-ի հանդեպ իմ կողմնակալության, այլ կոնկրետ գործերով ՀՔԾ-ի ոչ օբյեկտիվ դիրքորոշումների, քննիչների վատ աշխատանքի մասին, ապա կրկնելով, որ դրանք մտել են ուժի մեջ՝ ասել է՝ « հույս  ունեմ, որ քննիչը չի իջնի ՀՔԾ պետի մակարդակին և չի վիճարկի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի օրինականությունը»:

Դատավորը հիշեցրեց, որ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը 2018 թվականի օգոստոսի 13-ին (այն բանից հետո, երբ դատավոր Ազայանն ազատ էր արձակել Ռոբերտ Քոչարյանին-հեղ.) իրեն թույլ է տվել իր կայացրած  և Խաչատրյանի համար դեռևս անծանոթ դատական ակտը որակել ապօրինի, ինչն, ըստ դատավոր Ալեքսանդր Ազարյանի անթույլատրելի է։

«Բացի այդ՝ իր մեկ այլ հրապարակային ելույթի ժամանակ՝ օգոստոսի 16-ին, Սասուն Խաչատրյանն ասել է, որ դատավոր Ազարյանը Մարտի 1-ի գործերով կայացված մի շարք դատական ակտերով խաղաղ ցուցարարների անվանել է ամբոխ, նշեմ, որ այդ «խաղաղ ցուցարարները» նրանք էին, որոնք հրկիզում, ոչնչացնում և վնասում էին պետական և մասնավոր գույքը՝ մարմնական վնասվածքներ հասցնելով ոստիկաններին։ Ես մեղադրական դատավճիռներ  եմ կայացրել հենց ամբոխի մեջ ներառված անձանց նկատմամբ, որոնք կատարել են իմ մատնաշած գործողությունները, այլ ոչ թե խաղաղ ցուցարարների նկատմամբ, ինչպես արտահայտվել է ՀՔԾ պետը։ Սակայն խոսքն այդ մասին չէ, խոսքն այն մասին է, որ ՀՔԾ պետը, լինելով իրավաբան, պաշտոնյա, փաստացի կասկածի տակ է դրել և վիճարկել իմ կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի օրինականությունը, որը, իմ կարծիքով, դարձյալ անթույլատրելի է»,- ասաց դատավոր Ազարյանը։

Վերջինս հարց ուղղեց  Բարձրագույն դատական խորհրդի կազմում ընդգրծված գիտնական անդամներին, որոնք դասավանդում են տարբեր բուհերում։

«Ինչպե՞ս կգնահատեիք այն ուսանողին, որը կասեր, որ բարձրաստիճան պաշտոնյան, իրավաբանը կարող է, իրավունք ունի հրապարակային գնահատական հնչեցնել դատական ակտերի վերաբերյալ և կասկածի տակ դնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի օրինականությունը: Պատասխանը մեկն է՝ անբավարար, իսկ անբավարարը, իմ կարծիքով, համապատասխան մակարդակին չհամապատասխանելն է, տվյալ դեպքում՝ իրավաբանական մակարդակին չհամապատասխանելը, ինչի մասին ես արտահայտվել եմ դատական նիստի ժամանակ»,-ասաց Ազարյանը, ապա մեկ այլ հարց բարձրացրեց։

Դատավորն ասաց, որ ինքը այսօր կարգապահական վարույթի հիմք դարձած արտահայտությունն արել է նաև մեկ այլ նիստի ժամանակ՝ դրանից մեկ շաբաթ առաջ, երբ ՀՔԾ քննիչը դարձյալ իրեն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել՝ ՀՔԾ պետի և ծառայության նկատմամբ կանխակալ վերաբերյունք ունենալու հիմքով։

Դատավորը հարցրեց, թե ինչո՞ւ այն ժամանակ ՀՔԾ պետը չվիրավորվեց, իսկ մեկ շաբաթ անց բառացիորեն  նույն արտահայտությունների համար վիրավորվեց։

«Միգուցե այն պատճառով, որ առաջին գործով կայացրել եմ ՀՔԾ-ի դիրքորոշմանը համահունչ որոշում, իսկ այժմ՝ ոչ։ Ավարտելով ելույթս ես ուզում եմ հայտնել, որ ես Հատուկ քննչական ծառայության պետին չեմ վիրավորել, պարզապես իրերը կոչել եմ իրենց անուններով »,- ասաց դատավոր Ալեքսանդր Ազարյանը։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հարց ուղղեց դատավորին, թե արդյոք ճի՞շտ է ընկալել, որ դատավորի արած արտահայտություններն արվել են ի պատասխան ՀՔԾ պետի հրապարակային արտահայտությունների։ Ալեքսադր Ազարյանն ասաց, որ ինքը դատական նիստի ընթացքում ՀՔԾ պետին չի պատասխանել, բայց նրա արած արտահայտություններին ժամանակին պատասխանել է լրատվամիջոցներին տված հարցազրույցների միջոցով։

«ՀՔԾ պետի ոչ մի ելույթ իմ կողմից անպատասխան չի մնացել, միգուցե մի ելույթին երկու-երեք անգամ եմ պատասխանել»,- ասաց Ալեքսանդր Ազարյանը։

ԲԴԽ անդամներից Հայկ Հովհաննիսյանը հետաքրքրվեց, թե  ինչո՞ւ է դատավոր Ազարյանը որոշել անարձագանք չթողնել Սասուն Խաչատրյանի ելույթները։ Դատավորը պատասխանեց, որ ինքը պաշտպանության իրավունք ունի։

«Դուք ընդունո՞ւմ եք, որ այդ ժամանակ ոչ ոք ի պաշտպանություն ինձ հայտարարությամբ հանդես չեկավ, և ես ինձ իրավունք վերապահեցի այդ ձևով պաշտպանվել»,- ասաց Ալեքսանդր Ազարյանը։

Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշումից հետո, երբ նրա նկատմամբ հարձակում կսկվեց ոչ միայն հասարակության, այլ նաև իշխանության մակարդակով, Բարձրագույն դատական խորհուրդը, որը դատարանների և դատավորների անկախության երաշխավորն է, որևէ հայտարարությամբ հանդես չի եկել, և ամենայն հավանականությամբ դատավոր Ազարյանն այս հանգամանքը  նկատի ուներ։

Դատավոր Ազարյանը ևս մեկ անգամ պնդեց, որ ինքը անհարգալից վերաբերմունք չի դրսևորել ՀՔԾ պետի նկատմամբ։

«Միգուցե ես սուբյեկտիվ առումով չեմ հարգում այդ անձնավորությանը, բայց ես իմ արած արտահայտություններով չեմ ընդգծել և միտում չեմ  ունեցել ընդգծել դա»,-ասաց Ալեքսանդր Ազարյանը։

Ինչ վերաբերում է քննիչին վիրավորելուն, ապա, Ազարյանն ասաց, որ նրան ևս չի վիրավորել, իսկ եթե նա վիրավորվել է, թող նա էլ հաղորդում ներկայացներ։

Նշենք, որ այսօրվա նիստի ընթացքում Ազարյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը միջնորդեց ԲԴԽ հրավիրել և որպես վկա հարցաքննել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին։ Խորհուրդը, սակայն, մերժեց այս միջնորդությունը։ Կարգապահական վարույթի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հուլիսի 9-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter