HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Եղեգնուտցիները չեն կարողանում իրենց բերքն իրացնել սուպերմարկետներում. գյուղը փաստացի համայնքի ղեկավար չունի

Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի գյուղատնտեսությամբ զբաղվող բնակիչները բերքն իրացնելու լուրջ դժվարությունների առաջ են կանգնել: Չեն կարողանում համայնքապետարանից տեղեկանք վերցնել, որպեսզի կարողանան սմբուկը և այլ գյուղմթերքներ իրացնել սուպերմարկետներում:

Օֆիկ Գալստյանն այսօր համագյուղացիների հետ բողոքի ակցիա էր իրականացնում Եղեգնուտի համայնքապետարանի դիմաց՝ պահանջելով, որպեսզի մարզպետ Համբարձումյանը գա գյուղ և զրուցի գյուղացիների հետ: Նա պատմեց, որ պայմանագիր ունեն «Երևան Սիթի» սուպերմարկետի հետ, որով սմբուկ են մատակարարում սուպերմարկետի «Փակ շուկայի» մասնաճյուղին:

Քանի որ այս պահին եղեգնուտցիները փաստացի համայնքի ղեկավար չունեն, չեն կարողանում համայնքապետարանից գյուղմթերքի վերաբերյալ տեղեկանք վերցնել, որպեսզի կարողանան այն վաճառել սուպերմարկետին:

«Հետք»-ն ավելի վաղ գրել է, որ Եղեգնուտում պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացվում, ինչի հետևանքով կաթվածահար է եղել գյուղի ղեկավարումը: Այսօր նույնպես այդ օրերից մեկն էր: Վաղ առավոտից գյուղացիները պահանջում են համայնքը երկու տասնյակից ավել ղեկավարած Ռազմիկ Մարգարյանին չվերադարձնել իր նախկին պաշտոնին: 

Երկրում իշխանափոխությունից հետո, գյուղի բնակիչների ճնշման ազդեցության տակ, Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանը լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում էր գրել, ինչը չէր ընդունվել համայնքի ավագանու կողմից: Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը Եղեգնուտում նշանակել էր համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար:

Արմավիրի ներկայիս մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հունիսի 22-ին անվավեր է ճանաչել Եղեգնուտ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին նախորդ մարզպետ Գագիկ Միրիջանյանի՝ 2018թ. օգոստոսի 24-ին ստորագրած թիվ 287 որոշումը: Հ. Մաթևոսյանի որոշման հիմք էր հանդիսացել Վարչական դատարանի որոշումը:

Ռազմիկ Մարգարյանն ընդդեմ մարզպետի դիմել էր դատարան և դատարանը Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռ. Մարգարյանին վերականգնել է համայնքի ղեկավարի պաշտոնում՝ անվավեր ճանաչելով Եղեգնուտում համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին նախկին մարզպետի որոշումը:

Սմբուկով բեռնված մի ավտոմեքենա այսօր եկել էր բողոքի ակցիայի վայր և մարդկանց ցույց տալիս իրենց փաստացի վիճակը:

Նշենք, որ Ռազմիկ Մարգարյանը դատարանի որոշումից հետո դեռ չի եկել համայնքապետարան, իսկ հունիսի 22-ից լիազորությունները դադարեցված համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանը, ով համագյուղացիների հետ բողոքի ակցիային էր մասնակցում, նշեց, որ գյուղացիները հայտնվել են անելանելի վիճակում:

«Որպեսզի «Սիթին» ընդունի գյուղացու ապրանքը, մենք տալիս էինք տեղեկանք, որ այդ մարդն ունի այսքան հող և մշակում է այսինչ կուլտուրան, դրանից հետո նոր միայն ընդունում են: Բայց իմ լիազորությունները դադարեցված է, ես չեմ կարող նման փաստաթուղթ տալ: Գյուղի 90 %-ը հայտնվել է նույն վիճակում»,- ասաց Ռազմիկ Մկրտչյանը:

Համայնքի ղեկավարի արդեն նախկին ժամանակավոր պաշտոնակատարը հավելեց, որ ավտոմեքենաների տեխնիկական զնման համար ևս դժվարություններ են առաջացել: Գյուղացիները չեն կարողանում ավտոմեքենայի գույքահարկի «զրոյական» տեղեկանքներ վերցնել:

Գյուղմթերքի արտահանությամբ զբաղվող եղեգնուտցի Հովհաննես Հակոբյանն էլ փաստեց, որ գյուղի արտահանողները ևս վատ վիճակում են հայտնվել: Նրանց ևս տրվում է համայնքապետի կողմից տեղեկանք, որից հետո միայն կարողանում են հատել սահմանը: Այս օրերին, գյուղից որևէ մեկը չի կարողանում բերք արտահանել:

Թե որքան է շարունակվելու եղեգնուտցիների բողոքի ակցիան՝ դժվար է ասել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter