HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ում 4 անձի մեղադրանք է առաջադրվել հուշարձանի պղծման փորձի համար

ԱՄՆ արդարադատության մարմինները մեղադրանք են առաջադրել 4 անձի, որոնք Վաշինգտոնում կայացած հակառասիստական ցույցերի ժամանակ ենթադրաբար փորձել են տապալել ԱՄՆ նախկին նախագահ Էնդրյու Ջեքսոնի հուշարձանը։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն։ ԱՄՆ դատախազությունը շաբաթ օրը՝ հունիսի 27-ին հայտարարել է, որ 20-47 տարեկան չորս տղամարդ մեղադրվում են դաշնային սեփականության վնասման մեջ։ Նրանց սպառնում է մինչև 10 տարի ազատազրկում։

«Այս մեղադրանքները պետք է նախազգուշացում լինեն բոլոր նրանց, որոնք կորոշեն պղծել մեր մայրաքաղաքը զարդարող արձաններն ու հուշարձանները։ Այլևս չի հանդուրժվի նրանց ագրեսիվ և հանցագործ վարքագիծը»,- նշվում է դատախազության տարածած հաղորդագրության մեջ։ Մեղադրյալներից մեկն արդեն իսկ կալանավորվել է և կանգնել դատարանի առաջ։

Զուգահեռաբար, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Twitter»-ի իր միկրոբլոգում վերահրապարակել է ոստիկանության կոչը՝ օգնելու պարզել ավելի քան 10 ցուցարարների ինքնությունը, որոնք հունիսի 22-ի երեկոյան ենթադրաբար մասնակցել են Ջեքսոնի հուշարձանի ապամոնտաժմանը։

Տեսախցիկների տեսագրություններից երևում է, թե ինչպես ցուցարարները փորձում են տապալել հուշարձանը։ Չորս տղամարդ, որոնց մեղադրանք է առաջադրվել, ենթադրաբար պարաններ են նետել հուշարձանի վրա և փորձել տապալել այն։ Մեղադրական կողմի վարկածով՝ տղամարդկանցից մեկը մյուսին մուրճ է փոխանցել։ 

Ավելի վաղ, հունիսի 26-ին նախագահ Թրամփը ստորագրել էր հրամանագիր, որով ենթադրվում էր հուշարձանների պղծման պատժաչափի խստացում։ Նախագահ Էնդրյու Ջեքսոնը, որը նախագահել է 1829-1837 թվականներին, համարվում է ԱՄՆ պատմության ամենավիճելի դերակատարներից մեկը։ Նա ոչ միայն եղել է ստրկատեր, այլև իրականացրել է հնդկացիների զանգվածային վերաբնակեցում, որի նպատակն էր սպիտակամորթ վերաբնակիչների հաստատումն այդ տարածքներում։

Լուսանկարը՝ Drew Angerer / Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter