HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Մեկ շաբաթ Երևանի պոլիկլինիկաներում (ֆոտոպատմություն)

«Երեխաներս ասում են՝ անջատիր հեռախոսդ ու գործդ փոխիր․․․ մեր աշխատանքային ժամն ավարտվում է 18:00-ին, իսկ հիվանդների զանգերը՝ երբեք»,- այսպիսի մտքեր են հայտնում առողջության առաջնային պահպանման օղակի՝ պոլիկլինիկաների շատ բուժաշխատողներ, որոնց ուսերին է դրված կորոնավիրուսով վարակված հիվանդների առաջնային սպասարկումը՝ ընդունելությունը, անամնեզի հավաքումը, ախտորոշումը, մեկուսացված, բայց հոսպիտալացման կարիք չունեցող քաղաքացիների դեպքում՝ նաև ամբուլատոր բուժումը։

Պոլիկլինիկաների ծանրաբեռնվածությունը պատկերավոր ցույց տալու համար «Հետքը» մեկ շաբաթ անցկացրել է Երևանի երկու պոլիկլինիկաներում։

Պոլիկլինիկայի մուտքի մոտ քաղաքացիների ջերմաչափումը և ձեռքերի ախտահանումն իրականացնում են դպրոցների բուժքույրերը, քանի դեռ դպրոցները փակ են։

«Հատուկ բլոկնոտներ ենք պահում Քովիդի համար։ Երկու րոպեով դուրս էի եկել կաբինետից, ու լիքը զանգեր են եկել, շատ են զանգ տալիս, առաջ ովքեր գալիս էին պոլիկլինիկա, հիմա խուսափում են այցելությունից ու զանգում են։ Կտրուկ աճ գրանցվեց, երբ մարդիկ դուրս եկան փողոց (մայիսի սկզբից սահմանափակումները սկսեցին հանվել, հեղ.)»,- ասում է «Թիվ 17 պոլիկլինիկայի» թերապևտիկ բաժնի ղեկավար Ժաննա Պապոյանը:

«Թոքաբորբով բոլոր հիվանդները գնում են թեստավորման, շատ են ատիպիկ թոքաբորբերը. չորսից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվում»։

Առավոտյան 09:00. դպրոցական բուժքույրերը ընդունել են իրենց հերթափոխը, սպասում են առաջին քաղաքացիների այցելությանը․ շատերը պոլիկլինիկայի մուտքի մոտ են լինում մինչև այն կբացվի։

«Ժամը ինն անց կես է, արդեն հինգերորդ հիվանդն է այցելել, այս ընթացքում ավելացել են նյարդային խանգարումները, սրտային հիվանդների մոտ` նևրոզները։ Երեխաներս չուզեցին բժիշկ դառնալ՝ իմ վիճակը տեսնելով»։

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի «Արտաշիսյան» պոլիկլինիկան մեկ մասնաշենքով եռահարկ շենք է, որը սկզբում մանկական պոլիկլինիկա էր, հետո սկսել է սպասարկել նաև մեծահասակներին։

Շենքային պայմաններից ելնելով՝ «Արտաշիսյան» պոլիկլինիկայում մեկուսարանը առաջին հարկում է. դրա կողքով քաղաքացիները բարձրանում են թերապևտների աշխատասենյակներ։ 

Հատուկ նշանակված ժամին թեստավորման ուղղորդված քաղաքացիները գալիս են նմուշառման կաբինետ, որը պարտադիր առանձին մուտքով է, որպեսզի շփումը պոտենցիալ վարակակիրների և այլ քաղաքացիների միջև բացառվի։

«Երկկողմանի թոքաբորբը դեռ կրիտերիա չէ, ցուցում չէ, որ հիվանդը գնա հոսպիտալացման»։

«Արտաշիսյան» պոլիկլինիկայի միջանցքներում:

«Հաշվի առնելով վախը՝ կարանտինի առաջին ամսում այցելությունները շատացան, հիմա տագնապը մի փոքր անցել է, ու մարդիկ համավարակին մատների արանքով են նայում, ինչը հանգեցնում է իրական (COVID-19) հիվանդների աճին»։ 

«Թիվ 17 պոլիկլինիկայի» միջանցքներում։

«Մի անգամ գնացել էինք մեծահասակ պացիենտից նմուշառում վերցնելու։ Պապին իր տոնական հագուստը հագել-կապել մեզ էր սպասում, երբ քթից ու կոկորդից նմուշառումը վերցրի, հարցրեց՝ հը՞ն բալես, տեղադրեցիք, հարցնում եմ՝ ի՞նչը, ասում է՝ էդ ձեր չիպը»։

«Անկետաները տանում ենք հետներս տուն, չնայած որ մեր աշխատանքային ժամն ավարտվում է 18:00-ին, բայց հիվանդների զանգերը՝ երբեք։ Տղաս ասում է՝ անջատիր հեռախոսդ ու գործդ փոխիր։

Իմ տեղամասում մարդիկ շատ են սիրում իրար տուն գնալ, այգիները միշտ լիքն են երեկոյան ժամերին, այս պահին զանգում էի Նախարարություն, որ հիվանդներիս (կորոնավիրուս, դրական) տեղավորենք։ Հեսա երկու շաբաթից մեր տեղամասում էլ ոչ հիվանդ մարդ չի մնա, եթե այսպես շարունակվեց։ Թեթև ֆորմաները շատ-շատ են, մարդիկ ընտանիքներով ջերմում են»։

«Թիվ 17 պոլիկլինիկան» տիպային պոլիկլինիկա է՝ համեմատաբար ընդարձակ տարածքով, այստեղ COVID-19-ի ախտորոշման համար նախատեսված մեկուսարանը գտնվում է գլխավոր մուտքից հեռու, շենքի հետնամասում։

«Արտաշիսյան» պոլիկլինիկայի առաջնային օղակի բուժաշխատողները՝ թերապևտները։

Աշխատանքային օրվա ավարտին քաղաքացիների հոսքը համեմատաբար դադարում է, բուժաշխատողները կատարում են օրվա ընթացքում կիսատ թողած գրագրությունը, որը պոլիկլինիկայի աշխատանքի զգալի ու ժամանակատար մասն է կազմում։

Կորոնավիրուսային հիվանդության ախտանիշներ ունենալու դեպքում քաղաքացին պարտավոր է դիմել պոլիկլինիկա՝ իր տեղամասային բժշկին։ Պոլիկլինիկայի թերապևտը ախտորոշում է կատարում, անհրաժեշտության դեպքում՝ ուղարկում նմուշառման, հիվանդության հաստատման դեպքում, եթե հնարավոր չէ պացիենտին ամբուլատոր բուժում նշանակել, փորձում է կապ հաստատել կորոնավիրուսով հիվանդներին ընդունող հիվանդանոցներից մեկի հետ։ Եթե հաջողվում է գտնել ազատ մահճակալով հիվանդասենյակ, զանգում է Շտապ օգնություն, որ վերջինիս հոսպիտալացնեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter