HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

5000-ական դրամ միայնակ տարեցներին` կոմունալների վճարման համար. պատգամավորի օրենսդրական առաջարկը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն առաջարկում է միայնակ տարեցներին 5000-ական դրամ փոխհատուցում տրամադրել` կոմունալ վարձավճարների համար:

Պատգամավորը փոփոխություններ է առաջարկում «Սոցիալական աջակցության մասին» օրենքում: Առաջարկվում է օրենքը լրացնել նոր հոդվածներով, ըստ որոնց` կոմունալ վճարների դրամական փոխհատուցումը տրամադրվում է միայնակ տարեցներին` նրանց կողմից սպառված գազի և էլեկտրաէներգիայի գումարը փոխհատուցելու նպատակով:

Նշվում է նաև, որ կոմունալ վճարների դրամական փոխհատուցման տրամադրման կարգը և պայմանները սահմանում է Կառավարությունը:

Պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման նախաձեռնության գաղափար իր մոտ առաջացել է քաղաքացիների դիմումներից հետո:

«Միայնակ տարեցներն այսօր սոցիալական լուրջ խնդրի առջև են կանգնած։ Սկզբում ինձ դիմեցին դեղերի փոխհատուցման հարցով։ Տարեցների մոտ ժամանակի ընթացքում առաջանում են առողջական տարբեր խնդիրներ, ու եթե կենսաթոշակից ծախսում են դեղերի և կոմունալ վարձավճարների համար, սննդի համար գումար գրեթե չի մնում։ Շատ պարզ հաշվարկ անենք՝ եթե տանը երկու կենսաթոշակառու կա, ապա մեկի կենսաթոշակը ծախսվում է կոմունալ վճարների ու դեղերի, մյուսինը` սննդի վրա»,- ասում է Սրբուհի Գրիգորյանը:

Ըստ նախագծի` առաջարկվող փոփոխությունները պետական բյուջեի համար տարեկան կտրվածքով լրացուցիչ 711 միլիոն դրամի ծախս են ենթադրում:

Հարցին, թե արդյոք նման իրավիճակում այս փոփոխությունը պետական բյուջեի համար խնդիր չի՞ առաջացնի, մեր զրուցակիցն ասաց.

«Բյուջեի համար, անշուշտ, ծախս է, բայց տարեցները մեր քաղաքացիներն են և ուշադրության կարիք ունեն։ Նրանք իրենց ողջ կյանքում աշխատել են մեր պետության համար։ Եվ հիմա հարկ է, որ պետությունը նաև այսպիսի փոքրիկ փոխհատուցմամբ ասի, որ իր կողքին է։ Իրենք խոցելի խումբ են, և ես կարծում եմ, որ մենք հաջորդական քայլերով պետք է աջակցենք խոցելի բոլոր խմբերին»:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է նաև, որ Հայաստանում կենսաթոշակների չափը բավական ցածր է նվազագույն կենսապայմանների ապահովման համար, ուստի կոմունալ վճարները լուրջ ֆինանսական բեռ են հատկապես միայնակ բնակվող տարեց թոշակառուների համար:

Ըստ պաշտոնական տվյալների` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ներկա դրությամբ հաշվառված են 11 851 միայնակ տարեցներ, որոնցից յուրաքանչյուրին եթե պետական բյուջեից ամսական կտրվածքով փոխհատուցվի 5000 դրամ, ապա տարեկան կտրվածքով փոխհատուցման ընդհանուր գումարը կկազմի մոտավորապես 711,1 մլն դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter