HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

«Ամեն գնով պետք է կանխել մարդկանց շնչառական սարքերին միացնելը»,- ասում է ֆրանսահայ բժիշկ Լորան Փափազյանը

«Ես երիտասարդ պրակտիկանտ էի, երբ տեղի ունեցավ 1988-ի Սպիտակի երկրաշարժը, ու այն պահին, երբ արդեն պետք է գայի Հայաստան, դադարեցին բժիշկներ ընդունել եւ չկարողացա գալ։ Դա ինձ շատ էր տխրեցրել։ Հայրս Շառլ Ազնավուրի հետ շատ ակտիվ էր Հայաստանին աջակցություն ցուցաբերելու հարցում, Կորսիկայում շատ բան էր հավաքել Հայաստան ուղարկելու համար։ Իմ այցի ձախողումը չափազանց տխրեցրել էր ինձ։ Եվ հիմա, երբ այս առաջարկն եղավ, ես հպարտ եմ գալուս համար»,- ասում է Էքս-Մարսելի համալսարանի Ինտենսիվ թերապիայի բժշկության պրոֆեսոր Լորան Փափազյանը, որը գլխավորում է կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին աջակցող ֆրանսիացի բժիշկների երկրորդ խումբը։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում պրն Փափազյանին հանդիպեցինք աշխատանքային երրորդ օրը, իր 15-րոպեանոց ընդմիջման ժամանակ։

Ի՞նչ զգացիք, երբ լսեցիք, որ Հայաստանը լուրջ համաճարակային դրության մեջ է եւ օգնության կոչ է արել։

Ինձ հետ կապ հաստատեց իմ փարիզյան գործընկերներից Ալեքսանդր Մինյոնը, որը Հայաստանում էր նախորդ շաբաթ։ Որոշումս կայացրի երկու օրում։ Մեկ շաբաթ պահանջվեց գործերս կարգավորելու եւ հավաքվելու, նաեւ՝ խումբը հավաքելու համար։ Մենք  տասը հոգով ենք, որից չորսը՝ Մարսելից։

Պրն Փափազյան, աշխարհի տարբեր երկրներում, նաեւ՝ Ֆրանսիայում եւ Եվրոպայի այլ մասերում համաճարակային իրավիճակի հանդարտացում է նկատվում, սակայն Հայաստանում այն գնալով սրվում է։ Երեկ ԱՀԿ-ն հայտարարեց, որ Հայաստանը 11 երկրների թվում է, որտեղ վարակն արագ է փոխանցվում։ Ո՞րն է պատճառը:

Դա միայն Հայաստանին չի վերաբերում։ Այս առավոտ ես լսում էի լուրերը ֆրանսիական ռադիոյով, բազմաթիվ երկրներում վարակման դեպքերն աճել են, եւ սա շատ է անհանգստացնում ԱՀԿ-ին։ Հասկանալը դժվար է, դրա համար պետք է կրկնապատկել ջանքերը, փորձել կանխել՝ հետեւելով հակահամաճարակային կանոններին։

Իբրեւ բժիշկ ի՞նչ եք կարծում՝ զանգվածային թեստավորումն օգտակար կլինի՞ Հայաստանի համար։

Չգիտեմ, որովհետեւ զանգվածային թեստավորումը պետք է զուգորդվի մարդկանց մեկուսացնելու հնարավորությամբ, այսինքն՝ մարդիկ պետք է առանձնանան ընտանիքից, ինչը դժվար է։ Մյուս կողմից՝ այն օգտակար է, եթե կա բուժում, իսկ ներկա դրությամբ կլինիկական փորձարկում անցած բուժման մեթոդ կա միայն ծանր հիվանդների համար, որոնք հոսպիտալացված են ու թթվածնի կարիք ունեն, եւ ոչ նրանց համար, ովքեր տանն են։ Անշուշտ, զանգվածային թեստավորումը կօգներ մեկուսացնել մարդկանց, այս պահին կարեւորն այն է, որ բոլորը զգույշ լինեն։ Ես անհանգիստ եմ, օրինակ, Ֆրանսիայի համար. քանի որ թվերը նվազել են, մարդիկ սկսել են ինչ ասես անել՝ դիմակ չեն դնում, մոտենում են իրար, ոմանք գրկախառնվում են, չի բացառվում, որ թվերը կրկին աճեն։ Իսկ Հայաստանի փողոցներում, իմ տպավորությամբ, կարծես թե հետեւում են կանոններին, դիմակ են կրում, դա պետք է շարունակել։

Ի՞նչ եք դուք կոնկրետ անում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում։ Աշխատում եք որպես ինտենսիվ թերապիայի բժի՞շկ, թե խորհուրդներ եք տալիս հայ բժիշկներին։

Մենք փորձում ենք պատասխանել նրանց կարիքներին։ Հայ բժիշկները շատ լավ են զբաղվում հիվանդներով, մենք նրանց օգնում ենք եւ պատասխանում հարցերին, եթե այդպիսիք կան։ Նաեւ սարքավորումներ ենք բերել՝ բարելավելու համար այն պացիենտների թթվածնայնացումը, որոնք ինքնուրույն են շնչում, դա այնպիսի սարքավորում է, որն այստեղ չկար եւ շատ թանկ չէ, կարծում եմ հետագայում Հայաստանը կարող է պատվիրել։ Մենք այստեղ չենք հայ բժիշկների տեղը գրավելու համար, մենք նրանց ինչ-որ բաներ սովորեցնելու համար ենք, կարճ ասած՝ հարմարվում ենք տեղական իրավիճակին, ցույց տալիս միջոցներ ու գործիքներ, որոնք կարող են բարելավել նրանց կողմից հիվանդների խնամքը։

Կա՞ տարբերություն կորոնավիրուսով հիվանդների բուժման մեթոդի եւ ձեւի մեջ Ֆրանսիայում եւ Հայաստանում։

Այո, բայց դա պայմանավորված է հիվանդներով։ Հայաստանում, քանի որ երկիրը բարձրադիր է, պացիենտներն ավելի լավ են դիմակայում թթվածնի պակասին։ Մենք տեսնում ենք, որ հիվանդի օրգանիզմում թթվածնի մակարդակը շատ ցածր է, բայց նա լավ է, ուտում է, խմում, Ֆրանսիայում նույն մակարդակի թթվածին ունեցողն արդեն ապարատին միացված կլիներ։ Բարեբախտաբար, հայ հիվանդներն այս առումով տարբերվում են (ծիծաղում է)։ Մեր խնդիրն է օգնել հնարավորինս հետաձգել այն պահը, երբ նրանք կմիացվեն շնչառական սարքերին, որովհետեւ այդքան շատ հնարավորություններ չկան։ Ամեն գնով պետք է կանխել նրանց շնչառական սարքերին միացնելը։

Ի՞նչ կարծիք ունեք մահվան դեպքերի հաշվառումը վարելու վերաբերյալ։ Հայաստանում տարանջատում են կորոնավիրուսից մահացածներին եւ այլ հիվանդություններից մահացածներին, որոնք ունեցել են կորոնավիրուս։ 

Հայաստանի մասին կդժվարանամ խոսել, քանի որ երեք օր է, ինչ այստեղ եմ։ Պետք է, հավանաբար, մյուս տարի համեմատել մահացության թիվը 2020-ի հունիսին 2021-ի հունիսի հետ կամ 2019-ի հունիսի հետ ամբողջ բնակչության հաշվով։ Ֆրանսիայում թվերը փոխվեցին մի քանի անգամ, որովհետեւ մոռացել էին ներառել ծերանոցներում մահացած մարդկանց։

Հայտնի է, որ կորոնավիրուսն ախտահարում է մարդկանց թոքերը, ինչպե՞ս է այն ազդում մյուս օրգանների վրա։

Այս հիվանդությունն ավելի շուտ սկսվում է արյունատար անոթներից, թոքերից եւ երբեմն մյուս օրգաններից, ինչպես, օրինակ, ուղեղը, բայց հիմնականում թոքերից։ Թթվածնի պակասն է, որ ազդում է ուղեղի վրա։ Բայց առնվազն վեց ամիս պետք է սպասել՝ հարակից ազդեցությունները հասկանալու համար։

Հայաստանի պարագայում չպետք է սպասել, կարեւոր է փորձել հնարավորինս քիչ մահ ունենալ հենց սկզբում։

Հայաստանում եւ Ֆրանսիայում գործածվող դեղամիջոցների միջեւ տարբերություն կա՞։

Բոլորովին։ Մեր հայ գործընկերները դեքսամետազոնը մեզանից առաջ են կիրառել հիվանդանոցում գտնվող ծանր հիվանդների բուժման համար։ Դժբախտաբար, դեռեւս գիտական որեւէ հետազոտություն չկա՝ արդյոք այն կարելի է կիրառել ոչ ծանր դեպքերի համար։

Ի՞նչ է մեզ պակասում այստեղ առողջապահական իմաստով։

Բժշկական անձնակազմի հանդերձանքի տեսանկյունից կարող եմ խոսել միայն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի մասին, այստեղ բավարար միջոցներ կան, այն, ինչ պետք է։ Ֆրանսիայում համաճարակի բռնկման պահին մենք անգամ բավարար չափով դիմակ եւ արտահագուստ չունեինք։ Հավանաբար միայն ավելի շատ ներգրավվածություն գիտական քննարկումներին, կոնֆերանսներին։ Ավելի շատ փոխգործակցություն արտասահմանցի գործընկերների հետ՝ երկու ուղղությամբ, բայց մեկնարկն արդեն տրված է։

Ի՞նչ եք տանելու ձեզ հետ Հայաստանից։

Շատ լուսանկարներ։ Շատ հուզիչ է այստեղ գտնվելը։ Մտածում եմ տատիկիս ու պապիկիս մասին։ Նրանք պետք է որ գոհ լինեն այնտեղ՝ երկնքում։

Տատիկս եւ պապիկս Ֆրանսիա են գաղթել Կոստանդնուպոլսից ցեղասպանության ժամանակ։ Փափազյանները ծագումով Վանից են։ Տատս եւ պապս ծանոթացել են Մարսելում։ Քանի որ տատիկս անընդհատ հիվանդ էր, ընտանեկան բժիշկը խորհուրդ է տալիս տեղափոխվել Կորսիկա։ Նավ են նստում՝ Մարսել-Բաստիա (Վերին Կորսիկա) եւ գալիս հաստատվում այդ փոքրիկ կղզում։ Նրանց ընդունում եւ կացարան է տալիս մի հովիվ՝ սարերում։ Նրանք Կորսիկայի միակ հայ ընտանիքն էին։ Հայրս ծնվել է այնտեղ, ես եւ քույրս նույնպես ծնվել եւ մեծացել ենք Կորսիկայում։ Հետո ես տեղափոխվել եմ Մարսել բժշկություն ուսանելու։ Այդ պատճառով ներգրավված չենք եղել հայկական սփյուռքի կյանքում։ Տատս եւ պապս չեն պատմել մեզ այն վայրագությունների եւ սարսափի մասին, որ իրենք ապրել են, որովհետեւ ցանկացել են մոռանալ, բայց հիմա ես ափսոսում եմ, որ չեն պատմել։

Երկար ժամանակ է, որ մտածում էի՝ եթե կարողանամ օգնել իմ մասնագիտությամբ Հայաստանին, դա մեծ պատիվ կլինի ինձ համար։ Ավելի ուշ ես մտադիր եմ համագործակցություն ստեղծել երիտասարդ հայ եւ ֆրանսիացի բժիշկների միջեւ։

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter