HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Ջավախյան

Յոթանասունից հետո

Քույրս, հարազատս, լավս ու բարիս․ Ռուզան Խաչատրյանը, 70-ամյակս նշանավորելով, գրում է. «Լևոն Ջավախյանը ժամանակակից հայ էն արձակագիրն է, որին կարդալուց հետո երբեմն մտածել եմ՝ ախր, էս հանճարեղ մարդն ինչու՞ պիտի մի մեծ ազգի լեզվով չգրեր, որ հիմա իր էս գրածներն աշխարհով մեկ իրար ձեռքից խլխլեին... Բայց չէ՛, էդ դեպքում սենց խշխշան համ ու հոտ չէին ունենա էս գործերը։ Ախր, Լոռվա լեզվի փիլիսոփայության մեջ են թաթախված նրա կերպարները, պատումներն ու մտածողությունը, ինչքան էլ տեղ-տեղ գրական լեզվի շապիկ հագնեն: Ինքն իր մարդամեծարությամբ Լոռվա էդ փիլիսոփայությունը տանում, դնում է աշխարհի երկինքների տակ:

Թումանյանի՞ աչքերով է նայում Երևանին (ինքն է ասում): Երևի նաև աշխարհին: Հասկանում եմ: Կյանքն էլ է այդ աչքերով նայում: Ինքս էմ տեսել. իրեն շատ կամ քիչ ճանաչող որևէ մեկը Վերնիսաժի մոտով անցնելիս ճամփան թեքում է դեպի Ջավախյանի անկյունը՝ աշխարհի ու երկրի անցուդարձից կիսվելու, հոգսերը խոսքուզրույցով թեթևացնելու, ուրիշների հետ հեռակա խմորվելու...  Տեսնես գիտի՞, որ տասնամյակներ հետո առնվազն մի նոր արձակագիր հաստատ ասելու է՝ ես աշխարհին նայում եմ Լևոն Ջավախյանի աչքերով»:

Դե, արի ու մի գժվի, մի փոփոլացի... Հո միայն Ռուզա՞նը  չի... Շնորհավորագրեր էին, որ գրվում էին, հեռագրեր էին, որ ստանում էի, հեռախոսս շիկացել էր անընդմեջ զանգերից...  Զանգեց նաև Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ պարոն Արթուր Թովմասյանը... Չզանգեց միայն վաղեմի ընկերս՝ Նիկոլ Փաշինյանը... Թերևս, մեղմացուցիչ հանգամանք ուներ. խիստ էր զբաղված, դիմակ էր բաժանում... Այսքանն էլ իբր քիչ է՝ Գագիկ Եղյանը թունդ գեղարվեստով, ինձնից էլ համով, կոլորիտով ձոն էր գրել ու ոչ ավել, ոչ պակաս՝ ինձ համարել «Մեր վենձը»... Էլ ո՞վ դիմանա՝ պա՛հ, պա՛հ, պա՛հ... «Զուռնեն փչեց զիլ եղանակ և ջահել ու ահել իրարով անցան»...  Բոլորն անխտիր գովքս էին անում, օձիքիցս բռնած դեպի Պառնաս քաշ տալիս: Պառնասը՝ Պառնաս, բայց ես ավելի բաձր սարի կատարին էի ինձ զգում... Մեղքս ի՞նչ թաքցնեմ, իրականում ես մի այլ բանի ծերին էի, որտեղից հեշտությամբ կարելի էր վար գցել... Պատկերացնու՞մ եք՝ ո՞նց կգահավիժեի... Բուլատ Օկուջավան ասում է, հենց մտածում եմ՝ հանճարեղ եմ, գնում եմ աման լվանալու... Իմ աման լվանալու ժամն էր... Էդպես լինում է, երբ ոտքերիդ տակի հողը պակասում է: Ես ճանապարհորդել չեմ սիրում, հատկապես՝ օդերում... Ստեղծածս արտառոց չէ: Ոչ մի կենդանի արարած հենց այնպես չի ապրում: Ես ընդամենը մեկն եմ նրանցից: Իհարկե, ինչ-որ մի տեղ հարուստ եմ... Յոթանասուն տարի ապրել եմ այս աշխարհում: Հիմա աշխարհն է ապրում իմ մեջ: Այլևս չգիտեմ՝ ինչպե՞ս վարվեմ՝ այն գրի՞ն տամ, թե՞ կրակին... Ձգտում եմ ապրել ինձ պես՝ առօրյա հոգսերով, աշխատանքային սովորական ռեժիմով: Դա ավելի իրատեսական է, քան օդերում երթևեկելը, երբ թվում է, թե ոտքերիդ տակ Ջոմոլունգման է, մինչդեռ իրականում սովորական քարի պես մի բան ես՝ աշխարհի վրա ընկած:

Ինչի՞ ետևից եմ գնում... Աշխարհին թագակիր վարակ է համակել, իսկ ես ընկել եմ չնչին գոյությունս կարևորելու հետևից: Համաճարակը լափլփում է երկիրը. օրը մի հարազատ ու ընկեր եմ կորցնում: Էս է, էլի մի զոհ... Ֆեյսբուքի լրատվության պատին հայտնվեց ընկերոջս՝ Համլետ Գևորգյանի մեծադիր նկարը. մահացել է կորոնավիրուսից... Քանի-քանի գիրք է գրել՝ ինչքա՜ն ֆիդայական դեմքեր անմահացրել... Վերնիսաժն ամայանում է: Ժողովրդական վարպետները կամ վարակված են դարի վարակով կամ էլ վախեցած փակվել են տներում: Տապ է: Երկնքից Աստծո կրակ է թափվում: Միջօրեի մեջ հանդարտ մարմրում են պատկերները: Արեգակն ու ժամանակը հնարավորինս աղացել, մանրել են քարն ու հողը: Սալահատակին մոռացման փոշի է նստած: Ապրել է պետք. ես մեկն եմ նրանցից, ով, պաշտպանիչ դնչկալն երեսիս, բայց և երկյուղը սրտիս մեջ՝ կանգնած եմ: Հատուկենտ անցորդների կրունկների տակից մոռացության փոշին, ծույլ-ծույլ բարձրանում, մանրիկ ծխի նման ոլորվելով, անհետանում է: Ապրել է պետք: Ես, որ գիտեմ, թե ինչպես եմ ապրում, զարմանում եմ, թե ինչպես են ապրում ուրիշները՝ առջևովս անցնող հատուկենտ մարդիկ, կողքիս մոլորված սակավաթիվ առևտրականները, երբ առևտուր չկա, և Աստված գիտե, թե ե՞րբ է լինելու... Արտակարգ դրությանը հաջորդել է պարետային ժամ... Երեք ամիս առանց պետական աջակցության նստել ենք տանը: Իսկ հիմա գործ չկա: Ոտնատակի փոշու նման մեզ մոռացության են տվել ոչ միայն պետությունը, այլև հարազատ գնորդները... Աստված էլ բեթարից ազատի. գորգավաճառ Սեթոն մտքում ինչ-որ բան է մտմտում․

-Ո՞նց ես, Լևո՛ն...,- հարցնում է:

-Լա՞վ կլինի՝ էդ հարցը ես քեզ տամ,- բարեկամաբար ժպտում եմ: Ինչ խոսք, ծանոթ եմ նրա կամեցողությանը և գիտեմ գթառատ սրտի տեղը: Մի տեսակ կարկամած է:

- Լավ ա էդ մասին չխոսանք,- ասաց, բայց չէր կարող չխոսել։- Տանը մնացած հին վերմիշել ունեի,- ասաց հառաչանքով,- դաչումս շանս լափ էի տալիս, մեկ էլ էն տենամ մի քանի տուն էն կողմից՝ մեկը եկել, հետևս կանգնել ա. բան էր ուզում ասել՝ ամաչում էր: Ասի՝ ի՞նչ ա պետք, հոպար... Ասաց՝ տղա ջան, հինգ թոռ եմ պահում... Հերն էլ Ռուսաստաններում կորած ա՝ էդ հինգն էլ իմ  ձեռին են նայում... Ի՞նչ կըլի,- ասաց, փոքր-ինչ երկմտելուց հետո,- էդ լափը տանեմ թոռներիս... Լևոն ջան,- շփոթված պատմում էր Սեթոն,- լափը ձեռիս սառա... Գնացի, տանից մի հինգ հազար մանեթ բերի՝ լափի ու մի քանի կտոր մսի կտորների հետ տվի էդ մարդուն՝ իբր սրտհովանք... Ի՞նչ անեի, ախպեր,-  մեղավորի պես ինձ էր հառվել,- էդ պահին ձեռիցս էդ էկավ...

Դե, ուրախացիր Լևո՛ն, յոթանասուն տարեկան ես, ուրախացի՛ր...  Եվ ի՞նչ կա փուչիկի մեջ, որին այդքան ձգտում ենք... Դատարկություն, միայն դատարկություն... Իսկ պսպղան շքանշաննե՞րը, շխկշխկան մեդալնե՞րը, որ խշխշում են «հերոսների»  դոշին... և որոնցով սիրում են խաղալ երեխաները... Կուրծք կա, որ ասես բոշի ոռ լինի՝ գույնզգույն զանգուլակներով զարդարուն... Էլ ո՞նց ուրախանամ... Շուրջս էսքան թշվառություն ու տխրություն, մեջս էլ որտեղի՞ց ուրախություն գտնեմ... Առնվազն փառքով փքված գինու տիկ պիտի լինես, կամ էլ անսիրտ, անջիգար, անհոգի մեկը, որ էս ամենի կողքով անտարբեր անցնես... Բայց ես ընդամենը կենդանի արարած եմ, մեկը նրանցից, ով հենց այնպես չի ապրում աշխարհում, բայց և այնպես ձեռքից ոչինչ չի գալիս, որ գոնե «հենց այնպես»-ով այս չարաբաստիկ աղետի առաջն առնեմ...

Արեգակը շառագնած մայր է մտնում: Ումի՞ց է դժգոհ, ինչու՞ է կատաղած... Տեսնես այսօր ու՞մ լույսը տարավ, ու՞մ հույսը խավարեց... 25 հունիսի 2020 թվական, հաստատվել է կորոնավիրուսի 771 նոր դեպք, մահացել է 11 մարդ: Կարո՞ղ է, չէ՞ Արեգակը գնա ու էլ հետ չդառնա... Հորիզոնը կամրածուփ էր. հսկայական սկավառակից, ասես հեղափոխական գիլիոտինից, արյուն էր ծորում: Տեր Աստված, Տեր Ամենակարող, խնայիր ազգիս, արա այնպես, որ լույսը մեզանից չխռովի...

Մղձավանջ, ունայնություն ունայնությանց, թույն և դեղին բացիլ... Էս զգագումով էլ անկողին եմ մտնում: Քնած, թե արթմնի՝ երազ եմ տեսնում... Ողորմածիկ հերս է, իր նման՝ ճաղատ, բարակ բեղերով ու ժպտուն աչքերով... Ասում է՝ գերեզմանափոսում պիտի ապրենք... Ասում է՝ նախկին դագաղները լավ փայտից էին շինված, հիմիկվանը կիսափտած են... Դագաղների մեջ էլ կարծեմ թագավորներ էին թաղված... Բայց մենք դագաղների մեջ չպիտի ապրեինք, այլ փոսի... Հերս պարանով փորձում էր դուրս քաշել հին դագաղը, երևի մեզ տեղ բացելու համար... Թագավորներն էլ եմ մեռնում, ասաց: Իսկ իմ դարդ ու ցավը, ուշքս ու միտքս ուրիշ տեղ էր.  ես հաճախամիզությամբ էի տառապում. գիշերվա մթին ո՞նց պիտի դուրս գայի միզելու՝ ամայի հանգստարանում, գերեզմանաքարերի մեջ, մեռելների վրա, որտեղ կմախքները, գերանդիները ձեռքներին, մարդիկ էին հնձում... Սարսափում էի: Էդ սարսափն էլ ինձ մղձավանջից դուրս հանեց, թվում էր՝ հավիտենականությունից...

Հավիտենականությունն ակնթարթի մեջ է: Յուրաքանչյուր ակնթարթ կյանք է: Աշխարհին հայտնի է ձեռաշեն յոթ հրաշալիք: Մնացածը, սոսկ, Աստծո ստեղծագործություններ են: Մոլորակի վրա բնակվում է յոթ միլիարդ յոթ հարյուր միլիոն մարդ: Երկիրն նույնքան էլ հրաշալիք ունի: Պատահական չէ, որ իմ պատմվածքներում բազմաթիվ են մարդկային կերպարները: Իմ գիրը ոչ երկաթագիր է և ոչ էլ շղթայագիր. իմ գիրը արծաթագիր է, որտեղ կյանքն է ապրում: Աշխարհում կա՞ առավել մեծ հրաշք՝ քան կյանքն է: Փառահեղը ապրվող վայրկյաններն են և ոչ հոբելյանական շնորհավորանքները, կամ էլ բարձր կոչումները...

Ընկերոջս տատը, որ 110 տարեկան էր, մահամերձ պառկած էր.

-Տատի՛,- հարցրել էր,- կուզեի՞ր մի քիչ էլ ապրել...

-Հա՛, որդի,- ասել էր խեղճացած,- հադըմ էլ շունչ քաշիմ՝ նոր մեռնիմ...

Իմ մորմոքուն սրտի համար ուրիշ երազ չկա և ոչ էլ մեկ այլ Ավետյաց երկիր... Երազն այնտեղ է, որտեղ ապրում ենք:

Շուրա Բալագանովը, երբ Օստապ Իբրահիմովիչից ստացել էր իր երջանկության վարձավճար հիսուն հազար ռուբլին՝ սիրելի մեկենասից, այնուամենայնիվ, հետաքրքրվել էր.

-Իսկ Ռիո դե Ժանեյրո՞ն...

-Շուրա՛,- հիասթափեցրել էր նրան մեծ կոմբինատորը,- ոչ մի Ռիո դե Ժանեյրո էլ չկա... Ամերիկա էլ չկա, Եվրոպա էլ... Ոչինչ չկա... Աշխարհի ամենավերջին քաղաքը դա Շեպետովկան է, որի ափերին զարկվելով փշրվում են Ատլանտյան օվկիանոսի տաք ջրերը...

Բոլոր երազներն են փշրվում... Իհարկե, կա լավ և վատ երազ: Երազը լավն է, երբ երազախաբ ես լինում...

25. 06. 20թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter