
Իշխող խմբակցությունը «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում առաջին ընթերցմամբ փոփոխություններ կատարեց
Քաղաքական մեծամասնության պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Տեղեկացնենք, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները բոյկոտել են նիստի աշխատանքը: Օրակարգում երկու նախագիծ կա, երկուսն էլ վերաբերում են Սահմանադրության փոփոխություններին ու Սահմանադրական դատարանին:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց «Սահմանադրական դատարանի մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» նախագծերի փաթեթը: Ըստ այս փոփոխության` առաջարկվում է ՍԴ դատավորների թափուր տեղերի առաջադրումների հերթականությունը փոխել: Առաջարկվում է առաջադրում կատարելու առաջին լիազորությունը վերապահել Կառավարությանը, ապա` Հանրապետության նախագահին և այնուհետև դատավորների խորհրդին:
Ըստ փոփոխությունների` ՍԴ այն անդամ-դատավորները, որոնց լիազորությունները դադարեցվել են մինչ ժամկետի ավարտը, կենսաթոշակի իրավունք են ստանալու:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվեց, թե արդյոք ՍԴ դատավորների երեք թափուր տեղերը մինչ չլրացվեն, ՍԴ-ն նոր նախագահ չի ունենալու: Սուրեն Գրիգորյանն արձագանքեց` այս պահին երեք դատավորի թափուր տեղ կա, և պետք է համալրումից հետո ՍԴ դատավորների կազմից ընտրվի ՍԴ նախագահ:
Վահագն Հովակիմյանն էլ ներկայացրեց «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը: Հովակիմյանի խոսքով` ԱԺ կանոնակարգ-օրենքում ավելի վաղ արված փոփոխությունները հնարավորություն են տվել ստեղծել նման իրավական գործիքակազմ, որը թույլ է տալիս արտակարգ դրության ավարտից հետո հայտարարված հանրաքվեն չհրավիրել: Նրա խոսքով` այդ փոփոխությունները հունիսի 25-ից ուժի մեջ են մտել, հետևաբար այժմ կարող են հանրաքվեն չեղարկելու որոշում ընդունել:
Նախագծերի փաթեթը դրվեց քվեարկության, առաջինն ընդունվեց 80 կողմ, 1 դեմ ձայնով, երկրորդը` 81 կողմ ձայնով:
Լրացում 15:50
Նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց:
Մեկնաբանել