
«ԳՄՕ» մակնշումը պարտադիր է դարձել
Հունիսի 26-ից ԵԱՏՄ տարածքում իրացվող ապրանքների վրա, որոնք պարունակում են գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ, պարտադիր պետք է նշվի այդ մասին։
Երեկ արդեն ավարտվեց անցումային շրջանը, որով ուժի մեջ մտան ՄՄ ՏԿ 022/2011 «Պարենային ապրանքն իր մակնշման մասով» տեխնիկական կանոնակարգում կատարված փոփոխությունները։
Այդ փոփոխությունները, մասնավորապես, ընդունվել էին դեռևս 2017 թ. դեկտեմբերի 20-ին՝ № 90 որոշմամբ և ուժի մեջ էին մտել 2018 թ. դեկտեմբերի 26-ին։
ԳՄՕ- գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ (բույսեր, կենդանիներ, միկրոօրգանիզմներ), որոնց փոխպատվաստել են այլ օրգանիզմների գեներ և նրանց գենոտիպն արհեստականորեն փոփոխվել է։
Գենային փոփոխությունները, որպես կանոն, կատարվում են գիտական և տնտեսական նպատակներով։ Ի տարբերություն բնական կամ արհեստական մուտացիաների ժամանակ առաջացող պատահական փոփոխությունների՝ գենային ձևափոխումն ունի խիստ նպատակային ուղղվածություն։Ներկայում գենային ձևափոխման հիմնական եղանակը տրանսգենների օգտագործումն է՝ տրանսգենային օրգանիզմների ստեղծման նպատակով։ Գյուղատնտեսության և սննդարդյունաբերության մեջ ԳՄՕ ասելով՝ հասկանում են միայն այն օրգանիզմները, որոնք առաջացել են նրանց գենոմում մեկ կամ մի քանի տրանսգենների ներմուծմամբ:
2020թ հունիսի 26-ից սկսած՝ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների կիրառմամբ պատրաստված սննդամթերքի մակնշման վրա «ԳՄՕ» նշումը պետք է պարտադիր լինի պիտակի վրա, ընդ որում՝ նույն ձևով, չափով և տառատեսակով, ինչ EAC (Eurasian Conformity)` Եվրասիական համապատասխանության նշանը։
Տեխնիկական կանոնակարգը չի պահանջում «ԳՄՕ» մակնշում այն դեպքում, երբ արտադրողը չի օգտագործել գենետիկորեն մոդիֆիկացված ապրանք, սակայն հետագայում այդ ապրանքի մեջ հայտնաբերվել է ԳՄՕ-ն։ Նման դեպքում, եթե այն չի գերազանցում 0,9 %-ը, համարվում է պատահական կամ տեխնիկական անբաժանելի խառնուրդ։
Թույլատրվում է մինչև պիտանելիության ժամկետի ավարտն իրացնել գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների օգտագործման արդյունքում արտադրված այն պարենային ապրանքները, որոնք թեև չունեն ԳՄՕ նշան, սակայն պահպանել են Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված մակնշման անհրաժեշտ պահանջները՝ ներառելով պատշաճ տեղեկություններ այդ մասին։
Նշենք, որ Եվրոպական միության տարածքում կա 174 տարածք (զոնա), որտեղ ԳՄՕ-ներ չեն օգտագործում։ Իսկ մի շարք երկրներում դրանց կիրառման սահմանափակումներ կան։ Օրինակ՝ Ավստրիան, Վենեսուելան, Հունաստանը, Լեհաստանն ու Շվեյցարիան համարվում են ԳՄՕ-ներից ազատ պետություններ։
Մեկնաբանել