
Ամատունի Կիրակոսյան. «Ծիրանի բերքահավաքը հաճելի տանջանք է»
Արմավիրի մարզում արդեն սկսվել է ծիրանի բերքահավաքը: Այգու տերերը փաստում են, որ տարեց տարի այն վերածվում է արարողակարգի: Ազգականներով հավաքվում են, իրար օգնում, որպեսզի շատ կորուստներ չունենան:
7400 քմ է կազմում մարզի Մայիսյան գյուղի ուսուցիչներից Ամատունի Կիրակոսյանի այգին: Այգին գտնվում է գյուղի սկզբնամասում: Ավտոմեքենայից լսվող երաժշտության ու մարդկանց ծիծաղի բարձր ձայները հուշում էին, որ այգում բերքահավաքը սկսվել է:
Կեսօր էր: Կիրակոսյաններն ու նրանց օգնող մերձավոր ազգականներն ընդմիջում էին անում: «Լավ էլ ժամի ես եկել, արի թոնրի լավ խորոված կեր: Ըստենց խորոված ոչ մի տեղ կերած չես լինի»,-ասում էին բերքահավաքի մասնակիցներն ու այգու ծառերի տակ երկար բացված սեղանի անկյունում տեղ ազատում:
Կանայք արդեն հեռացան սեղանի մոտից և տեղափոխվեցին քիչ հեռվում գտնվող ծիրանի արկղերի մոտ, որպեսզի տեսակավորեն և արկղերի մեջ դասավորեն ծիրանը:
Տղամարդկանց մի խումբը զբաղված էր արկղերը դասավորելով, իսկ մյուսները դույլերը ձեռքներին շարժվեցին այգու խորքը՝ ծառերի վրայից ծիրան քաղելու:
Ամատունի Կիրակոսյանը պատմեց, որ արդեն քանի օր է, «հատուկ ռեժիմով» են ապրում: Առավոտյան արթնանում են ժամը 6-ին, որպեսզի ժամը 7-ին այգում դիմավորեն ծիրան քաղողներին, իսկ 2-3 ժամ անց էլ՝ արկղերում ծիրան դասավորողներին:
Ավտոմեքենայի մեջ լցնում են իրենց հագուստները, օրվա ուտելիքը, առաջին անհրաժեշտ պարագաներն ու ուղևորվում այգի: Մինչև ժամը 5-ը ծիրան են քաղում,: Մի փոքր ավելի երկար է տևում ծիրանները տեսակավորելը: Այգուց վերջինը դուրս են գալիս տղամարդիկ, երբեմն նույնիսկ գիշերվա 1-2-ին, քանի որ բեռնատարները ծիրանը տանելու համար ուշ ժամի են գալիս:
Ոչ միայն Ամատունի Կիրակոսյանի ընտանիքն է բերքահավաքի օրերին այդ գրաֆիկով ապրում, այլև մերձավոր ազգականները, ովքեր ևս իրենց ընտանիքներով գալիս են օգնելու:
Ա. Կիրակոսյանի խոսքով՝ տարվա սկզբին ծիրանի բերքը շատ լավ է եղել, սակայն ցրտահարության պատճառով, նախորդ տարվա համեմատ մոտ 30 % բերք են հավաքում այս տարի: Որակի առումով ևս տուժել է բերքը: Գարնանը տեղացած հորդառատ անձրևների պատճառով ծիրանը կորցրել է իր ապրանքային տեսքը: Փոխարենն այս տարի գինը բարձր է: Եթե նախորդ տարի դաշտից ծիրանը տանում էին 300-350 դրամով, այս տարի՝ 400:
Բերքի պակասը զգացվում է նաև աշխատողների թվաքանակով: Եթե նախորդ տարի Ամատունի Կիրակոսյանը օրավարձով 8 աշխատող էր հրավիրել ծիրան քաղելու համար, այս տարի՝ 3:
Ամատունի Կիրակոսյանը նշում է, որ այս տարի բերքի իրացման դժվարություններ չկան: Մի քանի անհատ բեռնատարներով գյուղացուց հավաքում են ծիրանը: Իհարկե, լավ ապրանքն են տանում, քանի որ հենց գնորդի կողմից բերված մարդիկ են տեսակավորում ծիրանը արկղերի մեջ: Սակայն, երկրից դուրս տանելու համար ոչ պիտանի ապրանքը դաշտերում չի մնում: Զուգահեռ լուծում են նաև դրա իրացման հարցը:
«Ծիրանի բերքահավաքը հաճելի տանջանք է, քանի որ մեկ տարի սպասում ենք այս օրվան»,-կատակում է Ա. Կիրակոսյանը:
Ծիրան հավաքողներից մեկն էլ օրավարձ աշխատող Ա. Կիրակոսյանի նախկին աշակերտն էր, ազգությամբ եզդի Ալիկը: Այս սեզոնին նա աշխատում է համագյուղացիների դաշտերում, այգիներում և գոհ է իր աշխատանքից: Օրինակ, ծիրանի բերքահավաքի ժամանակ օրական վաստակում է 6000 դրամ, որով աջակցում է ընտանիքին:
Աշխատողների հետ ծառերի վրայից ծիրան էր քաղում նաև Ամատունի Կիրակոսյանի որդին՝ 11-րդ դասարանի աշակերտ Արմանը: Նրա հետաքրքրությունները բոլորովին այլ են, քան գյուղատնտեսությունը, սակայն բերքահավաքի օրերին ամբողջությամբ լծվում է ընտանիքին օգնելուն: Տղան հաճախում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և մեկ-մեկ ստիպված է լինում դասերին չմասնակցել, որպեսզի դաշտում օգնի ծնողներին:
Արմանն ասում է, որ բերքահավաքի օրը Թումոյում դաս ուներ և թեման վերցրել էր «Իմ այգին»: Այդ թեմայով նույնիսկ անիմացիոն ֆիլմ է նկարել:
«Այսօր զոհաբերեցի իմ դասը, որ հայրիկին օգնեմ: Դաշտում հաճելի է, քանի որ սեզոնային է»,- նշում է Արմանը: Նա ստիպված փոփոխություն է կատարել նաև օրվա ռեժիմում: Սկզբում մեծ դժվարությամբ է կարողացել առավոտ շուտ արթնանալ, բայց գնալով սովորում է պարտադրված կանոններին:
Արմանն արդեն գիտակցում է, որ մի քանի տարի անց այգու պահպանման և ընտանիքի ամբողջ պատասխանատվությունն իր վրա է մնալու, հետևաբար քիչ-քիչ իրեն նախապատրաստում է այս գործին:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել