
Հարկ վճարողների ապստամբություն
1970-ականներին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում գույքի արժեքը շարունակաբար աճում էր, իսկ դրան զուգահեռ նաև գույքահարկը: Գույքահարկը հաշվարկվում էր շուկայական մոտարկված արժեքի վրա, և միջինում հասնում էր տարեկան 3%-ի:
Հետզհետե դժգոհությունները Կալիֆորնիայի բնակիչների մոտ աճում էին, մինչև այն պահը, որ ընդվզեցին` հրաժարվելով վճարել մեծացող հարկերը և նահանգի սահմանադրության մեջ նախաձեռնեցին փոփոխություններ: Սա հայտնի է Առաջարկ 13 անվամբ (անգլերեն` Proposition 13): Ժողովրդի նախաձեռնած հանրաքվեին մասնակիցների 2/3 քվեարկեց նախագծի օգտին, որով ցանկացած պահի գույքի վրա հաշվարկվող հարկի չափը չի կարող գերազանցել շուկայական մոտարկված (գնահատված) արժեքի 1%-ը: Միաժամանակ, սահմանադրական այս փոփոխությունով ամրագրվեց, որ անշարժ գույքը չի կարող վերագնահատվել տարեկան ինֆլյացիայից ավել` միաժամանակ 2%-ից ոչ ավել: Ավելի մեծ չափով` շուկայական արժեքը արտացոլող, վերագնահատում կարող է տեղի ունենալ միայն անշարժ գույքի սեփականության իրավունքի փոխանցման (առուվաճառքի) դեպքում կամ այդ գույքի վրա ավելացում անող կապիտալ շինարարության դեպքում:
Այս ընդվզմանը մեծ թափ էին հաղորդում, այսպես կոչված հին կալիֆորնիացիաների հետևյալ գաղափարին սատարողները. Հին կալիֆորնիացիները չպետք է դուրս մղվեն բնակավայրից` բարձրացող հարկային բեռի պատճառով:
Նախատեսվում է, որ Հայաստանում անշարժ գույքի` բնակելի շենքի (բազմաբնակարան և անհատական) վրա հաշվարկվող հարկերը մեծանալու են: Հարկի նոր դրույքաչափերը հաշվարկվելու են շուկայական մոտարկված արժեքի վրա և որոշ դեպքերում (համեմատության մեջ, մեծ արժեք ունեցող բնակելի շենքերի դեպքում) դա կարող է գերազանցել այդ գնահատված արժեքի 1%-ը:
Հատկանշական է, որ այս փոփոխությունները կառավարող ուժը նախաձեռնել է, որպես շարունակություն, ավելի քան մեկ տարի առաջ իրականացված փոփոխությունների, որով Հայաստանը անցում կատարեց եկամուտների համահարթ հարկման համակարգի (դրա մասին այստեղ): Քննադատություններին, թե համահարթ հարկման համակարգը անարդար է և հանրության տարբեր շերտերի միջև եկամուտների բևեռվածությունը ավելի է խորացնելու, կառավարող ուժի ներկայացուցիչները արձագանքում էին, որ արդարությունը վերականգնելու են հարստությունը` շքեղությունը հարկելով, իսկ դա ասելով նկատի ունեին գույքահարկի դրույքաչափերի բարձրացումը:
Գույքահարկի առաջարկվող համակարգի արդարացի լինելը քննարկելիս հարկավոր է հաշվի առնել մի շարք հարցեր, որոնք կարծես թե անպատասխան են մնացել:
Ինչպե՞ս ենք հարստություն` շքեղություն հարկում (ո՞րն է շքեղության սահմանումը) և գույքահարկի բարձրացող դրույքաչափով արդարություն վերականգնում, երբ դիվիդենտի հարկը 5% է (բիզնեսում շահաբաժիններից ստացվող եկամուտը), այդ թվում օտարերկրացիների համար:
Արդյո՞ք արդար է, որ գույքը հարկում ենք ամերիկյան ստանդարտներով, երբ ամերիկացու և հայաստանցու միջին եկամուտների միջև տարբերությունը առնվազն տասնապատիկ է:
Արդյո՞ք արդար է, երբ հարկում ենք քաղաքացու գույքը առանց հաշվի առնելու նրա եկամուտների մեծությունը: Օրինակ, արդա՞ր է թանկ բնակարան ժառանգություն ստացած, սակայն փոքր եկամուտ ունեցող բնակչին դուրս մղել իր բնակավայրից` մեծացող հարկային բեռի պատճառով:
Արդյո՞ք այս հարկման մոտեցումը համայնքների միջև հավասարություն կբերի և համայնքների համար նշանակալի` միջավայրը բարելավելուն ուղղված, միջոցներ կստեղծի: Որոշ պատգամավորներ պնդում են, թե սրանով համայնքների վիճակը ավելի կլավանա, քանզի ավել եկամուտներ կունենան: Սակայն հաշվի չեն առնում, որ օրինակ Երևանում գույքի շուկայական արժեքը համեմատ սահմանային Բերքաբերի գույքի շուկայական արժեքի անհամեմատ ավելի մեծ է, իսկ գույքահարկը հաշվարկվում է այս արժեքի վրա և վճարվում է համայնքային բյուջեներ: Եվ հետևաբար Երևանից շատ հավաքագրված հարկը չի կարող ոչ մի կերպ լավացնել սահմանում բնակվող քաղաքացու միջավայրը, եթե իհարկե Երևան համայնքի ավագանին չորոշի երևանցիներից հավաքագրած հարկերը նվիրաբերել սահմանային համայնքներին:
Արդյո՞ք արդար է, երբ երկրում բնակֆոնդը հիմնականում քայքայված և հնամաշ է, միաժամանակ մեծ պահանջարկի և փոքր առաջարկի պայմաններում (բնակարաշինությունը շատ փորք ծավալների է, քանի որ գնողունակությունը մարդկանց շատ փոքր է) դա գերարժեվորված է, իսկ մենք հարկում ենք այս գերարժեվորված գույքը զարգացած երկրների` մեծ եկամուտներ ունեցող համայնքներում գործող չափանիշներով:
Եվ վերջապես, արդյո՞ք արդար է տնտեսական անկման, քաղաքացիների եկամուտների նվազման, սպասվող տնտեսական ճգնաժամի և համավարակով պայմանավորված մշուշոտ ապագայի պայմաններում քաղաքացիների վրա լրացուցիչ հարկային բեռ ավելացնել:
Սրանք հարցեր են, որ պատասխաններ են պահանջում, այլապես հորիզոնում տեսանելի է Կալիֆորնիայի հարկ վճարողների ապստամբությունը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել