HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու

Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու։

Այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը։ Դատական ակտը կհրապարակվի վաղը՝ հուլիսի 8-ին, սակայն հրապարակման ժամը դեռևս հայտնի չէ։

Սարգսյանը նշեց, որ իրենք Վերաքննիչ դատարանում գործի քննության ընթացքում բարձրացրել են արդար դատաքննության իրավունքի խախտման, գործը Ազգային անվտանգության ծառայությունում ապօրինի քննելու, Ծառուկյանի արարքում հիմնավոր կասկածի բացակության և այլ հարցեր։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, հունիսի 21-ին մերժել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը՝ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։ Այս որոշումը Դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ դատարան ու պահանջում է կալանավորել Ծառուկյանին։ Վերջինիս պաշտպանները ևս բողոքարկել են դատական ակտը՝ կապված հիմնավոր կասկածի և դատական ակտում տեղ գտած ձևակերպումների հետ, որոնց հետ իրենք համամիտ չեն։

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է 2017 թվականի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու մեջ, նա մեղադրանքը չի ընդունում։ Ծառուկյանի պաշտպանները առաջին ատյանում քրեական գործի քննության ընթացքում մի շարք հարցերի մասին են բարձրաձայնել՝ նշելով, որ Ծառուկյանի իրավունքները խախտվել են։

Մասնավորապես՝ պաշտպանները պնդում են, որ Ծառուկյանին վերագրվող արարքը ենթակա է քննության, ոչ թե Ազգային անվտանգության ծառայությունում, այլ Հատուկ քննչական ծառայությունում։ Պաշտպանները պնդում են նաև, որ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել առանց նրա պատգամավորական անձեռնմխելիության արգելքը հաղթահարելու։ Պաշտպանական թիմը բարձրաձայնել է նաև այն մասին, որ պատգամավորին կալանավորելու միջնորդության քննությունը ոչ թե համակարգչային եղանակով, այլ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի հայեցողությամբ է մակագրվել դատավոր Ռոբերտ Պապոյանին։

Գագիկ Ծառուկյանը Վերաքննիչ քրեական դատարանում բողոքների քննությանը չի մասնակցել։ Նա վարակվել է կորոնավիրուսով։

Լուսանկարում՝ դատավոր Մխիթար Պապոյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter