HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Արայիկ Հարությունյանը՝ ընդունելության քննությունների անցկացման կարգի մասին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ այս տարվա միասնական քննությունների անցկացման կարգին։ Այս տարի դիմորդները բուհ ընդունվելու համար հանձնելու են մեկ քննություն, իսկ հավասար միավորի դեպքում հաշվի են առնելու մի քանի հանգամանքեր, որոնց վերաբերյալ ավելի վաղ նախարարը տեղեկացրել էր։

Ընդունելության քննությունները մեկնարկում են հուլիսի 2-ից, անցկացվելու են չորս օր, հուլիսի 2-ին կանցկացվի օտար լեզուների քննությունները, հուլիսի 4-ին՝ հայոց պատմություն, աշխարհագրություն եւ քիմիա առարկաներինը, հուլիսի 6-ին՝ մաթեմատիկայի քննությունը, հուլիսի 8-ին կլինեն հայոց լեզու եւ գրականություն, կենսաբանություն, ֆիզիկա առարկաների քննությունները։

Նախարարը հրապարակեց ընդունելության քննությունների անցկացման կենտրոնների ցանկը։ Տեղեկացրեց, որ քննությունների համար նախատեսված անցագրերը կուղարկվեն դիմորդի էլեկտրոնային հասցեներին, եւ ինչպես հեռախոսների միջոցով, այնպես էլ տպած տարբերակով կարող են ներկայացնել քննական կենտրոններ։

Ըստ նախարարի՝ քննության ամբողջ ընթացքում պետք է պահպանվի անվտանգության կանոնները։

Քննությունների ընթացքը վերահսկելու են ոստիկանության աշխատակիցները։ «Պետք է թույլ չտանք, որ լինեն կուտակումներ, հատկապես դա լինելու է առավոտյան ժամերին, երբ դիմորդները ժամանելու են քննական կենտրոններ։ Արտակարգ դրության այս պայմաններում պետք է հրաժարվել ընտանիքներով, բարեկամներով, հարեւաններով քննական կենտրոն գնալը», - ասաց նախարարը։ Նախարարը նշեց, որ պետք է յուրաքանչյուր դիմորդ մեկ ուղեկից ունենա, ցանկալի կլինի նաեւ, որ դիմորդը միայնակ ներկայանա, իսկ քննության մեկնարկից հետո ուղեկիցները պետք է լքեն կենտրոնների տարածքները՝ կուտակումներից խուսափելու համար։

Նշեց, որ հերթերը լինելու են գծանմուշներով, դիմորդները պարտադիր կրելու են դիմակներ, մոտենալու են քննական կենտրոններ, ջերմաչափվելու են, նոր մտնեն քննական սենյակ։ Մշտական ջերմությամբ կամ ջերմության տատանումներով հիվանդություններ ունեցող դիմորդները պետք է քննության կենտրոնի ղեկավարին ներկայացնեն բժշկական հսկողության ամբուլատոր քարտի համապատասխան հիմնավորմամբ քաղվածք։

Ըստ Հարությունյանի՝ քննական կենտրոններում նախորդ 250 առավելագույն դիմորդների դեպքում այս տարի դահլիճում դիմորդների թիվը չի գերազանցելու 140-150-ը, պահպանվելու է սոցիալական հեռավորություն։ Նախորդ տարվա 30 քննական կենտրոնի փոխարեն լինելու է 47-ը։

Այս տարի քննություններին մասնակցելու է մոտ 14 հազար դիմորդ։

Փոխնախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ ԳԹԿ-ի աշխատողները եւս անցնելու են հատուկ ստուգում, քննական տարածքը պարբերաբար ախտահանվելու է։ Դիմորդներին տրվելու են հատուկ ախտահանված գրիչներ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter