HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչպես է բացատրվում միջին աշխատավարձի աճը

Նվազագույն աշխատավարձի բարձրացումն ու ցածր աշխատավարձ ստացողների հարկադիր պարապուրդի անցնելը մեխանիկորեն հանգեցրել է միջին աշխատավարձի աճին։

Այս տարվա մայիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 191 792 դրամ (ներառյալ հարկերը), որը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 6.8 %-ով։ Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) հրապարակած ամենաթարմ ցուցանիշները։

Մայիսին պետական հատվածի աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 159 770 դրամ՝ աճելով 6.8 %-ով, իսկ ոչ պետական հատվածի աշխատավարձը 208 656 դրամ է, աճը՝ 7.2 %:

Վիճկոմիտեն միջին աշխատավարձի աճ է արձանագրել նաև մայիսին նախորդող ամիսներին։ Եվ սա այն պարագայում, երբ մարտից սկսած Հայաստանում տնտեսությունը անկում է ապրում՝ արդյունաբերությունից մինչև ծառայություններ։ Շատերի համար տարօրինակ է, թե ինչպես է տնտեսական անկման պայմաններում միջին աշխատավարձն աճում։ Սակայն տնտեսագետների մի մասը սա օրինաչափ է համարում։ Կենտրոնական բանկն ու Վիճակագրական կոմիտեն ևս դրա բացատրությունն են ներկայացնում։

Վիճկոմիտեն պարզաբանում է, որ միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշի հաշվարկում (սկսած ապրիլից) ներառվել են այն կազմակերպությունների տվյալները, որոնք COVID-19-ի հետևանքով աշխատողների մի մասին կամ բոլորին ուղարկել են չվճարվող հարկադիր պարապուրդի։ Վերջիններիս աշխատանքային գործունեությունը չի դադարեցվել, սակայն նրանք չեն վարձատրվել։

Կենտրոնական բանկի մասնագետներն էլ նշում են, որ հարկադիր պարապուրդի են անցել հիմնականում ցածր աշխատավարձ ստացողները, ինչը հանգեցրել է աշխատողների թվի կրճատմանն, ու մեխանիկորեն բարձրացել է միջին աշխատավարձը։

Բացի այդ, միջին աշխատավարձի աճի վրա ազդել է նաև նվազագույն աշխատավարձի բարձրացումը, որը տեղի ունեցավ օրենսդրական նախաձեռնության արդյունքում։ 2019 թվականի նոյեմբերի 19-ին Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց մի նախագիծ, ըստ որի՝ նվազագույն աշխատավարձը Հայաստանում 2020 թվականին 55 հազար դրամից դարձավ 68 հազար դրամ։

«2020 թվականին մասնավոր հատվածի անվանական աշխատավարձերի աճի տեմպի էական դանդաղում չի սպասվում։ Աճը կպահպանվի 6.8 %-ի շրջանակներում՝ պայմանավորված ինչպես նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ, այնպես էլ՝ միջին աշխատավարձի կառուցվածքի փոփոխությամբ, քանի որ համավարակի տարածման պայմաններում և տնտեսական սահմանափակումների հետևանքով ամենախոցելի ոլորտների աշխատողները հիմնականում միջինից ցածր աշխատավարձ ստացող անձինք են»,- նշված է Կենտրոնական բանկի գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության ծրագիր 2-րդ եռամսյակ 2020թ.)​։

Իսկ 2021 թվականի համար Կենտրոնական բանկը կանխատեսում է միջին աշխատավարձի 6.4 % աճ, որը հաջորդող տարիներին կարագանա՝ 2023 թվականին հասնելով 7.1 %-ի։

Սպասվում է գործազրկության աճ՝ մինչև 20.4 %

Առանց պաշտոնական տվյալների էլ ակնհայտ է, որ նոր համավարակի տարածման պայմաններում գործազրկությունն աճում է։

Գործազրկության վերաբերյալ ցուցանիշները Հայաստանի Վիճակագրական կոմիտեն այնքան ուշ է թարմացնում, որ այս պահին եղած ամենավերջին տվյալները մեզ ոչինչ ասել չեն կարող։ Կոմիտեն դեռևս չի հրապարակել ոչ 2020 թվականի առաջին, ոչ էլ՝ երկրորդ եռամսյակի գործազրկության պատկերը։ Այսինքն՝ ամենաթարմ ցուցանիշը 2019 թվականի չորրորդ եռամսյակինն է, ըստ որի՝ գործազրկության մակարդակը 17.9 % է։

Կենտրոնական բանկի մասնագետները համարում են, որ գործազրկության ցուցանիշները կարող են թերագնահատված լինել 2020 թվականի երկրորդ եռամսյակում՝ բազմաթիվ աշխատողների հարկադիր պարապուրդում գտնվելը հաշվարկում չներառելու հետևանքով։ Այսինքն՝ հարկադիր պարապուրդում գտնվողը կարող է չհամարվել գործազուրկ և չհաշվարկվել վիճակագրության մեջ։

Այդուհանդերձ, 2020 թվականին ԿԲ-ն ակնկալում է գործազրկության աճ՝ կազմելով միջին հաշվով 20.4 %: Իսկ առաջիկա տարիներին, եթե տնտեսությունը սկսի դանդաղ վերականգնվել, ապա գործազրկության մակարդակը աստիճանաբար կարող է նվազել տարեկան 0.3-0.5 տոկոսային կետով՝ 2023 թվականին հասնելով 19.6 %-ի։ Փաստացի և կանխատեսվող ցուցանիշները կարող են տեսնել վերևում գտնվող աջ գրաֆիկում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter