HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատի մարզի գյուղերում կրկին աղտոտված արագիլներ են հայտնվել․ գյուղացիների կարծիքները տարբեր են

«Հետքն» այսօր շրջել է Արարատի մարզի Հովտաշեն, Նորամարգ, Սիս, Հովտաշատ, Դաշտավան, Զորակ գյուղերով՝ փնտրելով աղտոտված արագիլների, ինչպիսիք անցյալ տարի մեծ քանակով հայտնաբերվել էին Արարատի ու Արմավիրի մարզերի գյուղերում եւ առաջացրել բնապահպանների մտահոգությունը: Հիշեցնենք, որ արագիլների վրա հայտնաբերվել էր յուղային շերտ, բայց ո՛չ ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը, ո՛չ էլ նախաքննություն իրականացնող քննչական կոմիտեն չէին կարողացել պարզել, թե կոնկրետ ինչ յուղանյութ է թռչունների վրա: 

ՔԿ-ն կարճել էր քրգործի վարույթը՝ «Հետքին» հայտնելով, մասնավորապես, հետեւյալը. «Նախաքննությամբ պարզվել է, որ փետուրների աղտոտման հետեւանքով սատկել է 4 արագիլ, իսկ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից ստացված գրության եւ համապատասխան մասնագետների ցուցմունքների համաձայն՝ մոնիտորինգի արդյունքներով միայն էլեկտրական լարերին բախվելու հետեւանքով տարեկան սատկում է շուրջ 20-25 արագիլի առանձնյակ, ուստի փետուրների աղտոտման հետեւանքով 4 արագիլների սատկելը որեւէ կերպ չէր կարող էական վնաս հասցնել արագիլների Հայաստանի պոպուլյացիային, այսինքն՝ կենդանական աշխարհին: Վերոգրյալից բխում է, որ տվյալ դեպքում բացակայում է ՔՕ 287 հոդվածով նախատեսված հանցավոր արարքի պարտադիր հատկանիշներից մեկը՝ հետեւանքը, ուստի 2020 թ. մայիսի 22-ին որոշում է կայացվել հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ քրեական գործով վարույթը կարճելու մասին»: 

Օրերս սոցիալական ցանցերում կրկին աղտոտված արագիլների լուսանկարներ էին հայտնվել Արարատի մարզի գյուղերից։ «Հետքը» շրջել է վերոնշյալ 6 գյուղերում, զրուցել բնակիչների հետ։ Հովտաշեն գյուղում, օրինակ, որն անցյալ տարի համարվում էր ստեղծված իրավիճակի «էպիկենտրոնը» (իրականում նման գյուղեր էլի կային), մեր տեսախցիկը ֆիքսել է գորշացած փետրածածկույթով արագիլների, սակայն հովտաշենցիներից մեկը հավաստիացնում էր, որ ինքն անձամբ է տեսել, թե ինչպես են հասուն առանձնյակները ձագերի վրա կտուցով ցեխաջուր լցնում՝ կիզիչ արեւից պաշտպանելու համար։ Հովտաշենցիները նաեւ պնդում էին, որ այս տարի չկա այն վիճակն, ինչ անցյալ ամռանն էր, երբ գյուղամեջում թռչունների «լոգանք» էր կազմակերպվել բնապահպանների ու ակտիվիստների կողմից։

Այն, որ ընթացիկ տարին դրական առումով որոշակիորեն տարբերվում է նախորդից, մեզ հետ զրույցներում նշեցին նաեւ մյուս գյուղերի բնակիչները։ Ըստ նրանց՝ պատճառն արագիլների սնվելու վայրերից մեկը հանդիսացող ջրանցքների համեմատաբար մաքուր լինելն է։

Հովտաշատի խանութներից մեկը տերը, տեսնելով սոցցանցում իր տան մոտ արված լուսանկարը, որում կրկին գորշացած փետրածածկույթով արագիլ է, ցույց տվեց թռչունին, որն արդեն մի քանի օր անցկացնում է գետնին՝ բանուկ փողոցի մայթին։

Մեր զրուցակիցը նշեց, որ սա իր տան դիմացի սյան վրա գտնվող եւ այժմ արդեն դատարկ բնից ընկած ձագերից է ու հիմա անօգնական է, իրենք են կերակրում։ Բնի առանձնյակներից մի քանիսը սատկել են, երկուսին էլ, ըստ հովտաշատցի տղամարդու, մի քանի օր առաջ իր հետ վերցրել է մի անծանոթ՝ ասելով, թե տանում է խնամելու։ Մեր զրուցակիցը նաեւ պատմեց, որ հարեւանը մի քանի անգամ զանգել է 911, սակայն պատկան մարմիններից ոչ մեկ չի եկել։ Թերեւս դա էր պատճառը, որ մեր առաջին հարցին, թե արդյոք Հովտաշատում այս տարի կան աղտոտված արագիլներ, նա մի տեսակ ոգեւորված ասաց՝ բա ոնց չկան, փաստորեն եկել եք։

Հովտաշատի բնակիչը համոզմունք հայտնեց, որ իր տան դիմաց գտնվող արագիլի ձագը այսպես երկար չի ապրի, չնայած իրենք կերակրում են։ Նշեց, որ չափազանց թույլ է, ինչի շնորհիվ կարողացել են բռնել ու հասկացել, որ փետուրների վրա յուղային զանգված կա։ Տղամարդը հավատացած էր, որ յուղանյութը թռչունների վրա հայտնվում է ջրանցքներում սնվելու ժամանակ, այնուհետեւ ծնողներից անցնում է ձագերի վրա։ Իսկ աղբյուրը, ըստ մեր զրուցակցի, հարեւան ձկնաբուծարաններն են, որոնք մաքրված ձկան թափոնները լցնում են ջրանցքները։

Քանի որ վերը նշված 6 գյուղերում շրջայցի ժամանակ կարողացանք անձամբ տեսնել թռչել չկարողացող եւ անօգնական վիճակում գտնվող միայն այս առանձնյակին, մեր ընթերցողներին կխնդրենք աղտոտված ու անօգնական արագիլների մասին հստակ տեղեկություններ ունենալու դեպքում հայտնել խմբագրությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter