HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերաքննիչ դատարանը մերժել է Ալավերդու պատկերասրահի շենքը համայնքին վերադարձնելու պահանջով հայցը

Լոռու մարզի դատախազ Գարեգին Մանուկյանը 2020 թ.-ի մարտի 27-ին Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանին և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին՝ որպես պատշաճ հայցվորներ, գրությամբ առաջարկել է Թումանյան 44 և 44/1 հասցեներում գտնվող Ալավերդու պատկերասրահի շենքի նկատմամբ «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ-ի ապօրինի գրանցումն անվավեր ճանաչելու և Ալավերդի քաղաքի օրինական շահերը վերականգնելու պահանջով հայց ներկայացնել Վարչական դատարան:

Տրամաբանական էր, որ Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանը վերաքննիչ բողոք պետք է ներկայացներ Ալավերդու պատկերասրահի շենքի նկատմամբ «Հայէկոնոմբանկի» սեփականության իրավունքի պետական գրանցման գործում դատախազության միջնորդագրով հայտնած օրինախախտումների հիմքով, որոնք նաև քրեական գործի նոր հանգամանքներ են: Ս. Խեչումյանը, սակայն, վերաքննիչ բողոք է ներկայացրել Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանի 1999թ.-ի ապրիլի 23-ի որոշումը բեկանելու և քրգործը համապատասխան դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ:

Վերաքննիչ բողոքը դատարան ներկայացնելիս Ս. Խեչումյանը տեղյակ է եղել, որ իր  կողմից բողոքարկվող դատական ակտի (1-ին ատյանի դատարանի 1999թ.-ի ապրիլի 23-ի որոշման) օրինական ուժի մեջ մտնելուց անցել է 20 տարի, որի պատճառով Վերաքննիչ դատարանը վաղեմության ժամկետով հնարավորություն ունի մերժելու բողոքի վարույթ ընդունելը:

Ս. Խեչումյանը դատարանից խնդրել է երկարաձգել վերաքննիչ բողոք ներկայացնելու իր ժամկետը: Վերաքննիչ դատարանը մերժել է նրա խնդրանքը: Ուսումնասիրելով վերաքննիչ բողոքը և կից նյութերը` Վերաքննիչ դատարանը գտել է, որ Ս. Խեչումյանի վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման, քանի որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի  համաձայն վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե բողոքարկվող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց անցել է 20 տարի:

Փաստաբան Ալեքսանդր Ծատինյանի խոսքով, Ս. Խեչումյանը վերաքննիչ բողոքը ներկայացնելիս շրջանցել է Լոռու մարզի դատախազության մարտի 27-ի միջնորդագիրը:

«Ս. Խեչումյանի վերաքննիչ բողոքի գլխավոր թերությունն այն է, որ այն դատարան չի ներկայացվել կոնկրետ հիմքով՝ քննիչի կողմից պատկերասրահի նկատմամբ «Հայէկոնոմբանկի» իրավունքի պետական գրանցման գործում բացահայտված նոր օրինախախտումներով, որոնք քրգործի նոր հանգամանքներ են»,- ասում է Ալեքսանդր Ծատինյանը:

Հունիսի 24-ին Լոռու մարզի դատախազ Գարեգին Մանուկյանը հայտնել է, որ 2018թ.-ի դեկտեմբերի 31-ին «Հետքի» նյութերով հարուցված քրեական գործով  նախաքննություն իրականացնող քննիչը մարտի 27-ին հիմնավորված է համարել նախկին քաղաքապետներ Վախթանգ Լալայանի և Կարեն Եսայանի կողմից Ալավերդու պատկերասրահի շենքը «Հայէկոնոմբանկի» անունով սեփականության  իրավունքի պետական գրանցում ստանալու գործում կատարած ՝ Քր. օրենսգրքի  315 հոդվածի 2-րդ մասով նախատեսված միջին ծանրության հանցագործությունը: «Քանի որ ենթադրյալ հանցագործության հետևանքները շարունակվում են մնալ չվերացված, դրանք հնարավոր է չեզոքացնել բացառապես կատարված  սեփականության իրավունքի պետական գրանցումը վերացնելու, (անվավեր ճանաչելու) միջոցով: Լոռու մարզի դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել Ալավերդու համայնքապետարան և առաջարկել է ձեռնարկել  անհրաժեշտ միջոցներ ԿԱ ԱԳԿ ՊԿ–ի կողմից Ալավերդի քաղաքի ներկայում Թումանյան 44 և Թումանյան 44/1 հասցեում գտնվող պատկերասրահի շենքի  կատարված «Հայէկոնոմբանկի» սեփականության իրավունքի պետական գրանցումը վերանայելու, անվավեր  ճանաչելու պահանջով Վերաքննիչ դատարան հայցադիմում ներկայացնելու և համայնքի օրինական շահերը վերականգնելու համար»,- հայտնել է դատախազ Գ. Մանուկյանը: Մարզի դատախազի միջնորդագրի փաստերով Ս. Խեչումյանի կողմից վերաքննիչ բողոք գրելու դեպքում Վերաքննիչ դատարանը չէր կարող մերժել Ս. Խեչումյանի վերաքննիչ բողոքը: Ինչ շահագրգռվածություն է ունեցել համայնքապետ Ս. Խեչումյանը մարզի դատախազի միջնորդագիրը շրջանցելու համար, դժվար է ասել:

Փաստաբան Ա. Ծատինյանի ասելով` Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը վերաքննիչ ներկայացնելու գործում նախատեսնում է նաև գործին չմասնակցած անձանց վերաքննիչ բողոք ներկայացնելու հնարավորություն, որը կարող է ներկայացնել դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝  20 տարվա ընթացքում:

Օրենքը նախատեսում է նաև նոր երևան եկած հանգամանքներով վերաքննիչ ու վճռաբեկ բողոք ներկայացնելու ընթացակարգեր: Ս. Խեչումյանը իր վերաքննիչ բողոքում դատարանին որոշ չափով ներկայացրել է գործում նոր երևան եկած հանգամանքները, իսկ դատախազի միջնորդագրի մասին ընդհանրապես չի հիշատակել: Վերաքննիչ դատարանի որոշումից երևում է, որ դատական նիստը նախագահող դատավոր Գ. Խանդանյանը, դատավորներ Ա. Մխիթարյանը և Ն. Կարապետյանը ուշադրություն չեն դարձրել Ս. Խեչումյանի վերաքննիչ բողոքում նշված նոր երևան եկած հանգամանքներին:

Սասուն Խեչումյանը Վերաքննիչ դատարանի 14.05.2020թ.-ի որոշումը բեկանելու համար հունիսի 17-ին վճռաբեկ բողոք է ներկայացրել:

Մեկնաբանություններ (2)

Լարիսա Փարեմուզյան
Անահիտ, քո երեխաների և թոռների քաղաքն է Ալավերդին: Մարտնչիր քաղաքի ապագայի համար: Պետք չի ինձ վիրավորել:
Անահիտ
Տիկին Փարեմուզյան, ես որպես Ալավերդիի բնակիչ Ձեզ առաջարկում եմ օրեցօր քանդվող մեր քաղաքի մասին ոչինչ այլեվս չգրեք։ Քանի որ մեր խնդիրներին ոչ մեկը ուշադրություն չի դարձնում։ Կհիշեք, թե Ալավերդին մեկ էլ երբ է ունեցել այսպիսի անտարբեր ղեկավար, իր քաղաքը չսիրող անձ? Իհարկե չեք կարող հիշել, քանի որ չի եղել նման մարդ, որը այսքան արհամարհի այս հրաշալի քաղաքի մարդկանց բարեկեցությունը։ Կեղտ, փոշի, խոտերի մեջ կորած մայթեր, մացառներ, ծախված ու ծախվող տարածքներ, կիսատ, պռատ ծրագրեր, անարդյունավետ ծախսեր․․․ մեկնաբանությունների դաշտը չի հերիքի, որ շարունակեմ: Ալավերդին և մարզից է դուրս և նաև հանրապետությունից։ Իսկ մեր քաղաքի "տերը" քաղաքը թողած սեփական տունն է բարեկարգում։ Այս հրաշալի շենքը, որտեղ հիմա պատկերասրահն է և հայտնի բանկը կարող էր նորից բացօդյա կինոթատրոն լինել։ Չնայած դա մեզ համար շատ բարձր պլանկա է, մենք արժանի չենք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter