HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը մարտի 17-ին կանցկացնի «կլոր սեղան» Մաշտոցի այգու հարցով

Սույն թվականի մարտի 14-ին Մաշտոցի պողոտային հարող պուրակում ՀՀ ոստիկանության կողմից իրականացվել են հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործողություններ, որոնք տարբեր գնահատականների են արժանացել մի շարք հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, կուսակցությունների ներկայացուցիչների կողմից:

Չնայած ՀՀ ոստիկանությունն իր նախորդ հայտարարության մեջ հանգամանորեն անդրադարձել է իրականացված գործողությունների իրավական հիմքերին, այդուհանդերձ, ԶԼՄ-ներով արտահայտվել են տարաբնույթ և իրարամերժ կարծիքներ ու տեսակետներ իրականացված գործողությունների իրավաչափության վերաբերյալ:

ՀՀ ոստիկանությունը կարևորում է հանրության ներկայացուցիչների տեսակետները նաև այն դեպքերում, երբ չի կիսում դրանք և համաձայն վերջին ժամանակահատվածում ձևավորվող ավանդույթի՝ իր պատրաստակամությունն է հայտնում իրենց դիրքորոշումն արդեն իսկ հրապարակած, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, «Մենք ենք այս քաղաքի տերը», «Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի», «Թռչկան», «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնությունների, ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչների, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերի հետ անցկացնել կլոր սեղանի շուրջ քննարկումներ հետևյալ հարցերի շուրջ՝

- Ընդհանուր ազատությունը («թույլատրելի է այն ամենը, ինչն արգելված չէ օրենքով») որպես սկզբունք և իրավունք,

- «Հասարակական կարգ» և «հասարակական անվտանգություն» եզրույթների հասկացությունն ու բովանդակությունը,

- Հասարակական վայրերում վրանի/վրանների տեղադրման իրավաչափությունը,

- Ոստիկանության հայեցողության սահմանները, հարկադրանքի կիրառման նախապայմանները,

- Լարվածությունը թուլացնելու սկզբունքը ոստիկանության գործելակերպում,

- Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը և ԵԱՀԿ չափորոշիչները վերը նշված հարցերի համատեքստում:

«Կլոր սեղանի» քննարկումները տեղի կունենան մարտի 17-ին՝ ժամը 16.30-ին, ՀՀ ոստիկանության շենքում (հասցեն՝ Նալբանդյան 130):

Խնդրում ենք մասնակցության հայտերը (ներկայացուցչի տվյալները) ներկայացնել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն մինչև մարտի 17-ի ժամը 12.00-ն (հասցեն՝ Նալբանդյան 130, ոստիկանության Մշակույթի կենտրոն, 2-րդ հարկ, հեռ.՝ 54-73-14, էլեկտրոնային փոստի հասցեներ՝ [email protected], [email protected]):

ՀՀ ոստիկանություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter