HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճոճկանցի հողագործ. «Կառավարությունն ուզի-չուզի դեմքով շրջվելու է դեպի երկրի անմշակ հողեր»

Կեսօր էր, արևը հուր էր թափում: Ճոճկան գյուղի դեղձի իր այգու մոտ հանդիպեցի Սամվել Սիրադեղյանին: Նրան նախ հարցրի կորոնավիրուսի մասին, ասաց, որ կորոնավիրուսը դեռ Ճոճկան չի հասել: Նրա այգում ոռոգման ջուր կար, ծառերը ջրում էր: Ոռոգման ջուրը մայր առվից Սամվելի այգիներ 600-700 մետր բաց առվակով էր գալիս: Ճանապարհին ջրի կորուստների պատճառով 1 խմ ջրի դիմաց 11 դրամի փոխարեն վճարում է 20 դրամ: Սամվելը նշեց, որ ոռոգման ջուր չունենալու պատճառով գյուղի վարելահողերի 40-50 տոկոսը չի մշակվում: Ասաց, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները ձմռանը Ճոճկանում առաջինը կզգան հենց այդ հողատերերը:

«Վրաստանի Կառավարությունն այս տարի շուրջ 42 հազար ֆերմերի ազատել է ոռոգման ջրի վարձից: Թող Նիկոլ Փաշինյանն էլ մեզ անվճար ոռոգման ջուրը տա ու ասի՝ գնացեք, դաշտերը ջրեք, բերք ստացեք: Այ, էդ ժամանակ Հայաստանում հողագործության զարգանալը կտեսնի»,- ասաց Սամվել Սիրադեղյանը:

Սամվել Սիրադեղյանը Ճոճկանում լավ հողագործի համբավ ունի: Նա երեք հազար մետր՝ նշի, 8 հազար մետր՝ տնամերձ և 6 հազար մետր դեղձի այգիներ ունի: Նշի այգին 8 տարի առաջ է տնկել, այս տարի բերք է ստանալու: Կարմրաթուշ դեղձի բերքահավաքը 15 օր հետո է սկսելու: Մեզ հետ այգում շրջելիս Սամվելը թափահարեց այգու մի քանի ծիրանենի: Ծիրանը թափվեց: Բացատրեց, որ գործը վերջացնելուց հետո որդին՝ Նարեկը, ծիրանը կհավաքի օղի թորելու համար:

Որդին՝ Նարեկ Սիրադեղյանը, մանկավարժական բարձրագույն կրթություն ունի, սակայն ցածր աշխատավարձի պատճառով մասնագիտությամբ չի աշխատում: Հայր ու որդի զբաղվում են գյուղատնտեսությամբ: Տարիներ շարունակ ցորենի մշակությունը եկամտաբեր չի եղել, նրանք այլևս ցորեն չեն մշակում:

Նրանք նաև ունեն մեկ կով, մոզի, հավեր ու խոզեր: Կովերի խոտն իր այգիներից է հնձում: Ս. Սիրադեղյանը 20 տարի՝ 2000թ.-ից սկսած, Հրանտ Վարդանյանի որդիներին` Կարեն և Միքայել Վարդանյաններին պատկանող «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊԸ-ի աջակցությամբ ծխախոտի մշակությամբ է զբաղվում:

Նախկինում մինչև 3 հա հողի վրա է ծխախոտ մշակել, այս տարի «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ի հետ կնքած պայմանագրով ծխախոտ է մշակում Ճոճկանի հող չմշակող գյուղացիներից վարձակալած 17 հա վարելահողերի վրա: Վարձակալած հողերի հողատերերի հետ Սամվելը պայմանավորվել է յուրաքանչյուր հա-ի համար 30-40 հազար դրամ վարձավճար տալ:

Պայմանագրով «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը Սամվել Սիրադեղյանին 5 մլն դրամ կանխավճար է տվել՝ ծխախոտի ցանքսը կատարելու համար: Ընկերության տված սերմերով Ս. Սիրադեղյանը իր ջերմոցներում գարնանը ծխախոտի սածիլ է ստացել: Պատմեց, որ այս տարի ձեռքով սածիլ չի դրել հողում: Սածիլումը «Բելառուս» մակնիշի տրակտորով են կատարել:

Սամվելի ասելով՝ հանրապետությունում դա 1-ին անգամ է կիրառվում, նոր  տեխնոլոգիա է: «Տրակտորը մերն է, ուղղակի «Մասիս Տոբակո»-ն հողը մշակող ագրեգատ է տվել ինձ, ագրեգատը տեղադրել ենք տրակտորի վրա»,- բացատրեց նա:

Տրակտորն աշխատեցնում է Նարեկը: Հողի մշակությունը ագրեգատով 5 անգամ ավելի արագ են կատարել, կարողացել են 17 հա ծխախոտի ցանքսը ժամանակին ավարտել: Երկու, երեք անգամ արդեն տրակտորին տեղադրած ագրեգատով փխրեցրել են հողի շարքերն և ծխախոտի բուժում են կատարել: Սամվելն այդ ամենը ցույց տվեց ծխախոտի դաշտերում:

«Մեկ, երկու անգամ էլ քաղհան և փխրեցում ենք կատարել օժանդակ բանվորներով»,- ասաց նա:

Մեր այցելության պահին Սամվել Սիրադեղյանի կողմից մշակվող ծխախոտի դաշտերում 12 բանվոր էր աշխատում: Նրանցից 8-ը՝ ճոճկանցիներ, 4-ը հարևան Նոյեմբերյանի Այրում բնակավայրի գյուղացիներ էին:

«Հողագործությունը շատ եմ սիրում: Դաշտի կոլեկտիվ աշխատանքում լավ եմ զգում, չնայած ծանր աշխատանք է, օրը 4 հազար դրամ են վարձատրվում: Քիչ է վարձատրությունը մեր ծանր աշխատանքի դիմաց, բայց, եթե  հնարավորություններն այդ է, սիպված ենք հարմարվել: Ցանկալի կլիներ, ասենք, օրական 8 ժամ աշխատելու պայմաններում, գոնե 5-6 հազար դրամ աշխատավարձ լիներ»,- ասաց Ալվարդ Գիգոլյանը:

Մարիետա Բազազյանը, Ռիտա Բաղդասարյան և Բաղդասար Բաղդասարյանը Նոյեմբերյանի Այրում բնակավայրից են գալիս Ճոճկանի ծխախոտի դաշտերում աշխատելու:

«Թող աշխատանք լինի, տանը պարապությունից մեռնում եմ: Սամվել Սիրադեղյանն էլ լավ մարդ է: Օրը 4 հազար դրամ նաղդ աշխատավարձ է տալիս: Երեք երեխա ունեմ, ամուսին չունեմ: Մեծ տղաս պայմանագրային զինծառայող է, ինքն իրեն պահում է: Չէ, շատ գոհ եմ, հաճելի աշխատանք է: Այսպիսի աշխատանքով եմ երեխաներիս մեծացրել»,- պատմեց Մարիետա Բազազյանը:

«Թութունում շատ ենք աշխատել, բայց այս դաշտում նոր ենք, արդեն 20 օր է՝ այստեղ ենք աշխատում»,- ասաց Ռիտա Բաղդասարյանը: Ռիտան դաշտում աշխատում էր ամուսնու և որդու հետ: Ամուսնու՝ Բաղդասար Բաղդասարյանի ասելով` դժգոհ են լինում այն ժամանակ, երբ աշխատանք չի լինում: Երեք երեխաներ ունեն: «Չենք ասի` հողագործի աշխատանքը հեշտ է, բայց շնորհակալ ենք, որ էսօրվան օրը աշխատանք ունենք, աշխատում և ապրում ենք»,- ասաց   Բաղդասար Բաղդասարյանը:

Սամվել Սիրադեղյանի խոսքով, 15-20 օր հետո կավարտեն ծխախոտի մշակությունը և բերքը կհանձնեն «Մասիս Տոբակո»-ին:

«Ծխախոտի բերքը լրիվ իմն է, ուղղակի մշակության համար ինձ տված ծախսերը պետք է վերադարձնեմ: Ավելի ճիշտը Ձեզ ներկայացնեմ, ես հա-ից պետք է 15 տոննա բերք ապահովեմ, որ կարողանամ եկամուտ ստանալ: Հնարավոր է, որ ունենամ այդ ցուցանիշը»,- ասաց Ս. Սիրադեղյանը: Վերջինս լավ գնահատեց  ծխախոտի դաշտերի վիճակը, ասաց ընկերությանը ծխախոտը կանաչ է հանձնելու, կգ-ն 80-85 դրամով: Ծխախոտի ընդունման գինը կախված է ծխախոտի որակից:

«Մասիս Տոբակո»-ն այս տարի Ս. Սիրադեղյանին տրամադրել է նաև բեռնատար ավտոմեքենա, որով մթերակայան են տեղափոխելու ծխախոտը: Մթերակայանը գտնվում է Նոյեմբերյանի Հաղթանակ բնակավայրում: Սամվելը տարին գյուղատնտեսության, այդ թվում նաև ծխախոտի մշակության համար, բարենպաստ համարեց: «Անգամ կարկուտի հարվածելու դեպքում վնասված տերևները  ընդունվում են մթերման: Ցանքսի հիմնական վտանգը երաշտն է: Այդ ժամանակ էլ դաշտերի ոռոգումն ենք շատացնում, հաճախակի ենք ջրում»,- բացատրեց նա:

Հարցրի ծխախոտի մշակությունից  իր եկամուտների մասին: «Եթե եկամուտ չլինի էլ, սա ինձ համար նաև աշխատանք է: Ծխախոտի մշակության այս գործում ես նաև «Մասիս Տոբակո»-ի տեխնոլոգն եմ, ամիսը 100 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում: Դեռ բերքից էլ եկամուտ եմ ստանալու»,- պատասխանեց նա:

Այցելեցինք նաև Սամվելի լոլիկի դաշտ: Նա հիացած էր լոլիկի մատղաշ թփերի փոքր, սակայն առատ պտուղներով:

«Այ, էն լեռան հետևում արդեն Վրաստանն է»,- ձեռքը  Ճոճկանի վերևի լեռան ուղղությամբ ցույց տալով` ասաց նա,- տարիներ շարունակ մեր տարածաշրջանի  գյուղացիները Վրաստանի լոլիկը, վարունգն ու մրգերն են բերել մեր շուկայում վաճառել՝ բանջարեղենի ու պտղի սեփական արտադրությունը ապահովելու փոխարեն: Հիմա հայ-վրացական սահմանը փակ է, էլ հնար չկա այդ ապրանքը  Վրաստանից բերելու: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ուզի-չուզի դեմքով պետք է շրջվի դեպի մեր անմշակ հողերը»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter