HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի առողջապահության վերաիմաստավորման ժամանակը. ամառ 2020 (մաս 1)

Գևորգ Թամամյան

Հայտնագործություն չեմ անի, եթե ասեմ, որ ներկայումս Հայաստանը գտնվում է լուրջ առողջապահական ճգնաժամի մեջ, և որպես պրակտիկ բժիշկ, իմ համոզմամբ, խնդիրը լուծելու համար առաջին հերթին անհրաժեշտ է այն ճիշտ ախտորոշել: Ինֆեկցիոնիստ կամ էպիդեմիոլոգ չլինելով, չեմ փորձի մտնել նեղ մասնագիտական դաշտ, և միայն կփորձեմ կիսվել իմ համեստ կարծիքով, ակնկալելով, որ նման քննարկումը կարող է օգտակար լինել լուծումների փնտրտուքում: Ստորև գրված կարծիքները չեն հավակնում արտահայտել Աստվածաշնչային ճշմարտություններ, այդ պատճառով կարող են և չհամընկնել շատերի կարծիքների հետ:

Ճիշտ հաղորդակցությունը և վստահությունը

Ցանկացած պրակտիկ բժիշկ տեղյակ է, որ հիվանդի հետ ճիշտ հաղորդակցությունն անկյունաքարային նշանակություն ունի հետագա արդյունքների համար: Ճիշտ հաղորդակցությունը հիվանդի և բժշկի միջև առաջացնում է փոխադարձ վստահություն և հավատ: Երբ հիվանդը վստահում է բժշկին, ապա կատարում է նրա ցուցումները, դեղերը ժամանակին է ընդունում, նոր ախտանիշների առաջանալու դեպքում անմիջապես կապնվում է բժշկի հետ, ինչը, ակնհայտ է, որ բարձրացնելու է բուժման արդյունավետությունը: Իսկ բժշկի պարագայում, երբ բժիշկն ինչ-ինչ պատճառներով չի վստահում հիվանդին, եթե իհարկե այդ բառը կարելի է այդպես օգտագործել, ապա դառնում է ավելի զգուշավոր, և այստեղ զգուշավոր բառը, բնավ, դրական լույսի ներքո չէ: Բերեմ մի օրինակ, ենթադրենք հիվանդի մոտ առկա է բարձիթողի վիճակում գտնվող քաղցկեղ, և կա բուժման մի մեթոդ, որը շատ փոքր հնարավորություն է տալիս առողջացման, սակայն բավականին բարձր է նաև կողմնակի ազդեցությունների հավանականությունը: Եթե բժշկի և հիվանդի միջև առկա է վստահությունը, լինի Ամերիկայում, Գերմանիայում, թե Հայաստանում, բժիշկը կգնա այդ մեծ ռիսկին, իսկ եթե այդ հաղորդակցությունը և վստահությունը բացակայում է, ապա բժիշկներից շատերը կխուսափեն նման ռիսկից:

Եվ այս նույն տրամաբանությունը տարածվում է ոչ միայն մեկ հիվանդ – բժիշկ հարաբերությունների վրա, այլև ճշմարիտ է ողջ առողջապահության համար: Հայտնի փաստ է, որ ցանկացած առողջապահական նորամուծություն կամ բարեփոխում կատարելիս, կարևորագույն բաղադրիչ է բնակչության հետ ճիշտ հաղորդակցությունը, հակառակ պարագայում, նույնիսկ լավագույն բարեփոխումը կարող է տապալվել: Բավական է հիշել մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների տապալումը՝ նույնիսկ շատ զարգացած երկրներում, երբ սխալ կամ ոչ էֆեկտիվ հաղորդակցությունը բերել էր բացասական արդյունքների:

Եթե անդրադառնանք Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին, անընդհատ մեզ հարց ենք տալիս, թե ինչն է պատճառը, որ մեր փոքրիկ երկրում վարակի տարածումը բացասական իմաստով համաշխարհային ռեկորդներ է գրանցում: Ինչպես պատահեց, որ մեր հարևան Վրաստանում իրավիճակը շատ ավելի լավ է, կամ 23 միլիոնանոց Թայվանում հունվարից մինչ այժմ ընդամենը մի քանի հարյուր վարակակիր է եղել:  Արդարության համար պետք է նշենք, որ բազմաթիվ այլ զարգացած երկրներում էլ իրավիճակը շատ վատ է, սակայն, իմ կարծիքով, դա մեզ չպետք է մխիթարի, և համեմատության վեկտորը պետք է միշտ ուղղված լինի դեպի ավելի դրական արդյունքը:

Եվ այստեղ, մեզնից շատերը կմեղադրեն ազգաբնակչությանը, համարելով, որ հակահամաճարակային կանոնները պատշաճ չեն պահպանվում: Դժվար է չհամաձայնվել վերջին պնդմանը, սակայն որն է պատճառը, որ այն ժողովուրդը, որ 2 տարի առաջ մեկ մարդու պես, ընդամենը մի կոչով, փողոց էր բացում և փակում, պայքարում էր բիրտ հրոսակների դեմ, այսօր հրաժարվում է դիմակ կրել: Մարդը, որը երեխայի ձեռքը բռնած դուրս էր գալիս զինված բանդաների դեմ՝ վտանգելով կյանքն ու առողջությունը, այսօր հրաժարվում է կատարել ընդամենը մի փոքրիկ գործողություն, օրինակ՝ սուպերմարկետում հերթի մեջ չբարձրանալ դիմացինի վրա, պահպանել հեռավորություն և դիմակ կրել: 

Մի անգամ, եթե չեմ սխալվում Արշակ Սադոյանն էր, որ հարցազրույցներից մեկի ժամանակ, երբ հաղորդավարը կրկնեց վաղուց ծեծված մի արտահայտություն ժողովրդի մեղավորության մասին, որպես օրինակ բերեց Հյուսիսային և Հարվային Կորեաները: Երկուսում էլ նույն ժողովուրդն է, ուղղակի մի քանի տասնամյակ առաջ մատիտով վերցրել ու երկիրը կիսել են, և այսօր երկու հատվածում՝ նույն ժողովրդի պարագայում, ունենք տրամագծորեն տարբեր իրականություններ:

Թե Հայաստանում, թե աշխարհի շատ՝ նույնիսկ զարգացած երկրներում, կորոնավիրուսի հանդեպ վերաբերմունքն ի սկզբանե բավականին անլուրջ էր: Իմ կարծիքով, այստեղ իրենց նշանակալի մեղքի բաժինն ունեցան նաև շատ միջազգային կազմակերպություններ, և, չեմ խուսափի ասել, նաև բազմաթիվ մասնագետներ՝ նույնիսկ ամենահայտնի բժշկական կենտրոններից: Նոր վիրուսի պարագայում, երբ դեռ շատ բաներ հայտնի չէին, որոշ աշխարհահռչակ գիտական պարբերականներում՝ ինչ որ անիմաստ պանիկայի դեմ պայքարի լոզունգի տակ, սկսեցին տպվել գիտական հոդվածներ, երբ համեմատվում էր այս վիրուսը մինչ այդ հայտնի վիրուսների հետ, և կորոնավիրուսը ներկայացվում էր «ավելի բարի» շղարշի ներքո, վիրուսի հայտնաբերումից ընդամենը մի քանի ամիս անց դրանից մահացությունը համեմատվում էր այլ պատճառներից մահացության հետ: Դե իսկ Հայաստանում, որոշ բժիշկներ, որոնցից ոմանք, բախտի բերմամբ, կարողանում էին այդ հոդվածները օրիգինալ լեզվով կարդալ, իսկ ոմանք էլ ուղղակի հետևում էին ռուսական որոշ աղբյուրների դատողություններին, էլ ավելի ոգևորվեցին ու ավելի մոլեռանդ սկսեցին պայքարել «պանիկայի» դեմ՝ այդ սոուսի տակ անլրջացնելով այն: Մեկն անիմաստ համեմատություններ էր անում, մյուսը հոխորտում և մունաթ էր գալիս բնակչության վրա, հայտնի լրագրողները հարցազրույցների էին հրավիրում թեմայի հետ ոչ մի կապ չունեցող շոումեն «բժիշկների»: Եվ այստեղ մի շատ նշանակալի փաստ ևս կար, որ շատերի ուշադրությունից վրիպել էր՝ փետրվար ամսից սկսած լրջագույն բժշկական միջազգային միություններ սկսեցին չեղարկել իրենց գիտաժողովները: Քիչ թե շատ տեղեկացված մարդու համար պարզ էր, որ առանց լուրջ պատճառի անհնար էր նման գործընթաց, հաշվի առնելով թե ինչ ահռելի՝ հարյուրավոր միլիոնների կորուստներ են ունենում այդ միությունները, և ինչ մասնագիտական բժշկական պոտենցիալի են տիրապետում՝ նման որոշումներ կայացնելու համար:

Թվում էր թե, այս աղմուկի մեջ որոշիչ դեր պետք է ունենային լուրջ մասնագետների խոսքը, սակայն այդ մասնագետների կարծիքը կորավ կիսամասնագետների և իրենց լուրջ գիտակների տեղ դրած և Կոելիոյից մի երկու գիրք կարդացած, բայց բժշկության հետ կապ չունեցողների «կարծիքների» աղմուկի մեջ, զգոնության կոչ անողներին տարբեր կողմերից սկսեցին պիտակավորել, իսկ առողջապահական պատկան մարմինները՝ խուսափելով իրական մասնագիտական կարծիքից, ինչպես նաև հետևելով միջազգային կազմակերպություններից եկող որոշ ազդակներին, որոնք հետագայում ապացուցվեց որ սխալ են, ևս միացավ «սովորական գրիպն ավելի վտանգավոր է» շարժմանը: Համենայն դեպս, համաճարակի օրերին, ի տարբերություն շատ այլ երկրների, երբ գլխավոր դերերում էպիդեմիոլոգներն ու ինֆեկցիոնիստներն էին, մեզ մոտ նրանք հմտորեն մղվեցին հետին պլան: Մինչ օրս էլ, համոզված եմ, մեր հայրենակիցներն ավելի լավ ճանաչում են ԱՄՆ գլխավոր ինֆեկցիոնիստին, քան մեր համապատասխան մասնագետներին:

Ի միջի այլոց, երկու բառով անդրադառնանք նաև միջազգային կազմակերպությունների որոշ խորհրդատվություններին: Բնական է, որ նույն ԱՀԿ-ն և այլ կազմակերպություններ, ահռելի աշխատանք են կատարում և կարևորագույն նշանակություն ունեն, սակայն ցանկացած մեկը, ով քիչ թե շատ ծանոթ է գլոբալ առողջապահական խնդիրներին, տեղյակ է, որ ոչ միշտ է պետք կուրորեն հետևել այդ խորհրդատվություններին և, ինչպես ասում են, նույն կոշիկը բոլորի հագով չի լինում: Նույն էլ այստեղ՝ դիմակների պարագայում, ԱՀԿ-ն հայտարարեց, որ դիմակները պաշտպանիչ ազդեցություն չունեն, ինչն առանց վերլուծելու կրկնեցին նաև թե մեր, թե շատ այլ երկրների համապատասխան գերատեսչություններ: Հետագայում պարզվեց, որ դա ասվել էր, քանի որ դիմակների պակասություն կար և բուժաշխատողներին դիմակ չէր մնա: Թողնենք մի կողմ, թե ինչքանով է ճիշտ այդ մոտեցումը, և արդյոք ավելի ճիշտ չէր լինի ուղղակի դիմակները հավաքել շուկայից և տրամադրել բուժաշխատողներին, իսկ երկրների բնակչություններին կոչ անել, օրինակ՝ ինքնաշեն դիմակներ պատրաստել, ինչը կատարվեց հետագայում, հետադարձ վերլուծություն անելը, իհարկե, շատ ավելի հեշտ է, սակայն այստեղ կարևորագույն շրջադարձային պահը դարձավ այն, որ բակում նարդի խաղացող պապիկը կամ դպրոցի բուժքույրը, որն արդեն մի անգամ լսել էր, որ դիմակները պետք չեն և այս վիրուսը ոչնչով վատը չէ սովորական գրիպից, շատ դժվարությամբ էր հետ կանգնելու իրեն «ավելի հարմար» այդ մտքերից, մանավանդ, որ բացառությամբ վերջին ամսի, դիմակի հագնելու կոչերին զուգահեռ, ռեալ ժամանակով տեսնում էր, որ կոչ անողները ևս դիմակ չեն հագնում ու չեն պահպանում սոցիալական հեռավորությունը:

Եթե փորձեմ նույն օրինակը բերել իմ մասնագիտական դաշտից, պատկերացնենք ես հիվանդին ասում եմ որ տվյալ դեղը չի օգնելու իրեն, հետո՝ մեկ ամիս անց ասում եմ, որ դա ասել եմ, քանի որ դեղը շուկայում չի եղել, ինչքան էլ ես բարի մղումով դա ասած լինեմ, չափազանց դժվար կլինի հետագայում տվյալ հիվանդի վստահությունը հետ բերելը:

Որպես առաջին մասի վերջաբան

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Հարոլդ Վիլսոնը, որ համարվում էր հմուտ «ընտրություններ հաղթող», իր վարչապետության վերջին տարիներին հասկանում է, որ իր վարկանիշը բավականին ընկել է: Այդ ժամանակ էլ պետք է անցկացվեր հանրաքվե՝ Եվրոպայի ընդհանուր շուկայում մնալու վերաբերյալ, ինչը նա ցանկանում էր: Իր նպատակին հասնելու համար, և որպեսզի ժողովուրդը հանրաքվեին դեմ չքվեարկի՝ որպես իր դեմ բողոք, նա որոշեց պրակտիկորեն աննկատ մնալ ողջ քարոզարշավի ընթացքում...

Հայաստանը և հայ ժողովուրդն ունեն հիանալի մասնագետներ՝ թե էպիդեմիոլոգ, թե ինֆեկցիոնիստ, համոզված եմ ժամանակն է, որ խոսափողը տրվի նրանց: Վայրկյան իսկ չեմ կասկածում, որ ժողովուրդն ավելի լավ կլսի կյանքեր փրկած մասնագետների կարծիքը ու կհետևի դրանց, քան ցանկացած նախարարի կամ պատգամավորի հորդորը: 

Վաղուց ժամանակն է նաև օրինական մեթոդներ գտնել լռեցնելու տգետ և շոումեն մասնագետներին, և պատասխանատվություն սահմանելու նրանց ասածների համար, ինչքան էլ տարբեր ժամանակներում ոմանք առատորեն օգտվել են նրանց «ծառայություններից»: Եթե չեմ սխալվում Իտալիայում էր, որ քաղցկեղի սոդայաբույժ «բժշկին» զրկեցին բժշկական գործունեության իրավունքից և պատասխանատվության ենթարկեցին՝ մարդկանց առողջությանը վնասելու համար:

 

Գևորգ Թամամյանը «Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն»-ի ղեկավարն է, ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter