HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լարված իրավիճակ Ամուլսարում․ ակտիվիստները պահանջում են հեռացնել զինված պահնորդներին և հետևել պայմանավորվածություններին

Երեկվանից Ամուլսարի շուրջ իրավիճակը կրկին լարվել է։ Պատճառը եղել է «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից նոր պահնորդական ծառայության ներկայացուցիչների պահվածքը տարածքում։ Երեկ լուսադեմին, պահնորդական ծառայության աշխատակիցները զինված ներխուժել են ակտիվիստների պահակակետ, մեքենայով վրաերթի են ենթարկել ակտիվիստների խնամած շան 3 ձագի, զինված շրջել տարածքում։

Այսօր ակտիվիստների հետ հանդիպման էր եկել պահնորդական նոր ծառայության ղեկավար ներկայացած Արթուր Դանիելյանը։ Ակտիվիստները նրանից պահանջում էին հանել ռեզերվային պահնորդներին տարածքից, կարգավորել նոր պահնորդների ամենաթող պահվածքն իրենց համայնքի տարածքներում, որպեսզի վերջիններս զենքերով կամ մահակներով չշրջեն և երեխաներին ու համայնքի բնակիչներին լարվածության մեջ չպահեն։ Բացի դրանից, պահնորդները մեքենաներով չեն կարող մուտք գործել հանքի ենթակայության տարածք։ Պահնորդների պահակակետ, ըստ ակտիվիստների, նախորդ պահնորդական ծառայության աշխատակիցները ոտքով էին հասնում, քանի որ մայրուղուց պահակակետ ընդամենը մի քանի մետր է։

Արթուր Դանիելյանը ներկաներին խոստացավ, որ ռեզերվային պահնորդներին կհանի տարածքից, իսկ ավտոմեքենաների մուտքի մասին դեռևս կխոսի ընկերության իրավաբանի հետ։

Ակտիվիստները նրան բացատրեցին, որ դրա մասին խոսելու հարց չկա, քանի որ իրենք նախկինում արդեն իսկ պայմանավորվել են, որ այդ տարածք մեքենա չի մտնելու, իսկ եթե պահնորդներն ուզում են շրջել կամ հսկել տարածքը մեքենայով, պետք է Գնդեվազի վերևից մուտք գործեն։

Ակտիվիստների և պահնորդների միջև հանդիպումը թեժացավ, երբ ակտիվիստներից մի քանիսը սկսեցին հիշեցնել, որ դա իրենց համայնքի տարածքն է, որի տերն իրենք են և կանոններն էլ իրենք են սահմանել՝ երկու տարի այդ «պոստերում» Ամուլսարը պահպանելով։

Ոստիկանության Վայոց ձորի աշխատակիցները փորձում էին կարգավորել իրավիճակը, որպեսզի բախում չառաջանա՝ պահնորդներին հետ պահելով ակտիվիստներից։

Պահնորդական ծառայության փոփոխության վերաբերյալ երեկ հայտարարություն էր տարածել նաև «Լիդիան Արմենիա» ընկերությունը․

««Լիդիան Արմենիա» ընկերության կողմից տեղի է ունեցել Ամուլսարի ծրագրի տարածքի պահանորդային ծառայություն իրականացնող ընկերության փոփոխություն: «Լիդիան Արմենիան» արդեն երկու տարի շարունակում է ապօրինաբար զրկված լինել իր օրինական տարածք մուտք գործելու հնարավորությունից։ Սակայն Ամուլսարի տարածքում առկա է միլիոնավոր դոլարների գույք և տեխնիկա, և Ընկերությունը հայտնում է իր մտահոգությունը տարածքում գողությունների հիմնավոր կասկածների վերաբերյալ։  Ըստ այդմ՝ «Լիդիան Արմենիան» սեփական տարածքի և իր գույքի անվտանգության խնդիրը լուծելու համար նպատակահարմար է գտել փոխել պահանորդային ծառայություն իրականացնող ընկերությունը։ Վերջինս լիազորված է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և օրենքի շրջանակներում իրականացնել Ամուլսարի տարածքի պահպանությունը»։

«Լիդիան Արմենիա» ընկերությունը, սակայն, չի նշել, թե պահնորդական որ ընկերությունն է փոխարինելու նախկինում պահնորդական ծառայություն իրականացնող «Պանտեռա սիքյուրիթի»-ին։

Այդուհանդերձ, տարածքում գտնվող ծառայողները ներկայանում էին որպես «Հատուկ անվտանգության ծառայության» աշխատակիցներ։

Այդ անվամբ ՀՀ ԱՆ իրավական անձանց պետական ռեգիստրում 2017թ․ գրանցվել է «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ն, որի բաժնետերը Աջափնյակում գրանցված Սերյոժա Հմայակի Կիրակոսյանն է։

Ոստիկանության ներկայացուցիչները ակտիվիստներին հայտնեցին, որ շնաձագերի վրաերթի դեպքով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter