HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Տնտեսական ակտիվությունը մայիսին 12.8%-ով նվազել է. Վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները

Այս տարվա մայիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նվազել է 12.8%-ով։ Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) հրապարակած օպերատիվ ցուցանիշները։ Նշենք, որ սրանք նախնական տվյալներ են, որոնք հետագայում երբեմն ճշգրտվում են՝ սովորաբար ոչ մեծ տարբերությամբ։

Ապրիլին, ըստ Վիճկոմիտեի ճշգրտված տվյալների, տնտեսական ակտիվությունը նվազել է 16.3%-ով։ Ինչպես երևում է, մայիսին անկումը որոշակիորեն դանդաղել է։ Սրա, ինչպես նաև՝ հունվար-փետրվարին գրանցված աճերի արդյունքում այս տարվա առաջին հինգ ամիսների կտրվածքով՝ հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշի անկումը կազմել է 3.9%:

Հատկանշական է, որ եթե տնտեսության մի քանի ոլորտներում արդեն մայիսից անկումը դանդաղել է, ինչպես՝ շինարարության, արդյունաբերության ու ներքին առևտրաշրջանառության, ապա ծառայությունների ոլորտում նվազման տեմպերն արագացել են։

Նոր կորոնավիրուսի (COVID-19) ազդեցությունը պաշտոնական վիճակագրության մեջ արտացոլվում է արդեն մարտից։ Հիշեցնենք, որ մարտի 16-ից Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարված։

Անկում են ապրում տնտեսության գրեթե բոլոր ոլորտները։ Տոկոսային առումով ամենախորը վայրէջքը շինարարության ոլորտում է։ Այս տարվա մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ շինարարության ծավալները նվազել են 27%-ով՝ կազմելով 23.4 մլրդ դրամ։

Տարվա առաջին երկու ամիսներին շինարարության ծավալներն աճել են, որից հետո կտրուկ նվազում է գրանցվում։ Այս տարվա հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, շինարարության ծավալները կրճատվել են 23.4%-ով։

Մայիսին արդյունաբերական արտադրանքի ծավալը կրճատվել է 3.9%-ով՝ կազմելով 150.4 մլրդ դրամ։ Այս ոլորտը տարին սկսել էր երկնիշ աճով, ինչի շնորհիվ էլ հունվար-մայիսի կտրվածքով արդյունաբերության ծավալները, 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, աճ են գրանցել՝ 2.4%:

Մարտից արդյունաբերության ոլորտում գրանցվող անկումը փոխկապակցվում է արտահանմանը, որը ևս կրճատվել է։ Նկատելի է, որ աճում է հանքահումքի արտահանումը, իսկ մյուս խոշոր ապրանքախմբերինը, օրինակ՝ սննդի արտահանումը, նվազում է։

Ծառայությունների ոլորտում, ինչպես նշեցինք, անկման տեմպերը մեծացել են։ Այս տարվա մայիսին, 2019 թվականի նույն ամսվա համեմատ, ծառայությունների ծավալը նվազել է 19.4%-ով՝ կազմելով 132.7 մլրդ դրամ։

Ծառայությունների ոլորտը ևս տարվա սկզբում երկնիշ տեմպերով է աճել։ Մարտից սկսած անկումը հաջորդող երկու ամիսներին ավելի է խորացել։

Հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ծառայությունների ոլորտի անկումը կազմում է 4.2%:

Ծառայությունների ոլորտում հյուրանոցները, ռեստորաններն ու զբոսաշրջային գործակալությունները ամենաշատ տուժողներից են։

Առևտրաշրջանառության ծավալները մայիսին շարունակել են կրճատվել, սակայն ապրիլի համեմատ նվազման տեմպերի զգալի դանդաղում կա։ Մայիսին, 2019-ի նույն ամսվա համեմատ, Հայաստանում ներքին առևտրաշրջանառությունը նվազել է 18.4%-ով՝ կազմելով 210.6 մլրդ դրամ։

Ապրիլին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, առևտուրը կրճատվել է 33.1%-ով։

Հունվար-մայիսին, 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, առևտրի ոլորտի անկումը 10.8% է։

Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. մայիսը 2019թ. մայիսի նկատմամբ) կազմել է 1.2%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.1% գնանկում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter