HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Դիմակը՝ հեռուստաեթերում. ինչպես են հեռուստաընկերությունները վերաբերվում դիմակ դնելու պահանջին

Ոստիկանության աշխատակիցները հուլիսի 3-ին այցելել էին «Արմնյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ և վարչական վարույթներ հարուցել այդ հեռուստաընկերությունների եթերում դիմակ չդնելու համար: Այդ մասին իրենց ֆեյսբուքյան էջերում գրել էին հեռուստաընկերությունների տնօրենները: Այնուհետև այս հարցի վերաբերյալ իր էջում մեկնաբանություն էր թողել նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

«Հետքը» զրուցել է մի շարք հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ՝ հասկանալու համար, թե ինչպես են նրանք վերաբերվում եթերում դիմակ դնելու պահանջին:

«Արմնյուզ»

Եթերում դիմակ չդնելու համար վարչական վարույթ հարուցելու մասին առաջինը ահազանգել էին «Արմնյուզ»-ի ներկայացուցիչները՝ մասնավորապես «Քառյակ մեդիա» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Անտինյանը և «Արմնյուզ» ռադիոկայանի տնօրեն Լիլիթ Թումանյանը: Վերջինս դա որակել էր որպես լրատվամիջոցների դեմ արշավ:

«Քառյակ մեդիա» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Անտինյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վարչական վարույթի քննման 15 օրվա ընթացքում իրենք ներկայացնելու են իրենց անհամաձայնությունները, թե ինչու հեռուստաընկերությունը մեղավոր չէ այս իրավիճակում, սակայն եթե տուգանելու որոշում կայացվի, ապա կվճարեն: 

Արամ Անտինյանի խոսքով՝ պարետ Տիգրան Ավինյանի հունիսի 3-ի որոշումից հետո, երբ իրենք դեռ չգիտեին` գրասենյակային տարածքը կհամարվի հանրային, թե մասնավոր, որոշեցին, որ բոլոր հաղորդավարները պետք է դիմակ կրեն, սակայն երբ տեսան, որ հեռուստաընկերություններ կան, որոնց եթերում դիմակ չեն կրում, որոշեցին կապ հաստատել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի հետ, որպեսզի հստակություն մտցվի դիմակ կրել-չկրելու հարցում: 

«Տիգրան Հակոբյանն ասաց, որ դիմակ կրելը պարտադիր չէ: Այնուհետև մենք շփվեցինք հանձնաժողովի իրավաբանի հետ, նա ասաց, որ պարտադիր է: Մեկ շաբաթանոց բանակցությունների փուլ մտանք իրենց հետ, որից հետո Տիգրան Հակոբյանն ասաց, որ կարող ենք դիմակ չկրել: Մենք ի գիտություն ընդունեցինք նրա ասածը, սակայն շարունակեցինք դիմակ կրել: Սակայն երբ նա «168 ժամի» հետ զրույցում ասաց, որ եթերում դիմակ կրելը պարտադիր չէ, մենք սկսեցինք դիմակ չկրել»,- նշեց Արամ Անտինյանը:

«Քառյակ մեդիայի» գլխավոր տնօրենը շեշտում է, որ առաջին իսկ օրվանից «Արմնյուզ» հեռուստաընկերությունը հայտարարել է, որ աջակցում է երկրի իշխանություններին կորոնավիրուսի դեմ պայքարում, պրոպագանդում են դիմակ դնելը, ցուցադրում են պարետատան և առողջապահության նախարարության պատրաստած իրազեկող բոլոր տեսանյութերը:

«Եվ այս ամենից հետո գալիս են և ուզում են տուգանեն: Դա չիմացության արդյունք է: Իմ գրառումից հետո, երբ ես հղում եմ արել Տիգրան Հակոբյանին, ինքն ասում է, որ վստահ չի եղել, և ինչի են իրեն հղում արել: Հարց է առաջանում, թե այս ընթացքում Տիգրան Հակոբյանը ինչու՞ պարետատնից հստակ չի ճշտել. հարցազրույց է տվել, մենք էլ հետևել ենք իրեն»,- ասաց Անտինյանը:

Արամ Անտինյանի խոսքով՝ երբ հայտնի է դարձել, որ Տիգրան Հակոբյանն էլ չի իմացել եթերում դիմակ կրելու պարտադիր պահանջի մասին, ինչպես նաև, որ պարետատունը մեկնաբանել է հունիսի 3-ի որոշումը, այսուհետ «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում նորից դիմակ կկրեն, քանի որ չեն պատրաստվում օրենք խախտել:

«Քանի որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարը իջեցվել է դիմակ կրել-չկրելու մակարդակի, և արդեն նկատելի է, որ իշխանությունները բավական թերացել են կորոնավիրուսի կանխարգելման հարցում, և արդեն պարզ է, որ դիմակ կրելը վերջին միջոցն է դարձել, որպեսզի կորոնավիրուսի հետևանքները մեղմվեն, այնուամենայնիվ, կարծում եմ, որ հաղորդավարների դիմակ կրելը նաև քարոզչական նշանակություն ունի, ու եթե կառավարությունը կարծում է, որ այս կերպ կարելի է մարդկանց հուշել դիմակ կրելու մասին, ապա ինչու՞ ոչ, այս հարցում մենք նույնպես աջակցում ենք կառավարությանը»,- եզրափակեց «Քառյակ մեդիա» ընկերության գլխավոր տնօրենը:

«5-րդ ալիք»

Ինչպես արդեն նշեցինք, վարչական վարույթներից մեկը հարուցվել է «5-րդ ալիքի» նկատմամբ՝ եթերում դիմակ չդնելու պատճառով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը՝ ապօրինի որակելով այդ որոշումը: Հարություն Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ոստիկանները գտել են, թե «Հարցազրույց» հաղորդման ժամանակ չեն պահպանվել հակահամաճարակային կանոնները գրասենյակային տարածքում: Հարությունյանն ասում է, որ ինքը ոստիկաններին բացատրել է, թե հեռուստատեսային տաղավարը, որտեղից արտադրանք է դուրս գալիս, չի կարող համարվել գրասենյակային տարածք:

«Մենք գնացինք տաղավար: Ասացի՝ սա հյուրի տեղն է, իսկ սա՝ հարցազրույց վարողի, չափե՛ք դրանց միջև հեռավորությունը: Չափեցին, կազմեց 2 մ 80 սմ: Ուղիղ հարց տվեցի ոստիկանին՝ սոցիալական հեռավորությունը որքա՞ն պետք է լինի, ասաց՝ 1,5 մետր: Ասացի՝ դե արձանագրեք, որ 2,8 մետր է, հարցրի՝ դա ձեզ բավարարու՞մ է: Ասացին՝ մենք կարձանագրենք, ու ինձ ծանուցագիր տվեցին, որ պետք է ներկայանամ ոստիկանության Կենտրոնի բաժին՝ վարչական վարույթին մասնակցելու համար»,- նշեց Հարություն Հարությունյանը:

«5-րդ ալիքի» գործադիր տնօրենն ասում է, որ չի պատրաստվում ներկայանալ ոստիկանություն, քանի որ ոչ մի երաշխիք չունի, որ ոստիկանական բաժնում կորոնավիրուսով չի վարակվի: Հարություն Հարությունյանի խոսքով՝ մոտ մեկ ամիս առաջ իրեն զանգահարել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը և «ընկերաբար» ասել է, որ եթերում դիմակ կրեն: Հարություն Հարությունյանը բացատրել է, որ տաղավարները փոքր են, և իրենք աշխատում են «տաք լույսերի» տակ, և երբ տաղավարում դրանք միացվում են, շնչելն անհնար է դառնում, փոխարենը եթերում պահում են անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը: Իսկ ինչ վերաբերում է հեռուստաընկերության այն աշխատակիցներին, որոնք եթերում չեն աշխատում, ապա, ըստ Հարություն Հարությունյանի, նրանք պարտադիր դիմակ են կրում և բացի այդ, հեռուստաընկերության գրասենյակում պահվում են հակահամաճարակային բոլոր կանոնները:

«Եթե լուրերի մեկնաբանը տաղավարում միայնակ լուրեր է հաղորդում՝ առանց օպերատորի, երբ տեսախցիկները ստատիկ դրված են, ապա դիմակ կրելու իմաստը ո՞րն է: Բացե՛ք օտարերկրյա հեռուստաընկերությունները՝ Ռուսաստան, Ֆրանսիա, Ամերիկա, որտեղ՝ ուզում եք, այսպիսի գավառականություն չկա: Հակահիգիենիկ պատկեր է սա»,- ասում է Հարություն Հարությունյանը և շեշտում, որ «5-րդ ալիքը» առաջին հեռուստաընկերությունն է եղել, որ մինչև Հայաստանում կորոնավիրուսի տարածվելը ահազանգել է դրա վտանգների և անհրաժեշտ կանխարգելիչ քայլերի մասին, սակայն, ըստ նրա, հեռուստաընկերությանն այդ ժամանակ մեղադրել են խուճապ տարածելու մեջ:

Հանրային հեռուստաընկերություն

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սարգսյանն ասում է, որ երբ գրասենյակային տարածքներում դիմակների կրման վերաբերյալ պարետատան ցուցումները եղան, իրենք ձևավորեցին հատուկ հանձնաժողով և բացի պարետատան ցուցումներից հեռուստաընկերության համար ներքին կանոններ սահմանեցին: Հանրայինը հաղորդումներ ունի, որին բացի հաղորդավարից ներկա է լինում մինչև վեց հյուր, և քանի որ հիմա հնարավոր չէ տաղավարում ձևափոխումներ անել, մեծացնել տարածքները, Արմեն Սարգսյանի խոսքով՝ չցանկանալով ավելորդ ռիսկի գնալ՝ ներքին կարգով որոշեցին, որ հաղորդավարն ու հյուրերը պետք է դիմակ կրեն: Նույն պահանջը վերաբերում է նաև «Լուրերի» մեկնաբաններին, քանի որ, բացի հաղորդավարներից, տաղավարում նաև օպերատորներն են լինում, տարբեր հարցերով աշխատակիցներ են ելումուտ անում: Արմեն Սարգսյանը նշում է, որ որոշ բացառություններ լինում են, եթե հյուրերը դիմակ կրելու ընթացքում շնչելու խնդիրներ են ունենում:

Իսկ ինչ վերաբերում է հեռուստաընկերության աշխատակիցներին, Արմեն Սարգսյանի խոսքով՝ միակ բացառությունը անում են ձայնագրումների պահին, մասնավորապես՝ արտասահմանյան ֆիլմերի կրկնօրինակումների ժամանակ: 

«Մեզ մոտ նույնիսկ օրեր են եղել, որ շենքի հարկերի միջև ենք սահմանափակումներ մտցրել: Մեր ներքին կանոնները շատ ավելի խիստ են, քան պարետատան սահմանած կանոնները»,-նշեց Արմեն Սարգսյանը՝ շեշտելով, որ պարետի որոշումից հետո անձնակազմի հետ տարվող աշխատանքների տնօրինությունը, իրավաբանի հետ քննարկելով, հասկացել է հետագա քայլերը և կազմակերպել հետագա աշխատանքը:

«Հանրայինի առանձնահատկությունն այն է, որ շենքում ոստիկանության ներկայացուցիչներ կան, և մենք ուզենք, թե չուզենք չենք կարող խախտել հակահամաճարակային կանոնները»,- ասաց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:

Հարցին, թե մեկնաբանների և հաղորդավարների համար դժվար չէ աշխատանքի ընթացքում մշտապես դիմակ կրելը, Արմեն Սարգսյանն ասաց, որ եթե շնչառական դժվարություններ ունենան, ապա կարող են դիմակը հանել և շնչել, դրա համար նրանց ոչ ոք չի կարող տուգանել:

Արմեն Սարգսյանը հայտնեց նաև, որ Հանրայինի 750 աշխատակիցներից կորոնավիրուսով 4-5 հոգի է վարակվել, որոնցից երկուսն արդեն ապաքինվել են:

Հայկական երկրորդ հեռուստաալիք

Հայկական երկրորդ հեռուստաալիքի եթերում հաղորդավարները սկսել են դիմակներ դնել վարչապետի աշխատակազմի՝ հունիսի 26-ի կոչ-հորդորից հետո: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Լրաբեր» լրատվական ծրագրի ղեկավար Շավարշ Գևորգյանը: Եվ չնայած Հայկական երկրորդ հեռուստաալիքի հաղորդավարներն այժմ եթերում դիմակ կրում են, այնուամենայնիվ, Շավարշ Գևորգյանն անտրամաբանական է համարում այդ պահանջը, քանի որ լրացուցիչ անհարմարություններ է ստեղծում: 

«Եթե լուրերի հաղորդավարը միայնակ նստած է և բացի նրանից ոչ ոք չկա տաղավարում, իմաստը ո՞րն է, որ նա 40-50 րոպե դիմակը դեմքին լուրեր կարդա: Կամ եթե հարցազրուցավարը հյուրից 3-4 մետր հեռավորության վրա է նստում, մեր տաղավարում այդ հնարավորությունը կա, դիմակ կրելու իմաստը ո՞րն է, եթե սոցիալական հեռավորությունը առնվազն երկու անգամ ավելի պահպանվում է»,- ընդգծում է Գևորգյանը: 

Շավարշ Գևորգյանը պատմեց, որ հունիս ամսին հարցազրույցներից մեկի ժամանակ դիմակ չկրելու պատճառով հեռուստաընկերություն են այցելել ոստիկաններ և իր նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն են կազմել: Հարցազրույցին նախորդող և հաջորդող օրերին Շավարշ Գևորգյանը շարունակել է դիմակ չկրել, սակայն երբ եղել է կառավարության կոչ-հորդորը, արդեն դիմակով է եթեր մտել, որպեսզի, ինչպես ինքն է նշում, հակառակ ակցիայի չնմանվի: 

«Լրաբերի» ղեկավարը նշում է, որ Հ2-ի ղեկավարությանը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից հորդորել են եթերում դիմակ դնել: «Ասել են՝ դուք ո՞նց կմասնակցեք դիմակ դնելու քարոզչությանը: Մենք ասել ենք, որ բացի պարետատան հոլովակներից, որոնք մենք մշտապես եթեր ենք հեռարձակում, մեր կողմից մենք էլ մի քարոզչական հոլովակ կպատրաստենք: Մենք էլ այդ կերպ ենք քարոզչությանը մասնակցել»,- նշեց «Լրաբերի» ղեկավարը:

«Երկիր Մեդիա»

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանն ասում է, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից խորհրդատվության կարգով հայտնել են, որ ցանկալի է դիմակ կրել, որը հեռուստաընկերությունում չեն արել: Սակայն երբ պարետի համապատասխան որոշումն է ուժի մեջ մտել, սկսել են դիմակով եթեր դուրս գալ: Ըստ Գեղամ Մանուկյանի՝ եթերում դիմակ դնելը ֆիզիկապես և գեղագիտական առումով սարսափելի երևույթ է:

«Սոցիալական հեռավորությունը տաղավարում պահպանվում է, և առավելագույնը մեկ օպերատոր է լինում հաղորդավարի հետ: Հյուրերի դեպքում էլի սոցիալական հեռավորությունը պահպանելով՝ ստիպված ենք դիմակ դնել»,- ասում է Գեղամ Մանուկյանը՝ հավելելով, որ լինում են բացառություններ. օրինակ՝ հունիսի 3-ին Աննա Իսրայելյանը «Երկրի հարցը» հաղորդմանը հյուրընկալել էր աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե Դանիելյանին, որը խնդրել էր առանց դիմակի զրուցել, քանի որ ի վիճակի չէ կես ժամ շարունակ դիմակով խոսել: 

Գեղամ Մանուկյանն ասում է, որ այս հարցով պարետատնից որևէ ցուցում չեն ստացել, իսկ կառավարության ձեռնարկած գործողությունները միմյանց հակասող որակեց: 

«Հինգշաբթի օրը՝ կառավարության նիստին, վարչապետը հայտարարեց, որ քաղաքացիները գործարանային արտադրության դիմակ կրեն, սակայն միևնույն ժամանակ կա պարետատան տրամադրած սոցիալական հոլովակ, որտեղ դերձակը 3-4 րոպե պատմում է, թե ինչպես կարելի է տան պայմաններում կտորից դիմակ կարել: Այսինքն՝ գործողությունների միջև համադրվածություն չկա»,-ասաց Գեղամ Մանուկյանը:

Նշենք, որ մեկնաբանությունների խնդրանքով դիմել ենք նաև «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերություններ, սակայն դեռևս պատասխան չենք ստացել: Ստանալուն պես դրանք նույնպես կհրապարակենք:

Արձագանքելով «Արմնյուզ» հեռուստաընկերությունում դիմակ չդնելու պաճառով հարուցված վարչական վարույթին՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ իր համար՝ որպես կարգավորող մարմնի ղեկավարի, տհաճ է, երբ ոստիկանությունն այցելում է ցանկացած հեռարձակողի գրասենյակ: Ինչ վերաբերում է «168 ժամ»-ին իր հայտնած այն տեղեկությանը, թե եթերում դիմակ կրելու պահանջ չկա, Տիգրան Հակոբյանն այդ մասին գրել է.

«Արմնյուզ ռադիոկայանի տնօրեն եւ Արմնյուզ հեռուստաալիքի հաղորդավար Լիկա Թումանյանը (եւ ոչ միայն նա) եթերում դիմակ չկրելը հիմնավորում է մոտ մեկ ամիս առաջ լրատվականներից մեկին հեռախոսով արտահայտած իմ այն տեսակետով, որ (մեջբերում եմ լրատվականի տեքստից). «Հեռուստաընկերությունների տաղավարներում պարտադիր դիմակով նկարահանում անելու պարետի համապատասխան որոշում չկա՛ որքանով ես գիտեմ»: 

Խոսքը, բնականաբար, գնում էր մեկ հաղոդավարի մասին (երբ երկուսն են՛ դա պարտադիր է, եւ այդ պահանջը, կարծես, չի վիճարկվում): «Որքանով ես գիտեմ»-ը թույլ փաստարկ է, եւ դա ես օգտագործել եմ, որովհետեւ ինքս էլ համոզված չէի, որ պարետի որոշումները հստակ պարտադրում են հաղորդավարին եթերում մենակ լինելով դիմակ կրել»,- գրել է ՀՌՀ նախագահը: Լրացուցիչ մեկնաբանություններ ստանալու համար զանգահարեցինք Տիգրան Հակոբյանին, սակայն մեր զանգերը անպատասխան մնացին:

Անպատասխան մնացին նաև վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին արված զանգերը, սակայն կարող ենք հավելել, որ հունիսի 26-ին վարչապետի աշխատակազմը կոչ-հորդոր էր հղել հեռուստաընկերություններին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով պարետի N 110-Ն որոշման հավելված 16-ի կետ 2-րդի վրա, որը սահմանում է հետևյալը՝ աշխատատանքային պարտականությունները կատարելիս աշխատակիցները կրում են դիմակներ:

«Կոչ ենք անում անվերապահորեն պահպանել սահմանված կանոնները եթերում։ Կանոնների խախտումը կառաջացնի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն»,- ասվում էր վարչապետի աշխատակազմի կոչում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter