HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը 33-րդ թաղամասի ներդրումների մասին տվյալները չի տրամադրում

Կառավարությունը Երևանի 33-րդ թաղամասի՝ Ֆիրդուսի կառուցապատման ներդրողների մասին տվյալներ չի տրամադրում։ Փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը վերջերս հրապարակեց Երևանի 33-րդ թաղամասի ներդրողների ցանկը և հայտարարեց, որ մինչ օրս Ֆիրդուսի թաղամասի նախագծի համար ներդրվել է 70 մլն դոլար: Նույն թիվը հրապարակեց նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ Ազգային ժողովում։

Գրավոր հարցմամբ դիմեցինք փոխվարչապետ Տիգրան Ավինյանին։ Խնդրեցինք տրամադրել տեղեկություններ, թե որ ներդրողը մինչ օրս որքան գումար է ներդրել իր ձեռք բերած տարածքի համար։

Մեր հարցմանն ի պատասխան Սերժ Վարագ Սիսեռյանը հայտնել է, որ լոտերի առուվաճառքի գործարքը կնքվել է մասնավոր սուբյեկտների միջև, հետևաբար, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը չի հանդիսանում նշված գործարքի վերաբերյալ տեղեկատվության տնօրինող և չի կարող որևէ տեղեկատվություն տրամադրել կոնկրետ լոտի գործարքի գնի մասին։

Այս պատասխանն առնվազն տարօրինակ է, քանի որ մենք չէինք խնդրել լոտերի գործարքների վերաբերյալ տեղեկատվություն, այլ ուզում էինք պարզել, թե կոնկրետ որ ներդրողը որքան ներդրում է կատարել մինչ օրս, որը ընդհանուր կազմել է 70 մլն դոլար, և այդ մասին հայտարարում են Կառավարության ներկայացուցիչները՝ թե՛ Սիսեռյանը, թե՛ փոխվարչապետ Ավինյանը։

Ովքեր են ներդրողները

Ս․Վ․ Սիսեռյանը ներկայացրել է 9 ներդրող-գնորդների խմբի, որոնք բաժանել են 18 լոտերը։

1-ին լոտը ձեռք է բերել ՌԴ քաղաքացի, Վոլգոգրադում գրանցված գործարար Յուրիկ Խաչատրյանը, ում մասին գրել էինք նախորդ հրապարակման մեջ։ Նա հայտնվել է «Էրզրում քոնսթրաքշն» ՍՊԸ-ում։ Այս ընկերության տիրապետության տակ են Հանրապետության 38 և 40 հասցեները։ Այդ հասցեներից մեկում ժամանակին բնակվել է հենց ինքը՝ Յուրիկ Խաչատրյանը, այդ պատճառով էլ նա ձեռք է բերել տվյալ հատվածը։

2-րդ, 4-րդ և 5-րդ լոտերը «Կաէռ մայնինգ» ՍՊԸ-ն է ձեռք բերել։ Այս ընկերությունը ստեղծվել է 2018թ․ հունիսի 12-ին։ Միակ բաժնետերը Ռուբեն Մարքլենի Կարախանյանն է։ Ընկերությունը 10 հազար դրամ կանոնադրական կապիտալ ունի։ Սակայն նույն անձը նաև այլ ընկերություններ է հիմնադրել և տնօրինում։ Մասնավորապես՝ «Մոբիլայն» ՍՊԸ-ի սեփականատերն է, որին էլ պատկանում է «Սվարովսկի» և «Էգոիստ» խանութների սրահները, «Գաստրո» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնետերն է, որը Կոմիտասի 15 հասցեում շահագործում է «Դեգուսթեյշն» սննդի կետը, Բաբայան փողոցում գտնվող որսորդական խանութը շահագործող «Սաֆարի-առմա» ՍՊԸ-ում 33,4 % բաժնեմասի սեփականատերն է, ժամանակավոր դադարեցված «Տատյանս թրավել» ՍՊԸ-ի՝ միանձնյա բաժնետերը։

3-րդ լոտի տեր է դարձել Զավեն Սարգսյանը՝ «Վան քոնսթրաքշն» ՍՊԸ-ի միջոցով։ Հիշեցնենք՝ վերջինս այս լոտին տիրացել է 2019թ․ սեպտեմբերի 30-ին, երբ ձեռք է բերել ընկերության բաժնեմասը։

Զավեն Սարգսյանը 50 տոկոս մասնակցություն է ունեցել նաև «Արփիսոլար» ՍՊ ընկերությունում մինչև 2019թ․ սեպտեմբերի 19-ը, 2017թ․ ստեղծված «Սմարթ էներջի» ՍՊԸ-ի միանձնա սեփականատերն է։  «Իզոտոպ դելտա» ընկերությունում 5 % մասնաբաժին ունի, որտեղ իր գործընկերներից են մի խումբ ՀՅԴ-ական գործիչներ, մասնավորապես՝ ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանը, Դավիթ Լոքյանը, Վահան Հովհաննիսյանի որդին և այլք։

«Ջի Էմ Դեվելոփեր» ՍՊԸ-ն 6-րդ, 7-րդ և 8-րդ լոտերի ներդրողն է։ Վերջինս հիմնադրել է ԱՄՆ քաղաքացի Մամիկոն Սաշայի Գինոսյանը։ Այս ընկերությունը 36 մլն դրամ հարկային պարտավորություն ունի, ինչի պատճառով ընկերության վրա արգելանք է կիրառվել այս տարվա մայիսին։ Ընկերությունը կառուցապատում է իրականացնում Կենտրոնում, մասնավորապես՝ Ամիրյան 26/4 հասցեում։ Վերջինս 25 տոկոս մասնակցություն ունի նաև «Շիրակինվեստկոնսալտ» ՍՊԸ-ում, որը լուծարման գործընթացում է։

9-րդ և 13-րդ լոտերում ներդրումներ են անելու Հիրանտ Կիրկոր Արթին Օհաննեսի Քուրթյանը և Վահե Պետրոսյանը։ Վերջիններս համատեղ բնակարան են ձեռք բերել Երևանի Աղբյուր Սերոբի փողոցում, նաև ընդհանուր բաժնային սեփականություն ունեն, որը միավորել են Համբարձումյան փողոց, 113 հասցեում։

10-րդ, 11-րդ և 12-րդ լոտերը տրվել է «էսթեյթ մենեջմենտ» ՍՊԸ-ին։ Այս ընկերությունը ստեղծվել է 2019թ․ դեկտեմբերի 18-ին, որը երկու օտարերկրյա բաժնետեր ունի՝ Չինաստանում գրանցված «Մեգատորգ գրուպ լիմիտեդ»-ը և Ղազախստանում գրանցված Իգլիկ Ժալբիրովը։ Վերջինս Աստանայի (այժմ՝ Նուր-Սուլթան) ընտրական հանձնաժողովի նախկին նախագահն է, իսկ 2019թ․ Աստանայի հասարակական խորհրդի անդամ է։

«Մեգատորգ գրուպ լիմիտեդ»-ը Ղազախստանի Նուր-Սուլթան քաղաքում մասնաճյուղ ունի, որը ղեկավարում է հայազգի Վարուժան Գագիկի Հակոբյանը։

14-րդ լոտի ներդրող Ս․ Վարագ Սիսեռյանի հրապարակած ցանկում «Դիանար» ՓԲԸ-ն է։

Սերժ Վարագ Սիսեռյանը, սակայն, վստահեցնում էր, որ «Դիանար» ՓԲԸ-ն կապ չունի ներդրողների հետ, ընդամենը կապալառուն է։

Փոխվարչապետից մեր հարցմամբ նաև հետաքրքրվել էինք՝ արդյոք փոխվարչապետի գրասենյակը տեղյակ է, թե ովքեր են «Դիանար» ՓԲԸ-ի բաժնետերերը։ Եթե այո, ապա խնդրել էինք նաև մեզ հայտնել նրանց անունները, քանի որ ՓԲԸ-ների բաժնետերերի վերաբերյալ պետռեգիստրը տեղեկություններ չի ներկայացնում։

Պատասխանից պարզվում է, որ «Դիանար» ՓԲԸ-ի բաժնետերերի մասին տեղեկատվություն գրասենյակը նույնպես չունի, քանի որ բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի ռեեստրը վարում է համապատասխան մասնագիտացված կազմակերպությունը։ Այդպես է պատճառաբանել փոխվարչապետի գրասենյակն իր պատասխան գրությունում։

15-րդ լոտի սեփականատեր է դարձել Անդրանիկ Գրիգորյանը։ Վերջինիս մասին որևէ տվյալ չի հրապարակվել։

16-րդ, 17-րդ և 18-րդ լոտերի տեր է դարձել «Էլիտ գրուպ» ՓԲԸ-ն, որը հիմնադրել է ջավախքցի գործարար Արմեն Մկոյանը։ Ընկերությունում, սակայն, այլ բաժնետերեր ևս կան։ Արմեն Մկոյանինն է ընկերության բաժնեմասի 60 %-ը, 20 %-ի բաժնետեր է Ամատունի Սերգեյի Տոնոյանը և Հայկազ Գուրգենի Բախշեցյանը՝ 20 %:

Ամատունի Տոնոյանը նաև այլ բիզնեսներ ունի Հայկազ Բախշեցյանի հետ՝ «Մետեքս» ՓԲԸ-ն, ինքն անձամբ ղեկավարում է «Եվրոփրոֆայլ» ՓԲԸ-ն։ Մկոյանի և Բախշեցյանի հետ մասնակցություն ունի նաև «Անի ինվեստմենթ» ՍՊԸ-ում և «Էլիտ հոլդինգ» ՍՊԸ-ում։ 

Ինչպե՞ս է հաշվարկվել 70 մլն ներդրումը, եթե Կառավարության ներկայացուցիչները տեղեկություններ չունեն կատարված ներդրումների մասին։ Արդյոք Կառավարությունը վստահում է արդեն սնանկացած «Գլենդել հիլզ» ընկերության նախկին աշխատակիցներին և միմիայն նրանց կողմից է այդ թիվը հնչեցվել, թե՞ Կառավարությունը ստուգել է նշված թվի իսկությունը։

Բացի դրանից, Սերժ Վարագ Սիսեռյանը հայտարարել էր, որ գումարային ու բանկային երաշխիքներ են ներդրողներից պահանջել, որպեսզի նրանց նկատմամբ վստահություն ունենան։ Հետևաբար, փոխվարչապետի գրասենյակը ներդրումների վերաբերյալ տվյալները պետք է որ ունենար՝ հաշվի առնելով նաև Երևան քաղաքի 33-րդ թաղամասի կարևորությունն ու նախագծի նկատմամբ հանրային հետաքրքրությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter