HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Օտարերկրյա ներդրումներն առաջին եռամսյակում 38.6%-ով նվազել են

Ներդրումների նվազումը մեծամասամբ պայմանավորված է Ռուսաստանից հոսող ներդրումների կրճատմամբ։

2020 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված համախառն օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է մոտ 211 մլրդ դրամ (437 մլն դոլար), որից 72 մլրդ դրամը (150 մլն դոլար) ուղղակի ներդրումներն են (ՕՈՒՆ)։ Ինչպես ցույց է տալիս Վիճակագրական կոմիտեի մեկ օր առաջ հրապարակած ցուցանիշների վերլուծությունը, այս տարվա առաջին եռամսյակում օտարերկրյա ներդրումների ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, մոտ 133 մլրդ դրամով կամ 38.6 %-ով նվազել է։

Իսկ միայն օտարերկրյա ուղղակի ներդրումներն առաջին եռամսյակում աճել են 1 մլրդ դրամով կամ 1.4 %-ով։

Հիշեցնենք, որ համախառն հոսքերը ցույց են տալիս տնտեսության իրական հատվածում իրականացված ներդրումների ծավալները՝ առանց պարտավորությունների գծով մարումների, գների, փոխարժեքի և այլ փոփոխությունների:

Հայաստանում կատարված ներդրումների ծավալով առաջին տեղում Ռուսաստանն է։ Եվ հենց այս երկրից հոսող ներդրումների կրճատմամբ է պայմանավորված ներդրումների ընդհանուր ծավալի անկումը։

Առաջին եռամսյակում համախառն ներդրումների մոտ 38 %-ը հոսել է Ռուսաստանից։ Դա կազմում է մոտ 80 մլրդ դրամ։

Իսկ ՕՈՒՆ-ի կազմում Ռուսաստանի տեսակարար կշիռը շատ ավելի մեծ է՝ 84 % (մոտ 61 մլրդ դրամ)։

2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ Ռուսաստանից Հայաստան կատարվող համախառն ներդրումները կրճատվել են 75 մլրդ դրամով կամ 48.6 %-ով։ Ուղղակի ներդրումներն էլ կրճատվել են 3.3 մլրդ դրամով կամ 5.2 %-ով։

Ներդրումների կազմում  տեսանելի է նաև Գերմանիայի ցուցանիշները: Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում կատարված համախառն օտարերկրյա ներդրումների 31.5 %-ը կամ 66 մլրդ դրամը Գերմանիայից է, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 15 մլրդ դրամով կամ 29.4 %-ով։

Մյուս համեմատաբար խոշոր ներդրողներից է Կիպրոսը, որտեղից ևս ներդրումների աճ է նկատվել։ Առաջին եռամսյակում նշված երկրից ներդրումների գծով ստացումները՝ համախառն հոսքերը, կազմել են 22 մլրդ դրամ, որը  2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ եռապատկվել է։

Թե որ ոլորտներ են հոսում այդ գումարները, Վիճկոմիտեն չի ներկայացնում։ Միայն տարեկան պարբերականությամբ են հրապարակվում այդ ցուցանիշները։ Այսինքն՝ 2020 թվականի ամփոփիչ ցուցանիշներում միայն կտեսնենք ներդրումներն ըստ ոլորտների։

Ներդրումների գծով մարումներն ավելի շատ են, քան ստացումները

Վիճակագրական կոմիտեն, բացի հանախառն օտարերկրյա ներդրումներից, որոնք, ինչպես նշեցինք, ցույց են տալիս, թե որքան գումար է հոսել Հայաստան ներդրումների տեսքով, նաև հրապարակում է այդ ներդրումների զուտ հոսքերը՝ ստացումների ու մարումների տարբերությունը։

Եվ երբ ներդրումների գծով կատարված վճարներն ու ծախսերն ավելի շատ են լինում նշված ժամանակահատվածում, քան ներդրված գումարներն են, ապա զուտ հոսքերը բացասական արդյունք են ցույց տալիս։ Նման պատկեր է ստացվել այս տարվա առաջին եռամսյակում։

Այսպիսով, այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված ներդրումների զուտ հոսքերը կազմել են -17 մլրդ դրամ, որը 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ 73.5 մլրդ դրամով պակասել է։

Իսկ ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են -11.3 մլրդ դրամ՝ նվազելով մոտ 21 մլրդ դրամով։

Քիչ թվով երկրների դեպքում է, որ զուտ հոսքերը դրական են։ Օրինակ՝ Գերմանիայից կատարված ներդրումների զուտ հոսքերը կազմել են 12 մլրդ դրամ, որից 1.6 մլրդ դրամը ուղղակի հոսքերն են։ 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ զուտ հոսքերն ավելացել են 281 մլն դրամով, իսկ ուղղակի զուտ ներդրումների գծով հոսքերը՝ 4.7 մլրդ դրամով։

Ռուսաստանից կատարվող ներդրումների զուտ հոսքերը կազմել են -34 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվել է 67 մլրդ դրամով։ Ուղղակի ներդրումների զուտ հոսքերն էլ կրճատվել են 21 մլրդ դրամով ու կազմել -8.2 մլրդ դրամ։

Հիշեցնենք, որ 2019 թվականին Հայաստանում կատարված oտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալը, ըստ Վիճկոմիտեի, կազմել է 1 տրլն 422 մլրդ 615 մլն դրամ  (կամ 2 մլրդ 961 մլն ԱՄՆ դոլար), որից ուղղակի ներդրումները (ՕՈՒՆ)՝ 284 մլրդ դրամ (591.1 մլն դոլար)։

2018 թվականի համեմատ ընդհանուր ներդրումներն աճել են 214 մլրդ դրամով կամ 17.7 %-ով։ Մինչդեռ ՕՈՒՆ-ը նվազել է մոտ 7.2 մլրդ դրամով կամ 2.5 %-ով։  Ներդրումների առյուծի բաժինը կլանում են էներգետիկան ու հանքարդյունաբերությունը։ Իսկ մյուս ոլորտներում կատարվող ներդրումները շատ ավելի քիչ են։ Ներդրող երկրների թիվը ևս փոքր է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter