
Ավետիք Իշխանյան. «Բիրտ ուժը հաղթեց իրավական մտքին»
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը եկել էր Սահմանադրական դատարանի դիմաց` խաղաղ ակցիա իրականացնելու ի պաշտպանություն ՍԴ 4 անդամների:
«Տեղեկություն ստացա, որ այսօր լինելու է խաղաղ ակցիա` ի պաշտպանություն ՍԴ-ի, դրա համար եկա»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօրվանից ուժի մեջ է մտնելու խորհրդարանի ընդունած Սահմանադրության փոփոխության նախագիծը, ըստ որի՝ ՍԴ 3 դատավորների լիազորությունները դադարեցվում են, ինչպես նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները՝ որպես ՍԴ նախագահ:
«Բիրտ ուժը հաղթեց իրավական մտքին, այդ բիրտ ուժի դեմ պայքարի դուրս եկան ոչ թե քաղաքական ուժերը, այլ իրավաբանները, որոշ դատավորներ, ՍԴ անդամներ և փաստաբաններ, և փոխանակ այդ ամենի թիկունքում կանգնեին այն քաղաքական ուժերը, որոնք հռչակել են ժողովրդավարություն, լիբերալիզմ, իրավական պետություն»,- ասաց Ավետիք Իշխանյանը:
Ըստ նրա` այդ քաղաքական ուժերն այդ մի քանի դատավորին թողեցին անպաշտպան:
Իշխանյանի խոսքով` դատավորները միայն իրավունքով կարող էին պայքարել մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի դեմ: Իշխանյանը համոզմունք հատնեց, որ բոլոր ուժային կառույցները ենթարկվում են իշխանություններին:
«Մենք գնում ենք պետական կառույցների կործանման, որը բերելու է պետության կործանում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է լրագրողի դիտարկմանը, որ խորհրդարանի քայլը պատմական էր, Ավետիք Իշխանյանն արձագանքեց.
«Վահե Գրիգորյանը իրավական կրթություն ունի, բայց նա իրավաբան չէ, քաղաքական գործիչ է, հլու-հնազանդ ենթարկվում է բռնապետության հակում ունեցող ղեկավարին»:
Հարցին, իսկ Հրայր Թովմասյանը քաղաքական գործիչ չէ, Իշխանյանն ասաց, որ Թովմասյանն իր գործունեությունը սկսել է քաղաքացիական հասարակությունից, ապա քաղաքականություն, այնուհետև` իրավաբանություն:
«Վերջին գործողությունները ցույց տվեցին, որ քաղաքականությունից հեռացել է»,-ասաց նա:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել