
ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը կալանավորվել է
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, բավարարել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը՝ ԲՀԿ-ի նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանավորելու վերաբերյալ։
Տեղեկությունը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեցին դատարանին։ Մանուկյանը մասնակցել է իր խափանման միջոցի գործով որոշման հրապարակմանն ու արգելանքի վերցվել դատական նիստերի դահլիճից։
Հիշեցնենք, որ Մանուկյանին կալանավորելու ԱԱԾ-ի միջնորդությունն ի սկզբանե մակագրվել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին։ Այն փուլում,երբ գործի քննությունն արդեն ավարտված է եղել, Մանուկյանի պաշտպանները դատարանի գրասենյակ են մուտքագրել Արտուշ Գաբրիելյանին ինքնաբացարկի միջնորդությունը, և դատավորը բավարարել է այն։ Դրանից հետո գործը մակագրվել է դատավոր Կարեն Ֆարխոյանին։
Աբրահամ Մանուկյանը մեղադրվում է ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու մեջ՝ նույն գործով, որով անցում է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։
Մեկնաբանել