HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գլխավոր դատախազությունում ուսումնասիրում են «սոցապի» տների գնման մասին «Հետքի» հրապարակումը

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ուսումնասիրում է «Հետք»-ի՝ «Սոցապը 6 ամիս առաջ «հրատապ» կարգով տարեցների համար տներ է գնել, սակայն դրանք մինչ օրս բնակեցված չեն» հոդվածում մատնանշված փաստերը: Այդ մասին ասաց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ հրապարակված հոդվածում անդրադարձել էինք Արմավիրի մարզի Մրգաստան, Ակնաշեն և Գեղակերտ համայնքներում, տարեցների խնամքի ծառայությունների մատուցումը բարելավելու անհրաժեշտությունից ելնելով, 3 տան գնման պատմությանը: Նշել էինք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Արմավիրի մարզում ձեռք բերած 2 փոքր տան գնումն իրականացրել է «հրատապ մեկ անձ» գնման ընթացակարգով և վճարել համեմատաբար թանկ գին, քանի որ գնված տները լուրջ վերանորոգման կարիք ունեն:

Ավելին, տները նախապես չեն գնահատվել, և նախարարությունը դրանք ձեռք է բերել այն գնով, ինչ առաջարկել է վաճառողը՝ պահելով միայն վերին՝ 27 մլն դրամի շեմը:

Ակնաշեն գյուղի տունը և տնամերձ հողամասը 2019թ. դեկտեմբերի 19-ին կնքված պայմանագրով ձեռք է բերվել 26 մլն 950 հազար դրամով՝ ընդամենը 50 հազար դրամ պակաս նախարարության առաջարկած առավելագույն գնից: Իսկ Մրգաստան համայնքում գտնվող տունը գնվել է 26 մլն 730 հազար դրամով՝ 270 հազար դրամով պակաս նախարարության առաջարկած առավելագույն գնից:

Երկու տներն էլ ձեռք են բերվել նույն օրը՝ մատակարարման մեկ պայմանագրով, որի կողմերից մեկը նախարարությունն է, իսկ մյուսը՝ «Լեքսհաբ» ՍՊԸ-ն:

2019թ-ի մարտի 19-ին «Լեքսհաբ» ընկերության 100% բաժնեմասի սեփականատեր է դարձել Պավել Թադևոսյանը: Նա է նաև ընկերության տնօրենը: Պավել Թադևոսյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանի որդին է:

Թեև տները հրատապ ընթացակարգով են ձեռք բերվել, ինչը ենթադրում է որոշակի շտապողականություն, լուրջ մրցակցության բացակայություն և այլն, սակայն մինչ օրս՝ գնումից 6 ամիս անց, դրանք վերանորոգված և բնակեցված չեն:

Լուսանկարում Մրգաստան գյուղում գնված տան առաջին հարկն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter