
Գագիկ Ծառուկյանը չի կալանավորվի
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը չի կալանավորվի։ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի, քիչ առաջ հրապարակել է նրա խափանման միջոցի գործով Դատախազության և պաշտպանների բողոքների վերաբերյալ որոշումը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Ծառուկյանի պաշտպաններից Սմբատ Մինասյանը։ Դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ երեկ՝ հուլիսի 7-ին։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, հունիսի 21-ին մերժել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը՝ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։ Այս որոշումը Դատախազությունը բողոքարկել և պահանջում էր կալանավորել Ծառուկյանին։
Առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում Գագիկ Ծառուկյանի պաշտպանները պնդել են, որ Ծառուկյանին վերագրվող արարքը ենթակա է քննության, ոչ թե Ազգային անվտանգության ծառայությունում, այլ Հատուկ քննչական ծառայությունում, որ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել առանց նրա պատգամավորական անձեռնմխելիության արգելքը հաղթահարելու։ Նրանք բարձրաձայնել են նաև այն մասին, որ պատգամավորին կալանավորելու միջնորդության քննությունը ոչ թե համակարգչային եղանակով, այլ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի հայեցողությամբ է մակագրվել դատավոր Ռոբերտ Պապոյանին։ Չնայած պատգամավորը չի կալանավորվել՝ պաշտպանական թիմը ևս դատական ակտը բողոքարկել է Վերաքննիչ դատարան՝ հիմնավոր կասկածի, դատական ակտում տեղ գտած ձևակերպումների մասով, որոնց հետ իրենք համամիտ չեն։ Թե պաշտպանների բողոքի վերաբերյալ դատարանն ինչ որոշում է կայացրել, նրանց այս պահին հստակ հայտնի չէ։ Դատական ակտը ստանալուց և դրան ծանոթանալուց հետո այս մասով ևս տեղեկություն կտրամադրեն։
Գագիկ Ծառուկյանը, հիշեցնենք, մեղադրվում է 2017 թվականի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու մեջ, նա մեղադրանքը չի ընդունում։ Նրա մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, Վերաքննիչ դատարանում բողոքների քննությանը չի մասնակցել։
Լրացված
Ավելի ուշ Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում Վերաքննիչ դատարանի որոշման մասին հայտարարություն է տարածել։
«Տեղեկացնում ենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր հրապարակել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ որոշման դեմ պաշտպանության կողմի և դատախազության բողոքների քննության հիման վրա կայացրած որոշումը։
Քանի որ կողմերը որոշման հրապարակմանը ներկա չեն եղել, ինչպես նաև դեռևս չենք ստացել դատարանի որոշման օրինակը, ուստի որոշման կոնկրետ բովանդակությանը և պատճառաբանություններին ծանոթ չենք և չենք կարող մեկնաբանություններ ներկայացնել դրա վերաբերյալ։
Սակայն բանավոր տեղեկատվություն ունենք, որ վերաքննիչ դատարանը որոշել է բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։
Պարզաբանման համար ցանկանում ենք տեղեկացնել, որ վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում չի կայացրել։
Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց և ուսումնասիրելուց հետո կքննարկենք նաև այն ՀՀ վճռաբեկ դատարան բողոքարկելու հարցը»։
Մեկնաբանել