
Առաջարկվում է մասնակի փոխհատուցել աշնանացան ցորենի սերմերի գինը
Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է ցորենի արտադրության ծավալների ավելացման նպատակով աշնանացան ցորենի սերմերի գինը մասնակի սուբսիդավորել կամ փոխհատուցել՝ խթանելով աշնանացան ցորենի արտադրությանը։
Էկոնոմիկայի նախարարությունը նման ծրագիր է քննարկման ներկայացրել իրավական ակտերի միասնական կայքում։
Նախարարությունը, մասնավորապես, առաջարկում է Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող, ինչպես նաև ցանք կատարելու համար արտադրված, ներմուծված աշնանացան ցորենի սերմերի գինը մասնակի սուբսիդավորել կամ փոխհատուցել։ 1 կգ-ի համար տրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը սահմանվելու է 70 դրամ, ինչը հնարավորություն կտա տնտեսավարողներին ձեռք բերել որակյալ սերմեր՝ շուկայականից առավել ցածր գնով։
«Կորոնավիրուսի տարածման հետևանքով, ցորենի ներմուծման հնարավոր դժվարությունների պայմաններում, խնդիր է առաջանում, տեղական արտադրության ծավալների ավելացման միջոցով, բարձրացնել ինքնաբավության մակարդակը և նպաստել պարենային անվտանգության ապահովմանը»,-ընդգծել է Էկոնոմիկայի նախարարությունը։
Նախարարության կանխատեսումներով՝ այս նախագծի ընդունումը կնպաստի հանրապետությունում ցորենի բերքատվության մակարդակի բարձրացմանը՝ շուրջ 30 %-ով։
Նախարարությունը հայտնել է, որ վերջին տարիների ընթացքում աշնանացան ցորենի հիմնական արտադրատնտեսական ցուցանիշները նվազել են. 2019 թվականին, 2015 թվականի համեմատ, ցանքատարծությունները շուրջ 44 %-ով, բերքատվության մակարդակը՝ 42 %-ով, որի արդյունքում էլ նվազել է համախառն բերքը` 68,7 %-ով։ Մինչդեռ վերջին 5 տարիներին տարեկան ներմուծվել է 250 – 330 հազար տոննա ցորեն։
«Գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը նպատակաուղղված է պարենային անվտանգության ապահովմանը, չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային օգտագործմանը, սերմնաբուծության և սերմարտադրությանն ուղղված պետական աջակցության ծրագրերի իրականացմանը»,-հայտնել է Էկոնոմիկայի նախարարությունը։
Մեկնաբանել