HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սերժ Սարգսյանին՝ ծափահարություններ, Սերգո Կարապետյանին՝ ամոթանք. Հայաստանի երրորդ նախագահի և մյուսների գործով առաջին դատական նիստը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայր տանող ճանապարհն այսօր ամբողջությամբ խցանված էր։ Մարդիկ ստիպված էին իջնել մեքենաներից ու ոտքով քայլել դեպի դատարան։ Այսօր սկսվեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը։ Չնայած եղանակային պայմաններին՝ դրսում հավաքվել էին Սերժ Սարգսյանի մեծաթիվ աջակիցներ, «Հանրապետական» կուսակցության անդամներ:

Դատարանի տարածք հասնելուց հետո սկսվում էր հաջորդ «փորձությունը»՝ վարչական շենք և դատական նիստերի դահլիճ մուտք գործելը։ Քաղաքացիներից շատերին այդպես էլ չհաջողվեց հաղթահարել այդ փորձությունն ու հայտնվել դահլիճում, որը Նոր Նորքի դատարանի նիստերի դահլիճներից ամենամեծն էր։ Դատական կարգադրիչները փորձում էին դրսում մնացած անձանց, այդ թվում նաև լրագրողներին ու օպերատորներին բացատրել, որ դահլիճում տեղերը սահմանափակ են, բայց դժգոհությունները չէին դադարում․ մարդիկ ցանկանում էին մասնակցել նիստին։

Սերժ Սարգսյանի աջակիցները դրսում էին, երբ վերջինս անսպասելիորեն հայտնվեց նրանց շարքերում։ Բարձրախոսը վերցնելով՝ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նրանց, բայց և հորդորեց տուն գնալ։

«Սիրելի՛ ընկերներ, սիրելի՛ աջակիցներ, շնորհակալ եմ, որ եկել եք ինձ սատարելու, իսկ մեծ հաշվով եկել եք պաշտպանելու արդարադատությունը»,- ասաց Սարգսյանը՝ խնդրելով ցուցարարներին իր շնորհակալությունը փոխանցել նաև վերջիններիս մերձավորներին, հարազատներին, որոնք չեն փորձել նրանց համոզել այսօրվա անբարենպաստ եղանակային պայմաններում մնալ տանը, ինչպես Սարգսյանը ձևակերպեց՝ «շառ ու փորձանքից հեռու»։

Նշենք, որ ի պաշտպանություն Սարգսյանի բողոքի ակցիան սկսվել էր նիստի մեկնարկից շուրջ մեկ ժամ առաջ՝ ժամը 14:00-ի սահմաններում։ Ինչպես մինչև նիստի մեկնարկին, այնպես էլ նիստի գրեթե ամբողջ ընթացքում ձյուն կամ անձրև էր տեղում։

«Հաշվի առնելով եղանակային պայմանները և այն հանգամանքը, որ հույս կա, որ Հայաստանում դեռևս կան դատավորներ, որոնց համար արդարադատությունը վեր է ամեն ինչից, ուղիղ այնպես, ինչպես ինձ համար, ձեզ համար, հայ ժողովրդի մեծամասնության համար ԼՂ անկախությունը վեր է ամեն ինչից՝ խնդրում եմ վերադառնալ տուն, զբաղվել ձեր առօրյա հոգսերով՝ չմոռանալով երբեք ՀՀ անվտանգության մասին: Ես աշխարհի ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հայտարարել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ ԼՂ-ն երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, այն ինձ ուղեկցելու է մինչև վերջ, ամենուր»,- ասաց Սերժ Սարգսյանն, ով, հիշեցնենք, մեղադրվում է պետությունից մոտ կես միլիարդ դրամ հափշտակություն կատարելը կազմակերպելու մեջ։

Սարգսյանն այնուհետև դահլիճ մտավ ծառայողական մուտքից։ Նրան դիմավորեցին ծափահարություններով։ Շուտով դատարան եկան նաև Բարսեղ Բեգլարյանը, Սերգո Կարապետյանը։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Կարապետյանը գործի նախաքննության ընթացքում ցուցմունքներ է տվել Սերժ Սարգսյանի դեմ։ Լրագրողների հարցերին գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը չէր պատասխանում։ Երբ նա ներս մտավ նիստերի դահլիճ, Սերժ Սարգսյանի աջակիցները սկսեցին բացականչել՝ «ամոթ»։

Երբ բոլոր ամբաստանյալներն արդեն դահլիճում էին, նիստը մեկնարկեց։

Հիշեցնենք, որ այս գործով անցնում է հինգ անձ։ Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության նախկին սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):

Սերժ Սարգսյանի պաշտպանները բացարկի միջնորդություն ներկայացրին դատախազին

Այսօրվա դատական նիստին Սերժ Սարգսյանի պաշտպանները բացարկի միջնորդություն ներկայացրին դատախազ Արսեն Մարտիրոսյանին։ Վերջինս դատախազության մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետն է։

Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը նշեց, որ քրեական գործի նախաքննությունն ընթացել է մի շարք խախտումներով, թերացումներով, սակայն հսկող դատախազը դրանց ոչ միայն չի արձագանքել, այլև ինքն էլ է թույլ տվել օրինականության, գործի արդարացի քննության, անմեղության կանխավարկածի և այլ խախտումներ։ Պաշտպանի պնդմամբ՝ գործի քննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը բավարար միջոցներ չի ձեռնարկել Սերժ Սարգսյանին արդարացնող հանգամանքները պարզելու համար։

«Քննիչի ծանուցագրով Սերժ Սարգսյանը 2019 թվականի դեկտեմբերի 4-ին կանչվել է հարցաքննության՝ որպես վկա, հարցաքննության ավարտից րոպեներ անց կատարվել է առերեսում նրա և գործով մեկ այլ մեղադրյալի միջև, ժամը 16:10 առերեսումն ավարտվել է, իսկ դրանից երկու րոպե անց քննիչն իր սեղանին դրված փաստաթղթերի մի փաթեթը շրջել է՝ հայտարարելով, որ դա Սերժ Սարգսսյանին մեղադրյալ ներգրավվելու մասին որոշումն է»,- ասաց Ռուբեն Հակոբյանը՝ կարծիք հայտնելով, որ քննությունն ընթացել է Սերժ Սարգսյանին ամեն գնով մեղադրյալի կարգավիճակ տալու ուղղությամբ։

Նշենք, որ Սերժ Սարգսյանը նախաքննության ընթացքում առերեսվել է Սերգո Կարապետյանի հետ։ Ամենայն հավանականությամբ հենց նրա հետ առերես հարցաքննությունից հետո է Սարգսյանը մեղադրյալ ներգրավվել քրեական գործով, սակայն Սարգսյանի պաշտպանները զերծ են մնում Կարապետյանի անունը տալուց։

Ռուբեն Հակոբյանը կարծիք հայտնեց, որ Սերժ Սարգսյանին մեղադրյալ ներգրավելու որոշումը նախապես է եղել՝ ամենայն հավանականությամբ այլ պաշտոնատար անձի կողմից, որ այդ որոշումը Սերժ Սարգսյանին որպես վկա հարցաքննության կանչելիս արդեն իսկ կազմված, տպագրված և ստորագրված է եղել։ Ըստ պաշտպանի՝ Սերժ Սարգսյանի վկայի կարգավիճակով հարցաքննությունն ու առերես հարցաքննությունը ձևական բնույթ են կրել։ Պաշտպանը նշեց, որ Սարգսյանի մեղադրանքի հիմքում մեկ անձի իրարամերժ, հակասական, անտրամաբանական կամ անթույլատրելի ցուցմունքներ են։

Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի գույքի վրա ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի չափով կալանք է դրված։ Այս հանգամանքին անդրադառնալով՝ Ռուբեն Հակոբյանը նշեց, որ ՀՔԾ-ն պարտավոր էր գույքի վրա կալանք դնելու որոշման մեկ օրինակը տրամադրել գույքի տիրոջը, մինչդեռ իրենք որոշումից 21 օր անց՝ մամուլից են տեղեկացել, որ Սարգսյանի գույքի վրա կալանք է դրվել։

Պաշտպանը նաև նշեց, որ դատարանում այսօր քննվող գործն անջատվել է ՀՔԾ-ում քննվող մայր գործից, իսկ մայր գործի նյութերն իրենց չեն տրամադրվել, մինչդեռ դրանցում կարող են լինել իրենց պաշտպանյալին առնչվող տվյալներ։ Այսպիսով, ըստ Ռուբեն Հակոբյանի՝ իրենք զրկված են եղել արդյունավետ պաշտպանություն իրականացնելու իրավունքից։

«Կոչ եմ անում ապօրինի մեղադրանքը պաշտպանող դատախազ Արսեն Մարտիրոսյանին ցուցաբերել քաղաքացիական արիություն և հայտնել ինքնաբացարկ, չհայտնելու դեպքում բացարկ եմ հայտնում Արսեն Մարտիրոսյանին»,- ասաց Ռուբեն Հակոբյանը։

Պաշտպան Ամրամ Մակինյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Սերժ Սարգսյանի գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազ Հակոբ Թադևոսյանն, ըստ մամուլի հրապարակումների, հրաժարվել է այդ գործից, ապա ազատվել նաև դատախազությունում աշխատանքից։ Նշենք, որ դատախազության հանրային կապերի բաժնից անդրադառնալով այս հանգամանքին՝ հայտնել են, որ Հակոբ Թադևոսյանը աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն։ Դրանից հետո գործի մինչդատական վարույթի նկատմամբ սկսել է հսկողություն իրականացնել Արսեն Մարտիրոսյանը։

«Ես համոզված եմ, որ պարոն Մարտիրոսյանը գիտի, թե իրականում ինչու է Հակոբ Թադևոսյանը հանկարծ որոշել ազատվել աշխատանքից»,- ասաց Ամրամ Մակինյանը՝ միաժամանակ նշելով նաև, որ իր տեղեկությունների համաձայն՝ Հակոբ Թադևոսյանն այլ աշխատանքի չի անցել։ Պաշտպանը նշեց, որ հարց է առաջանում, թե ինչո՞ւ պետք է բարձր պաշտոն զբաղեցնող Թադևոսյանը հանկարծ որոշեր ազատվել աշխատանքից։

Միջնորդությանը միացավ Սամվել Գալստյանի պաշտպան Վաչագան Քոսյանը։  

Դատախազն ինքնաբացարկ չհայտնեց

Դատախազ Արսեն Մարտիրոսյանն առարկեց միջնորդության դեմ, նա ինքնաբացարկ չհայտնեց, հայտարարեց նաև, որ անհիմն է իրեն ներկայացված բացարկի միջնորդությունը։ Դատախազը նշեց, որ վերացական են այն դատողությունները, թե գործով նախաքննությունն ընթացել է խախտումներով, թերացումներով, թույլ են տրվել օրինականության, գործի արդարացի քննության, անմեղության կանխավարկածի և այլ խախտումներ։ Անդրադառնալով Սերժ Սարգսյանի պաշտպաների այն պնդմանը, թե նրա մեղադրանքի հիմքում միայն մեկ անձի ցուցմունք է՝ Մարտիրոսյանը նշեց, որ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել բավարար ապացույցների համակցությումբ։

«Մեղադրական եզրակացության մեջ մանրամասն թվարկված են այն բոլոր ապացույցները, որոնք դրված են Սերժ Սարգսյանի և մյուս ամբաստանյալների մեղադրանքի հիմքում: Չեմ ուզում ներկա փուլում մանրամասն ներկայացնել դրանք՝ նկատի ունենալով, որ հրապարակային դատաքննության պայմաններում դատավարության մասնակիցներին, ԶԼՄ-ներին հասանելի կդառնան այն ապացույցները, որոնք դրվել են մեղադրանքի հիմքում։ Պաշտպանների գնահատականները խիստ մերկապարանոց են և չեն բխում քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներից»,- ասաց Արսեն Մարտիրոսյանը։

Ինչ վերաբերում է պաշտպանների այն հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք չդնելու որոշումը նրանց չի տրամադրվել, Արսեն Մարտիրոսյանը հարց բարձրացրեց, թե այդ դեպքում ինչպե՞ս են նրանք բողոքարկել այդ որոշումը։

«Կալանք կարելի է դնել կասկածյալի կամ մեղադրյալի գույքի վրա, որին մեղսագրվում է այնպիսի հանցագործություն, որի համար որպես լրացուցիչ պատժատեսակ նախատեսված է գույքի բռնագրավումը: Սերժ Սարգսյանը նշված քրեական գործով ունեցել է մեղադրյալի կարգավիճակ, նրան մեղսագրվում է ենթադրյալ հանցանքի կատարում՝ պետությունից առանձնապես խոշոր չափերով դրամի հափշտակություն, որի համար որպես լրացուցիչ պատիժ նախատեսված է գույքի բռնագրավում պատժատեսակը»,- ասաց մեղադրող դատախազը՝ հավելելով, որ նշված որոշման կայացման համար հիմք է հանդիսացել հանգամանք, որ Սերժ Սարգսյանը կարող է անձամբ կամ միջնորդավորված թաքցնել իրեն պատկանող գույքը։

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատախազին ներկայացված բացարկի վերաբերյալ որոշում կայացնելու, որը կհրապարակվի վաղը՝ փետրվարի 26-ին։

Մեկնաբանություններ (1)

GB
Dear Mr. Sargsyan, I wonder why you did not call Artsakh, but Nagorno-Karabakh. No Armenian will give away Artsakh. Armenia must stop the Soviet-style corruption, This is what real Armenians of the world want.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter