HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆրանսիայում կհետաքննեն կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության գործողությունները, իսկ Մեծ Բրիտանիան դուրս կգա խիստ սահմանափակումների ռեժիմից

Ֆրանսիայի իշխանությունները կհետաքննեն վարչապետ Էդուար Ֆիլիպի կառավարության գործողությունները կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացում։ Այդ մասին գրում է «BBC»-ն։ Վերջինս հրաժարական է տվել ուրբաթ օրը՝ հուլիսի 3-ին։ Հետաքննության ընթացքում նախատեսվում է ստուգել իրականացված գործողությունների և միջոցառումների արդյունավետությունը, որոնք ձեռնարկել է կառավարությունը՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի ընթացքում։

Բացի այդ, հետաքննիչները կստուգեն Ֆիլիպի կառավարության երկու անդամների՝ առողջապահության նախկին նախարար Անյեզ Բուզինի (նախարարի պաշտոնից ազատվել է 2020 թվականի փետրվարին) և Օլիվիե Վերանի գործողությունները։ Կորոնավիրուսի համավարակի ժամանակ ֆրանսիական կառավարությունը բազմիցս ենթարկվել է քննադատությունների։ Մասնավորապես, նշվում էր երկրում բժշկական սարքավորումների պակասի մասին։

Էդուար Ֆիլիպի կառավարության հրաժարականը դեռ վաղուց էր ակնկալվում։ Նախորդ կիրակի տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ Ֆիլիպը հաղթել է Գավր քաղաքի քաղաքապետի ընտրություններում և ենթադրվում է, որ հրաժարականից հետո նա կզբաղեցնի այդ պաշտոնը։

Վերջին տվյալներով՝ Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է ավելի քան 202 000, մահացել է գրեթե 30 000 մարդ։

Զուգահեռաբար, Մեծ Բրիտանիայում վերջին երեք ամիսների ընթացքում առաջին անգամ սկսել են աշխատել փաբերն ու վարսավիրանոցները։ Մեծ Բրիտանիայում հուլիսի 4-ից ուժի մեջ կմտնի կարանտինային միջոցառումների թուլացման ռեժիմը։ Անգլիայի տարածքում, սանիտարական նորմերի պահպանմամբ, կգործեն ռեստորանները, փաբերը, սրճարանները, հյուրանոցները, հյուրատները, քեմփինգի համար նախատեսված տարածքները, գեղեցկության սրահները, գրադարանները, թանգարանները և հանրային այլ հաստատություններ։

Բրիտանացի լրագրողները նշում են, որ այսուհետ փաբերը չեն ունենա նախկին տեսքը, իսկ հաճախորդներին կխնդրեն լրացնել կոնտակտների լրացման հատուկ թերթիկ, որպեսզի վարակի հայտնաբերման դեպքում հնարավոր լինի պարզել հիվանդի շփման շրջանակը։ 

Նախօրեին կարանտինային ռեժիմի փոփոխության վերաբերյալ Դաունինգ սթրիթում մամլո ասուլիս էր տվել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Նրա խոսքերով՝ կորոնավիրուսը որևէ տեղ չի անհետացել։ Նա նշել է, որ երկիրը կբռնի կյանքի նորմալացման ճանապարհը, այդ իսկ պատճառով շատ կարևոր է հուսախաբ չանել այն ոլորտների աշխատակիցներին, որոնք արել են հնարավորը։

Ռուսաստանում էլ վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 6 632 նոր դեպք, այդպիսով ընդհանուր թիվը հասել է 674 515-ի։ Կորոնավիրուսի համաճարակի մեկնարկից ի վեր Ռուսաստանում մահացության ցուցանիշը հուլիսի 4-ին գերազանցել է 10 000-ը։ Միայն վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 168 մարդ։ Օրական կտրվածքով վարակման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Մոսկվայում (680 նոր դեպք), որը 10 %-ով ավելին է, քան մեկ շաբաթ առաջ։ Հուլիսի 3-ին էլ երկրի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն «Интерфакс» գործակալությանը հայտնել էր, որ Ռուսաստանը սովորական կենսակերպին դժվար թե վերադառնա մինչև հաջորդ տարվա փետրվար ամիսը։

Իսպանական Կատալոնիայի իշխանություններն էլ կարանտին են հայտարարել Սեգրիա շրջանում, որտեղ ապրում է շուրջ 200 հազար մարդ։ Դեպի շրջան մուտքը և ելքը, այդ թվում նաև պատմական Լլեյդա քաղաք, առանց հատուկ թույլտվության արգելվել է։ Ճանապարհներին կգործեն հսկիչ-անցագրային կետեր։ Տեղական իշխանությունների խոսքերով՝ այդպիսի սահմանափակումները մտցվել են այն բանից հետո, երբ Սեգրիայում գրանցվել է կորոնավիրուսի վարակման կտրուկ աճ։

Հուլիսի 3-ի տվյալներով՝ Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսից մահացության 17 դեպք, որը հունիսի 19-ից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։ Երկրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 250 000 դեպք, մահացել շուրջ 28,3 հազար մարդ։ Մահացության ցուցանիշներով Իսպանիան Եվրոպայում զիջում է միայն Մեծ Բրիտանիային, Իտալիային և Ֆրանսիային։

Լուսանկարը՝ REUTERS/ Benoit Tessier

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter