
Վարչապետի խոստումը. Մաշտոցի այգու կրպակները երեք տարվա ընթացքում ապամոնտաժվելու են
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Գործադիրը Երևանի քաղաքապետին լիազորել է Հայաստանի Հանրապետության անունից «Ի ԷՄ ՍԻ» և «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ների, «Սերգե-Ագոպիգ-Դեր-Սահագույան» ՍՊԸ հետ կնքել Երևան քաղաքի Արամի, Փ. Բուզանդի, Ե. Կողբացու փողոցներով պարփակված տարածքում սեփականության օտարման ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագրեր։
Կնքվող պայմանագրերն ուժի մեջ են մտնում նշված տարածքների նկատմամբ բացառիկ' գերակա հանրային շահ ճանաչելու' ՀՀ կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից։ Այդ պահից ոչ ուշ, քան երեք տարվա ընթացքում Երևանի Մ. Մաշտոցի պող. N 22/1 հասցեում գտնվող զբոսայգում Երևանի ենթակայության «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ կողմից տեղադրված տաղավարները ենթակա են ապամոնտաժման' «Հին Երևան» քաղաքաշինական ծրագրի իրագործումն ապահովելու համար։
Պայմանագրերի կնքումից հետո հնարավոր կլինի նշված տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ' գերակա հանրային շահ և մասնավոր ներդրումների հաշվին կորսված և քանդված պատմության և մշակույթի հուշարձանների տեղափոխման եղանակով տարածքում վերստեղծել քաղաքաշինական գեղագիտական միջավայր։ Քանի որ այս հարցը վերջին շրջանում քաղաքական հնչեղություն է ստացել, վարչապետը որոշակի պարզաբանումներ է տվել դրա վերաբերյալ.
«Հարգելի գործընկերներ, այս հարցը քաղաքական հնչեղություն է ստացել վերջին շրջանում, և ես ցանկանում եմ որոշակի պարզաբանումներ տալ, որպեսզի մեր քաղաքական դիրքորոշումը հստակ և հասկանալի լինի բոլորի համար:
Առաջինը` քաղաքապետի հետ միասին հանդես ենք եկել քաղաքական հայտարարությամբ, այն է, որ մենք դեմ ենք մշտական տաղավարներին Մաշտոցի պուրակում և դրանով իսկ փարատել ենք մեր քաղաքացիների մտավախությունն առ այն, որ այդ տաղավարներն այնտեղ լինելու են մշտական:
Ճարտարապետների հետ հանդիպման ժամանակ հարց հնչեցվեց, թե այդ ժամանակավորն ինչքան է: Այստեղ էլ պատասխանը հստակ է` առավելագույնը երեք տարի, և դա պայմանավորված է «Հին Երևան» նախագծի իրականացմամբ, քանի որ Մաշտոցի պուրակը «Հին Երևանի» հենց մուտքն է լինելու, և ճարտարապետական լուծումներն էլ տվել է հենց քաղաքապետարանը: Այսինքն այդ նախագծի` «Հին Երևանի» հեղինակը քաղաքապետարանն է, և ինքն իր ծրագիրն իրականացնելու է:
Երրորդ հարցն իրավական լուծումների վերաբերյալ է: Մենք նաև նամակ ենք ստացել հասարակական նախաձեռնությունների, տարբեր կազմակերպությունների կողմից, թե արդյոք իրավական լուծումներն իրավաբանորեն բխում են մեր օրենքների պահանջներից: Այդ առումով էլ քաղաքապետը զեկուցեց, որ համապատասխան եզրակացություններն առկա են, և օրենքի խախտումներ չկան:
Չորրորդ հարցը կա. մենք շահագրգռված ենք, որ այս հարցի շուրջ մեր քաղաքացիների հետ լինի համերաշխության և համաձայնության մթնոլորտ: Առաջին խոստումը, որ տրվել էր քաղաքապետարանի կողմից Աբովյան փողոցում առկա տաղավարների վերաբերյալ, որոնք ժամանակավոր տաղավարներ չէին, այլ մշտական տաղավարներ էին` սեփականության իրավունքով, որ դրանք կապամոնտաժվեն: Այդ խոստումը կատարվել է:
Հիմա երկրորդ խոստումը, որ արձանագրում ենք այսօր մեր որոշման մեջ և ընդունում ենք ի գիտություն, որ սրանք նույնպես երեք տարվա ընթացքում ապամոնտաժվելու են:
Հաջորդ հարցադրումը: Մենք մեր ընդդիմախոսների կարծիքը հարգում ենք՝ տարբեր ձևաչափերով նրանց հետ քննարկում ենք: Եվ այս լուծումը, որն այսօր քաղաքապետարանն առաջարկում է, կարծում եմ՝ պետք է վերջակետ դնի այս երկխոսության մեջ, քանի որ, կարծում եմ՝ երևանցիների համար ընդունելի լուծում է, որպեսզի բոլորի շահերը մենք հաշվի առնենք, այդ թվում նաև սեփականատերերի:
Հինգերորդ: Ճարտարապետների հետ հանդիպման ժամանակ առաջարկություն եղավ, որ փոքր Երևանում՝ Երևանի կենտրոնում, կառուցապատման կանոնները լինեն ավելի խիստ և սահմանվեն լրացուցիչ նորմեր, որոնք կարգելեն փոքր կենտրոնում բազմաբնակարան, բազմահարկ շենքերի կառուցումը, որոնք հստակորեն կպաշտպանեն հին կառույցները, ընթացակարգեր կսահմանեն, թե որոշումներն ինչպես են ընդունվում փոքր կենտրոնի կառուցման վերաբերյալ: Մենք քաղաքապետի հետ խոստացանք, որ այդպիսի օրենքի նախագիծ կմշակենք: Այսօր մենք ձևավորում ենք աշխատանքային խումբ, որն աշխատելու է այդ օրենքի նախագծի վրա:
Հրավիրում ենք նաև հասարակական տարբեր նախաձեռնությունների ներկայացուցիչներին, որ ներկայացնեն իրենց թեկնածուին՝ աշխատանքային խմբում ընդգրկելու համար, որպեսզի այդ օրենքի նախագծի վրա միասին աշխատենք: Սա հենց այն նախաձեռնությունն է, որը եկել է նաև հասարակական նախաձեռնության շնորհիվ և մենք քաղաքապետի հետ միասին հարգում ենք այդ տեսակետը: Դրա համար այս օրենքի նախագիծը կմշակենք համատեղ:
Հարգելի գործընկերներ, կարծում եմ կհամաձայնեք, որ այս մոտեցումը հաշվի է առնում բոլոր կողմերի շահերը և տալիս է այնպիսի լուծում, որը նաև քաղաքացիների կողմից ընդունելի է լինելու: Դրա համար առաջարկում եմ այս որոշման նախագիծն ընդունել և դրանով իսկ մեր քաղաքացիներին հստակ պատասխան տալ ժամկետների վերաբերյալ, որ առավելագույն ժամկետը լինելու է երեք տարի»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել