HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Կորոնավիրուսի համավարակի պատճառով Սերժ Սարգսյանի և մյուսների գործով նիստերին չներկայանալն այսուհետ անհարգելի բացակայություն կհամարվի

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանն ու նախկին փոխնախարար Սամվել Գալստյանն այսօր չէին ներկայացել իրենց վերաբերյալ քննվող դատական գործի քննությանը: Ամբաստանյալներից 4-ը 60-ից բարձր տարիք ունեն, կորոնավիրուսի համավարակի պայմաններում գտնվում են ռիսկային խմբում, հինգերորդը՝ Գևորգ Հարությունյանը թեև 60-ից բարձր տարիք չունի, բայց արդեն մի քանի օր ջերմություն ունի։ Պաշտպանը դատարան գրություն էր ուղարկել այն մասին, որ Հարությունյանը երեկ կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը դեռևս չի ստացվել։

Ամբաստանյալների բացակայության պայմաններում դատական նիստը ենթակա էր հետաձգման, սակայն մինչ այդ դատավոր Վահե Միսակյանը անդրադարձավ հետագայում դատական նիստերը համավարակի պայմաններում շարունակելու խնդրին։

Նշենք, որ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին՝ փետրվարի 25-ի նիստից հետո մյուս բոլոր նիստերը չեն կայացել։ Սարգսյանի պաշտպանները նշանակված նիստերից առաջ գրություն են ուղարկել դատարան՝ համավարակի պայմաններում նիստերը հետաձգելու վերաբերյալ, և դատավորը որոշել է դրանք հետաձգել։ Այսօրվա դատական նիստի ընթացքում դատավոր Վահե Միսակյանը ասաց, որ համավարակի տարածման սկզբնական շրջանում նիստերի հետաձգումն իր համար թույլատրելի և ընդունելի էր, սակայն մյուս կողմից դատարանների վրա դրված է գործերը ողջամիտ ժամկետում քննելու պահանջ։ Դատավորը հիշեցրեց, որ արտակարգ դրության պայմաններում դատարանների գործունեությունը դադարեցված չէ։

Դատավորը նշեց, որ պաշտպանները նիստերը հետաձգելու վերաբերյալ դիմումներում փաստարկ են ներկայացնում, որ դատարանի փոքր դահլիճում հնարավոր չէ պահպանել անվտանգության կանոնները մի նիստի ընթացքում, որին մասնակցում են հինգ ամբաստանյալ, վերջիններիս պաշտպանները, դատախազը, նիստերի քարտուղարը, դատավորը, դատական կարգադրիչները։

Դահլիճը, որտեղ Սարգսյանի և մյուսների գործն է քննվում, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի դահլիճներից ամենամեծն է։

Դատավոր Վահե Միասյանը կարծիք հայտնեց, որ դահլիճն այդքան էլ փոքր չէ, և իր պատկերացմամբ, հնարավոր է այնտեղ  ապահովել դատավարության մասնակիցների միջև որոշակի հեռավորություն։ Դատավորը նաև հայտնեց, որ դահլիճը պարբերաբար ախտահանվում է։ Դատավոր Միսակյանի խոսքով՝ անթույլատրելի է, որ կորոնավիրուսի համավարակի  պատճառաբանությամբ անընդհատ դատական նիստերը հետաձգվեն,  քանի որ հայտնի չէ, թե որքան կտևի համավարակը:

Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն առարկեց։ Պաշտպանի խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ համավարկի դեմ պայքարի միջոցառումները արդյունավետ չեն, դրա տարածումը, փաստացի չի զսպվում։ Ամրամ Մակինյանն ընդգծեց, որ Առողջապահության նախարարությունը վարակի տարածումը զսպելու համար տարբեր միջոցներ է առաջարկում, մեկ նշում, որ տնային պայմաններում պատրաստված դիմակներ կարելի է կրել, մեկ հորդորում կրել գործարանային արտադրության դիմակներ։ Ըստ պաշտպանի՝ փաստացի ոչ ոք չգիտի, թե կոնկրետ որ գործողություններն են արդյունավետ վարակի դեմ պայքարում։

Պաշտպանը, թեև համակարծիք է դատարանի հետ այն հարցում, որ  արտակարգ դրության պայմաններում դատարանների  գործունեությունը չի դադարում, բայց վստահ է, որ  դա չի վերաբերում Էպիդեմիկ իրավիճակներին։ Մակինյանը նշեց, որ խնդրի մի կողմում, փաստորեն, արդարադատության շահն է, մյուս կողմում՝ անձանց կյանքը, որը գերակա է։ Պաշտպանը հիշեցրեց, որ Կառավարության այսօրվա նիստի ընթացում նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում տեղ չկա, իսկ ավելի բարձր մակարդակով ասվել է, որ պատրաստ լինենք օրական 10 մահերի։

«Այնպես չէ, որ մենք  պետք է մեզ համարձակի տեղ դնենք ու գանք դատական նիստերի»,- ասաց Ամրամ Մակինյանն ու ևս մեկ անգամ հիշեցնելով, որ ամբաստանյալներից 4-ը ռիսկային խմբում են գտնվում, միջնորդեց այս փուլում դատական նիստեր չանցկանցնել։

Դատավոր Վահե Միսակյանը հարցրեց, թե պաշտպանը մինչև ե՞ր բ է առաջարկում հետաձգել նիստը։ Մակինյանը պատասխանեց, որ հստակ ժամկետ չի կարող ասել, ինչպես և ենթադրվում է, ապա, շարունակելով, խոսեց նաև հնարավոր այլ խնդիրների մասին, որոնք կարող են առաջանալ նիստեր անցկացնելու դեպքում։ Պաշտպանը նշեց, որ իրենց պաշտպանյալներից մեկուկեսից երկու մետր հեռավորություն պահպանելու դեպքում իրենց չեն կարող արդյունավետ պաշտպանություն իրականացնել, իսկ նրանց մոտ գտնվելն, իսկապես, կարող է լինել ռիսկային։

Դատավոր Վահե Միասայանն ի պատասխան ասաց, որ պաշտպանի դատողություններն իր համար ողջամիտ են, սակայն ևս մեկ անգամ կրկնեց, որ կորոնավիրուսի հետ, հավանաբար, դեռ երկար պետք է ապրել, խոսքը, կարծես թե մեկ, երկու կամ երեք ամսվա մասին չէ, և նման պայմաններում, ըստ դատավորի, ավելի ողջամիտ է դատական նիստերը անցկացնելը՝ փորձելով ավելի արդյունավետ պաշտպանվելու միջոցներ մտածել, օրինակ՝  պաշտպանյալի հետ խորհրդակցել գրագրության միջոցով՝ նրանից հեռավորություն պահպանելով։

Դատախազ Արսեն Մարտիրոսյանն արձանագրեց, որ գործում հինգ ամբաստանյալ կա, որոնցից ոչ մեկը չի ներկայացել նիստին ու դատարանից հետաքրքրվեց՝  մինչև այս պահը ամբաստանյալների բացակայությունները հարգելի՞ են գնահատվել, թե՞ անհարգելի։

Դատավոր Վահե Միսակյանը  դատախազի հարցին ի պատասխան ասաց, որ թեև իր համար ընդունելի չէ ամբաստանյալների վարքագիծը, բայց այնպես էլ չէ, որ բացակայությունները միանշանակ հարգելի են գնահատվել ու հետագայում այդպես են գնահատվելու։ Դատախազը ևս մեկ անգամ փորձեց հստակեցնել՝ ամբաստանյալների բացակայությունը հարգելի է գնահատվել, թե ոչ, ինչին ի պատասխան դատավորն ասաց, որ անհարգելի չի գնահատվել՝ նկատի ունանալով նրանց տարիքը, համավարակի պատճառով առկա սահմանափակումներն ու այն հանգամանքը, որ նրանց դատարանին տեղեկացրել են չներկայանալու մասին։

Նշենք, որ բոլոր ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրված ստորագրությունը՝ չհեռանալու մասին, և մի քանի անգամ անհարգելի պատճառով նիստերից բացակայելու դեպքում դատարանը կարող է քննարկել նրանց խափանման միջոցը փոխելու հարցը։

Դատախազ Արսեն Մարտիրոսյանը նաև հետաքրքրվեց,  թե ինչո՞ւ է դատարանը նախկինում մեխանիկորեն հետաձգել դատական նիստերը և ինչու այսօր քննարկման առարկա դարձած հարցը չի քննարկվել նախկինում։ Դատավորը պատասխանեց, որ նախկինում ողջամիտ է համարել նիստերը հետաձգել, յուրաքանչյուր նման որոշում կայացնելուց հետո մտածել է, որ գուցե իրավիճակը բարելավի, բայց, փաստացի, իրավիճակը չի բարելավվում։ Արսեն Մարտիրոսյանն ասաց, որ իր համար ընդունելի չեն դատարանի հիմնավորումներն  ու պատճառաբանությունները: Ինչ վերաբերում է նիստերը շարունակելու հնարավորությունը, Մարտիրոսյանն այս հարցում  համամիտ է դատավորի հետ։

Վահե Միսակյանը հայտնեց, որ նկատի ունենալով, որ դատարանի  շենքային պայմանները հնարավորություն տալիս են դատավարության մասնակիցների կազմով դատական նիստ անցկանցնել՝ հետագայում համավարակով պայմանավորված բացակայություններն անթույլատրելի է համարելու և յուրաքանչյուր նման բացակայություն գնահատվելու է անհարգելի։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 6-ին։

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter