HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետք»-ի հրապարակման հիման վրա եւ դատախազության ներգործությամբ Արարատում գործող ինքնակամ կառուցված խոշոր ձկնաբուծարանն օրինականացվել է

«Հետք» առցանց պարբերականի` 2020թ հունվարի 8-ի «Ձկնաբույծներն արժեզրկել են երկրի ամենամեծ կապիտալը` հողը» վերտառությամբ հրապարակման հիման վրա գլխավոր դատախազի հանձնարարությամբ Արարատի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության գործառույթների շրջանակներում իրականացվել է ուսումնասիրություն, ինչպես նաև ոստիկանության Մասիսի բաժնում նախապատրաստվել են նյութեր։

Դատախազության հանրային կապերի բաժնի հաղորդմամբ՝ դրանց ընթացքում պարզվել է, որ դեռևս 2004թհունիսի 3-ին կնքված պայմանագրով Արարատի մարզի Սիս համայնքից վարձակալած 11,32 հա հողամասի վրա N ընկերության կողմից 2007թ․ կառուցվել է 5 հա մակերեսով ամբողջությամբ ինքնակամ՝ քարաբետոնե ձկնաբուծական լճակներից և այլ ինքնակամ շինություններից կազմված ձկնաբուծարան: Ընդ որում, նշված՝ ընկերությունը հիշյալ 11,32 հա հողատարածքը վարձակալել է ենթավարձակալության պայմանագրով:

ՀՀ օրենսդրության համաձայն, համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության, ապօրինի հողօգտագործումների կանխարգելման, կասեցման և վերացման պարտականությունը կրում է  համայնքի ղեկավարը, իսկ ենթավարձակալության իրավունքով տրված հողամասի ոչ նպատակային օգտագործումը հիմք է վարձակալության իրավունքը Հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի և վարձակալության պայմանագրի պահանջներով դադարեցնելու համար։

Նախապատրաստված նյութերով հիմնավորվել է, որ համայնքի նախկին և ներկա ղեկավարները, ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, օրենքով սահմանված կարգով պատշաճ վերահսկողություն չեն իրականացրել իրենց համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ:

Հետաքննության մարմնի կողմից որոշում է կայացվել Սիս համայնքի նախկին ղեկավարի պարագայում վաղեմությունն անցած լինելու, իսկ գործող համայնքապետի պարագայում՝ համաներման ակտի կիրառման հիմքերով Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հաշվի առնելով դրա դեմ նրանց կողմից չառարկելու հանգամանքը։

Այսպիսով՝ Արարատի մարզի դատախազը գրություն է հասցեագրել Սիս համայնքի ղեկավարին՝ միջոցներ ձեռնարկելու վարձակալության պայմանագիրը օրենքով սահմանված կարգով լուծելու կամ Կառավարության 2006թ մայիսի 28-ի թիվ 912-ն որոշմամբ հաստատված կարգով ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու ուղղությամբ` առաջարկելով արդյունքների մասին սեղմ ժամկետում հայտնել Արարատի մարզի դատախազություն:

Արդյունքում Սիս համայնքի ղեկավարի 2020թհունիսի 3-ի որոշմամբ կառուցված ինքնակամ կառույցներն օրինականացվել են և ճանաչվել համայնքային սեփականություն։ Համայնքի կողմից առաջարկվել է ուղղակի վաճառքով գնել նշված կառույցները և դրանց սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ 10,75876 հա հողատարածքը։ Գնման առաջարկն ընդունվել է և հունիսի 30-ին նշված կառույցների և հողամասի  գնման համար համայնքի հաշվեհամարին փոխանցվել է ընդհանուր շուրջ 111 մլն դրամ։

Հարկ է ընդգծել, որ սկսած 2007թ. մինչ օրս, Սիս համայնքը զրկված է եղել նշված ինքնակամ շինությունների համար գույքահարկ գանձելու և այդկերպ համայնքի բյուջեն համալրելու հնարավորությունից` նկատի ունենալով, որ ինքնակամ շինությունները պետական գրանցման ենթարկված չեն եղել: Մինչդեռ դատախազության ներգործությամբ իրականացված գործընթացի արդյունքում հետայսու ձկնաբուծարանի սեփականատերը պարտավոր է լինելու յուրաքանյուր տարի Սիս համայնքի բյուջե վճարել սահմանված չափով գույքահարկ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter