HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չարաշահումներ են հայտնաբերվել «Գրքի աշխարհ» համալիրի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման գործընթացում. հարուցվել է քրեական գործ

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ Պետական վերահսկողական ծառայությունից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2012թ հուլիսի 26-ին Երևանի քաղաքապետի ներկայացրած նախագծի հիման վրա Կառավարությունն ընդունել է որոշում Երևանի Եզնիկ Կողբացու փողոցի 36 հասցեում «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման ներդրումային ծրագրի մասին։ «Հետք»-ն այս ծրագրի մասին գրել է 2016-ին:

Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ N ՍՊԸ-ն առաջարկել է հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012թ գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչվելու կապակցությամբ կառուցել «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր և պատրաստ է իր միջոցների հաշվին այդ հասցեում գտնվող հողամասում, Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի համար շինարարական կապալի պայմանագրին համապատասխան, կառուցել նոր կաթսայատուն, դպրոցի` Եզնիկ Կողբացու և Պուշկինի փողոցների անկյունային մասնաշենքի վրա` 288 քառ. մետր մակերեսով վերնահարկ` որպես համերգային դահլիճ:

Այդ որոշմամբ դպրոցին ամրացված գույքի կազմից հետ է վերցվել` Եզնիկ Կողբացու փողոցի N 36 հասցեում գտնվող հողամասից` 300 քառ. մետր մակերեսով հողամասը, 35.3 քառ. մետր մակերեսով կաթսայատունը և նշված աշխատանքների համար, որպես վճարման միջոց, սեփականության իրավունքով փոխանցվել է ՍՊԸ-ին:

Կաթսայատան և վերնահարկի շինաշխատանքների նախահաշիվը, համաձայն նախագծանախահաշվային փաստաթղթերի, կազմում է 102 մլն դրամ, իսկ նշված 300 քառ. մետր մակերեսով հողամասի և 35.3 քառ. մետր մակերեսով կաթսայատան շուկայական արժեքը 2012թհուլիսի 23-ի դրությամբ կազմում է 100 մլն դրամ:

Կաթսայատան և վերնահարկի աշխատանքների իրականացման պարտավորություններն ապահովելու նպատակով կնքվել է գրավի պայմանագիր` որպես գրավի առարկա նախատեսելով նշված գույքերը:

Մշակույթի նախարարության և ըկերության միջև կնքված գլխավոր կապալի պայմանագրով շինարարության ավարտի ժամկետ է սահմանվել 2,5 տարին, իսկ կապալի պայմանագրով նախատեսված աշխատանքների որակի նկատմամբ հսկողության իրականացումը դրվել է նախարարության վրա։

Պարզվել է սակայն, որ նշված համալիրը մինչ օրս չի կառուցվել, Կառավարության նշված որոշմամբ չի սահմանվել համալիրի կառուցման նկատմամբ հսկողության պարտավորություն և ժամկետ, պետական սեփականություն հանդիսացող նշված հողամասի և կաթսայատան շուկայական գնահատում չի իրականացվել և շինաշխատանքների նախահաշիվ ու նախագծանախահաշվային փաստաթղթեր չեն կազմվել:

Պարզվել է նաև, որ ՍՊԸ-ն, դառնալով պետական սեփականություն հանդիսացող նշված 335.3 քառ. մետր մակերեսով հողամասի սեփականատեր և իր ակտիվում ունենալով միայն նշված հողամասը, 2016թ. սեպտեմբերին օտարվել է 160 մլն. դրամով, իսկ 2019թ. մարտ ամսին հողամասը գրավադրվել է բանկում՝ գնահատվելով 194 մլն դրամ: Այսինքն՝ Կառավարության 26.07.2012թ. թիվ 1052-Ա որոշման մեջ ներառվել են պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի շուկայական արժեքի, ինչպես նաև՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և շինաշխատանքների արժեքի վերաբերյալ առերևույթ կեղծ տվյալներ:

Բացի այդ, 2015թ հունիսին փոփոխվել է Կառավարության 26.07.2012թ. թիվ 1052-Ա որոշումը և սահմանվել է, որ «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց» ՊՈԱԿ-ի համար նախատեսված շինաշխատանքների փոխարեն ՍՊԸ-ն պետք է ձեռք բերի 82.477.000 դրամ արժեքով երաժշտական գործիքներ, իսկ ձեռքբերվող երաժշտական գործիքների որակի նկատմամբ հսկողությունը դրվել է ՀՀ մշակույթի նախարարության վրա։

2016թ. մայիսի 12-ին կազմված հանձնման-ընդունման արձանագրությամբ ընդունվել են 83.611.570 դրամ արժեքով երաժշտական գործիքները: Սակայն ՀՀ ՊՎԾ աշխատակիցների նախաձեռնած փորձաքննությամբ պարզվել է, որ դրանից Մշակույթի նախարարությանը հանձնված 47.265.000 դրամ արժեքով (առանց ԱԱՀ) 10 ջութակների և 2 ալտերի իրական շուկայական արժեքը կազմում է 22.950.000 դրամ կամ 24.315.000 դրամով պակաս:

Այսինքն Մշակույթի նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք ՍՊԸ-ի ներկայացուցչի օժանդակությամբ կազմված հանձնման-ընդունման արձանագրության մեջ ներառել են մատակարարված երաժշտական գործիքների իրական արժեքի վերաբերյալ կեղծ տվյալներ՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնման եղանակով առերևույթ հափշտակելով 24.315.000 դրամ առանձնապես խոշոր չափերի պետական միջոցներ:

Ուսումնասիրությամբ ի հայտ են բերված փաստերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տես նաև՝

Ինչպես խաբել հասարակությանը` կառավարության որոշումներում մշակութային վերնագիր դնելով․ «Գրքի աշխարհ»-ի հետքերով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter