HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջո Բայդենը դադարեցրել է քարոզարշավը, իսկ Թրամփը գնել աշխարհում ռեմդեսևիրի եռամսյա պաշարները

ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ չի անցկացնի նախընտրական և ոչ մի հանդիպում կամ ակցիա, քանի դեռ երկրում չի կայունացել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը։ Այդ մասին գրում է «BBC»-ն։ Այդուհանդերձ, նրա մրցակից Դոնալդ Թրամփը շարունակում է քարոզարշավը և վերջերս հանդիպել է Օկլահոմա նահանգի ընտրողների հետ, որտեղ աճում է հիվանդության տարածումը։

Բայդենը քննադատել է կորոնավիրուսի համավարակի ուղղությամբ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը։ Նա հայտարարել է, որ նախագահը, որն անտեսում է գիտնականների խորհուրդները, ի չիք է դարձնում այն ամենը, ինչին ամերիկյան ժողովուրդը հասել է տարիների ընթացքում։

Ավելի վաղ, ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին զգուշացրել էր, որ եթե իշխանությունները վիրուսի տարածումը չվերցնեն իրենց հսկողության տակ, ապա օրական նոր վարակվածների թիվը կավելանա մինչև 100 հազարով։ Ներկայումս Միացյալ Նահանգներում նոր վարակվածների թիվը օրական հասնում է 40 հազարի։ Հիմնականում վարակակիրների թիվը կտրուկ աճել է Տեխասում և Ֆլորիդայում։ Ամերիկյան մի քանի նահանգներ երկշաբաթանոց պարտադիր կարանտին են հայտարարել բոլոր այն անձանց համար, որոնք ժամանում են երկրի այլ նահանգներից։ «Ես խիստ մտահոգված եմ և դժգոհ, որովհետև մենք գնում ենք սխալ ճանապարհով»,- հայտարարել Էնթոնի Ֆաուչին։

Վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից ԱՄՆ-ում մահացել է ավելի քան 1000 մարդ։ Մահացությունների ընդհանուր թիվը հասել է 127 400-ի, իսկ վարակվածների թիվը՝ 2,6 միլիոնի։ Առողջապահության համաամերիկյան կազմակերպությունը նախազգուշացնում է, որ Կարիբյան ավազանի և Լատինական Ամերիկայի երկրներում կորոնավիրուսից մահացության ցուցանիշները հոկտեմբերին կարող են հասնել մինչև 400 000-ի, եթե Միացյալ Նահանգները չխստացնի հսկողությունը։

Զուգահեռաբար, Միացյալ Նահանգները ձեռք է բերել աշխարհում ռեմդեսևիրի եռամսյա պաշարները։ Վերջինս հակաբիոտիկ է, որն ստեղծվել էր էբոլայի բուժման նպատակով։ Ապրիլին իրականացված փորձարկումների ընթացքում պարզ էր դարձել, որ այն բուժում է ռեսպիրատոր տարբեր հիվանդություններ և որոշ գիտնականներ նշել էին, որ այն հաջողությամբ կարող է ազդել նաև կորոնավիրուսի վրա։ Սակայն հաստատվել է միայն այն հանգամանքը, որ ռեմդեսևիրն օգնում է արագ վերականգնվել հիվանդությունից հետո, սակայն չի բուժում այն։ Այդուհանդերձ, ԱՄՆ լիցենզավորող մարմինները հաստատել են ռեմդեսևիրը որպես կորոնավիրուսի բուժման միջոց։

Ամբողջ աշխարհի մասնագետները, մի շարք պատճառներից ելնելով, անհանգստացած են ԱՄՆ գործողություններից։ Առաջին հերթին, նրանց կարծիքով, այս դեղամիջոցի լայն կիրառումը կարող է ունենալ անցանկալի հետևանքներ։ Մասնավորապես, անհայտ է, թե ինչ հակառակ ազդեցություն կարող է ունենալ դեղամիջոցը, երբ հիվանդն ստանա կորոնավիրուսի պատվաստանյութը։ Երկրորդը, ԱՄՆ-ն ձեռք է բերել աշխարհում ռեմդեսևիրի եռամսյա պաշարները, իսկ դեղամիջոցը կարող է օգտագործվել նաև այլ նպատակներով։ «ԱՄՆ-ն հասանելիություն ունի դեղամիջոցի պաշարների մեծ մասին, իսկ Եվրոպայում ոչինչ չի մնացել»,- ահազանգում է Լիվերպուլի համալսարանի պրոֆեսոր Էնդրյու Հիլը։ 

«Նախագահ Թրամփը կարողացել է ամերիկացիներին ապահովել Covid-19-ի դեմ առաջին լիազորված թերապևտիկ դեղամիջոցով»,- հայտարարել է ԱՄՆ առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարար Ալեքս Ազարը։

Միայն վերջերս Հարավային Կորեայի հիվանդությունների վերահսկման և պրոֆիլակտիկայի գործակալությունը սկսել էր կիրառել ռեմդեսևիրը և հայտարարել, որ օգոստոսի վերջին ցանկանում է ձեռք բերել դեղամիջոցի նոր խմբաքանակ։ Ստացվում է, որ մինչև սեպտեմբերի վերջ աշխարհում չկան ռեմդեսևիրի պաշարներ։

Լուսանկարները՝ USA Today-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter