HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կորոնավիրուսով վարակվածների մեծամասնության համի ու հոտառության զգայարանքները վերականգնվում են մեկ ամսվա ընթացքում

Վերջերս Իտալիայում իրականացված հետազոտության տվյալներով՝ կորոնավիրուսով վարակված անձանց 90 %-ի մոտ հիվանդության ընթացքում համի ու հոտառության զգայարանքների կորուստը վերականգնվում է մեկ ամսվա ընթացքում։ Այդ մասին գրում է «BBC»-ն։ 

Իտալացի բժիշկները պարզել են, որ կորոնավիրուսով հիվանդ պացիենտների 49 %-ի մոտ հոտառության և համի զգացումները վերականգնվել են ամբողջությամբ, այն դեպքում, երբ 40 %-ի մոտ դրանք ամբողջությամբ չեն վերականգնվել, սակայն էականորեն բարելավվել են։ Միայն պացիենտների 10 %-ի մոտ է, որ ախտանիշները չեն փոխվել և նույնիսկ վատացել են։ Հաշվի առնելով ներկայիս համավարակի ծավալները՝ մասնագետները զգուշացնում են, որ հազարավոր մարդկանց համար այդ հետևանքները կարող են լինել երկարաժամկետ։ 

Համի և հոտառության փոփոխությունները կամ դրանց լիարժեք կորուստը համարվում են կորոնավիրուսի հիմնական ախտանիշներից մեկը։ Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայության բժիշկները խորհուրդ են տալիս, որ բոլոր նրանք, որոնց մոտ ի հայտ են գալիս նման ախտանիշներ, պետք է իրենց ընտանիքի անդամների հետ ինքնամեկուսացվեն և հանձնեն կորոնավիրուսի թեստ։

Բժիշկների միջազգային խումբն ուսումնասիրել է հիվանդության ընթացքը կորոնավիրուսի թեթև ախտանիշներ ունեցող իտալացի 187 պացիենտի մոտ, որոնք հոսպիտալացման կարիք չեն ունեցել։ Նրանց խնդրել են գնահատել իրենց հոտառության զգացումն այն բանից հետո, երբ նրանց մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։ Բացի այդ, պացիենտները գնահատել են հոտառության զգացումը նաև մեկ ամիս անց, երբ պացիենտը բուժվել էր կորոնավիրուսից։ 113 մարդ նշել է, որ ունեցել են համի և հոտառության փոփոխություն, որոնցից 55-ի մոտ համն ու հոտառությունը վերականգնվել են ամբողջությամբ, 46-ի մոտ գրանցվել է ախտանիշների էական բարելավում, իսկ 12-ի մոտ ախտանիշները մնացել են նույնը կամ ավելի վատացել։ Ստացվում է, որ վառ արտահայտված ախտանիշներով պացիենտների մոտ ապաքինումը պահանջում է ավելի երկար ժամանակահատված։

Հետազոտական խմբի անդամ, Քթաբանության բրիտանական միության նախագահ, բժիշկ Քլեր Հոփքինսը հայտնել է, որ ներկայումս իր թիմը շարունակում է ուսումնասիրել, թե ինչպես են իրենց զգում այն պացիենտները, որոնց մոտ հիվանդության ախտանիշներն առավել երկար են տևում։ «Վարակիչ մյուս հիվանդությունների ուսումնասիրությունը, ինչպես նաև նոր տվյալները, որոնք մենք շարունակում ենք հավաքել, հիմք են տալիս ենթադրելու, որ մարդկանց մեծ մասն արագ ապաքինվում են, սական ոմանց պարագայում այդ գործընթացը կարող է ձգձգվել»,- նշել է Հոփքինսը։ «Բոլոր նրանց մոտ, որոնք արագ ապաքինվում են, կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, վնասում է միայն քթի լորձաթաղանթի բջիջները։ Դանդաղ ապաքինվող պացիենտների մոտ, հնարավոր է, որ վարակը վնասի նյարդային վերջավորությունները, որոնք մասնակցում են հոտի զգացողության փոխանցմանը։ Իսկ այդ նյարդային բջիջները դանդաղ են վերականգնվում»,- հավելել է Քլեր Հոփքինսը։

Հետազոտությամ տվյալները հրապարակվել են Ամերիկյան բժշկական ասոցիացիայի ԼՕՌ մասնագետների համար նախատեսված «JAMA Otolaryngology - Head and Neck Surgery» ամսագրում։ Ինչպես գրում է Էմորիի համալսարանի պրոֆեսոր Ջոշուա Լևին, «նույնիսկ հաշվի առնելով լիարժեք վերականգնման բարձր տոկոսը՝ այս համաճարակից տուժած մարդկանց ահռելի թիվը ստիպում է ենթադրել, որ աստիճանաբար կմեծանա երկարաժամկետ ախտանիշներ ունեցող պացիենտների թիվը»։ 

Կորոնավիրուսի արդյունքում երկարաժամկետ կտրվածքով հոտառության կորուստը հնարավոր է վերականգնել նմանատիպ դեպքերում կիրառվող թերապիայի միջոցով՝ մարզումներով և համի ու հոտառության ընդունիչների զարգացմամբ։

Լուսանկարը՝ Ognen Teofilovski/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter