HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նոր Արմավիրում տնօրենի ընտրության գնում են զենքի սպառնալիքով

Հուլիսի 15-ին Արմավիրի մարզի Նոր Արմավիր համայնքի միջնակարգ դպրոցում տեղի են ունենալու տնօրենի ընտրություններ: Դպրոցում իրավիճակը լարված է, քանի որ օրեր առաջ գազային ատրճանակով սպառնացել են դպրոցի խորհրդի անդամներից մեկին, որպեսզի ընտրության օրը կամ չգնա դպրոց կամ գնալուց ընտրի իրենց մատնանշած թեկնածուին: Դեպքից հետո նա այդ մասին պատմել է համագյուղացիներից մեկին, ում անունը վերջինիս խնդրանքով չենք հրապարակում:

Թե Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատարը, թե դպրոցի կառավարման խորհրդի նախագահը, ով համայնքի ղեկավարն է, թե ճնշման ենթարկված խորհրդի անդամը հերքեցին, որ նման միջադեպ է եղել:

Այսօր այցելեցինք խորհրդի անդամ, ծնող Արաքսիա Դոնիկյանին, ում տուն մտել էր զինված անձը: Նրա ամուսինը՝ Հովհաննես Սաֆարյանը, աշխատում է գյուղի դպրոցում: Արաքսիան հերքեց, որ նման միջադեպ է եղել:

«Էս գյուղացիները ինչքան են սիրում չափազանցնել: Նման բան չի եղել, ինձ ոչ ոք չի կարող ճնշել»,- հավելեց Արաքսիա Դոնիկյանը։

Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանից ևս հետաքրքրվեցինք արդյոք տեղյակ է դպրոցում տիրող իրավիճակի մասին: Տիկին Բուդաղյանն ասաց, որ որևէ լարված իրավիճակ չկա:

«Մենք պարբերաբար կապի մեջ ենք խորհրդի նախագահի հետ, որը համայնքի ղեկավարն է, խորհրդի քարտուղարի հետ: Մեզ ասել են, որևէ լարված իրավիճակ չկա»,- ասաց Ս. Բուդաղյանը:

Հարցին, թե տեղյակ է, որ օրեր առաջ զենքով միջադեպ է եղել խորհրդի անդամներից մեկի տանը, վարչության պետը հետևյալ կերպ արձագանքեց. «Գիտեք ոնց, մեր տվյալներով դա չի համապատասխանում իրականությանը»:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Զարզանդ Գաբրիելյանը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեց, որ զենքով միջադեպ եղել է Նոր Արմավիրում և ոստիկանության Արմավիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նրա խոսքերով՝ նշանակվել է փորձաքննություն, սպասում են փորձագետի եզրակացությանը:

Զ. Գաբրիելյանը նշեց, որ հուլիսի 3-ին տեղեկություն են ստացել, որ նույն օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում, վիճաբանություն է եղել Նոր Արմավիրում, որի ընթացքում քաղաքացիներից մեկը, ատրճանակը հանելով, սպառնալիքներ է հնչեցրել: Վիճաբանող մյուս կողմը ատրճանակը ձեռքից վերցրել և ներկայացրել է ոստիկանություն: Թյուրիմացությունից խուսափելու համար հետաքրքրվեցինք՝ արդյոք նկարագրված դեպքը վերաբերում է Հ. Սաֆարյանի տանը կատարված դեպքին, Զարզանդ Գաբրիելյանը նշեց, թե մեր նշած անձը կողմերից մեկն է:

Մեր տեղեկություններով, զենքով սպառնացողի կինն աշխատում է համայնքապետարանում։

Պարզաբանում ստանալու նպատակով այցելեցինք Նոր Արմավիրի համայնքապետարան, սակայն համայնքի ղեկավար Արթուր Ավետիսյանը տեղում չէր: Հեռախոսազրույցի ժամանակ խոսելով դպրոցում տիրող իրավիճակի մասին՝ նշեց, թե կգա տնօրենի ընտրության օրը բարին էլ հետը. «ով կընտրվի, թող ընտրվի, ի՞նչ ա եղել»:

Համայնքի ղեկավարից հետաքրքրվեցինք զինված միջադեպի մասին: Սակայն, նա ամեն գնով փորձում էր հերքել, ավելին, գտնել այն մարդուն, ով մեզ տեղեկացրել է այդ միջադեպի մասին: Մինչդեռ Նոր Արմավիրում գրեթե բոլորը գիտեին, քանի որ միջադեպի ժամանակ Հ. Սաֆարյանի տան մոտ բազմություն է հավաքվել: Մարդիկ խուսափում էին այդ մասին խոսել, վկայակոչելով, որ չեն ցանկանում գյուղապետի հետ խնդիրներ ունենալ:

«Սուտ ա, սուտ ա, ըտենց բան չի եղել: Հերյուրանք ա, ըտենց բան ընդհանրապես չի եղել, չեմ տեսել, չեմ լսել: Ես՝ որպես գյուղապետ, տեղյակ չեմ»,- ասաց Ա. Ավետիսյանը:

Արթուր Ավետիսյանից հետաքրքրվեցինք, եթե նմանատիպ միջադեպ չի եղել, համագյուղացիներն ինչու են այդ մասին խոսում: Այդ հարցը լսելով՝ համայնքի ղեկավարը կորցրեց ինքնակառավարումը.

«Ո՞վ ա խոսում, ասողին բեր: Գյուղից ո՞վ ա, օդի մեջ ասում ես ձեր գյուղից: Ով ձեզ ասել ա, հլը բերեք ինձ մոտ, տեսնեմ էդ ով ա հավայի խոսում»,- հավելեց համայնքապետը: Նա պահանջում էր, որ անուն հրապարակենք, ինչը, բնականաբար, անել չէինք կարող:

Արթուր Ավետիսյանը սկսեց անձնական վիրավորանքներ հնչեցնել, թե իբր զրպարտում ենք, շանտաժ ենք անում: Ներկայացնում ենք համայնքապետի հետ ունեցած հեռախոսազրույցից որոշ հատվածներ:

Ա. Ավետիսյան. -Դու մեկի կողմից եկել ես, ու՞մ կողմից ես եկել, ո՞վ ա ձեզ ուղղորդել: Կամ առանց իմ թույլտվության դուք ինչի եք մտել ստեղ:

Հեղինակ. - Ստեղ որտե՞ղ, գյու՞ղ:

Ա. Ավետիսյան. -Համայնք:

Հեղինակ. - Համայնք մտնելու համար ձեր թույլտվությու՞նն է պետք:

Ա. Ավետիսյան. -Բա ոնց, համայնքապետն եմ ես:

Հեղինակ.-Այդ համայնքը ձեր սեփականությո՞ւնն է, պարոն Ավետիսյան:

Ա. Ավետիսյան. -Իմ սեփականությունը չի, ժողովուրդն ինձ ա ձեն տվել, որ ես պիտի դրա համար պատասխան տամ:

Հեղինակ. - Այդ դեպքում համայնք մտնելու հատուկ թույլտվությունը ո՞րն է:

Ա. Ավետիսյան. - Հա, բա դուք մտել եք, ասում եք օդից կախված լուրերով: Բա էդ, որ ոչխարն ա ասել: Հլը բերեք էդ ոչխարին, հլը տենամ ո՞վ ա ստից պառաժ տանում, հը՞: Դուք ուրեմն զրպարտում եք: Երևի եկել եք մի հոգու կողմից:

Համայնքի ղեկավարը շարունակում էր նույն ոճով խոսել: Քանի որ նրա հետ հնարավոր չէր որևէ հարցի շուրջ կառուցողական խոսել, անջատեցինք հեռախոսը, սակայն րոպեներ անց, զանգահարեց և շարունակեց վիրավորանքները:

Ա. Ավետիսյան. - Ինչ-որ ես ասում եմ, իմ ասածի տերն եմ, ի՞նչ իրավունքով եք եկել, ո՞վ ա բերել ձեզի:

Հեղինակ. - Դուք իմ աշխատանքը խոչընդոտելու իրավունք չունեք:

Ա. Ավետիսյան. – Ի՞նչ աշխատանք, դուք եկել եք ինչ անեք: Ի՞նչ աշխատանք եք տանում: Ինչի՞ համար ես հարց տալում, դու չես կարա հարց տաս: Արի դպրոցը սարքա, օգուտ արա, բարեգործություն արա, դու ո՞ւմ համար ես եկել աշխատում:

Այնուհետև սկսեց խոսել սպառնալիքներով.

Ա. Ավետիսյան. - Ախր չեմ ուզում էլի, ափսոս տեղում չեմ:

Հեղինակ. –Ի՞նչ պետք է լիներ, որ տեղում լինեիք: 

Ա. Ավետիսյան.- Եկել ես ո՞ւմ համար, ով ա զակազչիկդ: Ես իմ բառերի տերն եմ, ով ա զակազչիկդ: Էդ ով ա էդ ոչխարը, որ ձեզի տվյալ ա տվել:

Հեղինակ.- Այսինքն տվյալ չպիտի տային, որ այն դուրս չգա՞ր:

Ա. Ավետիսյան. – Ի՞նչ է եղել, դե բեր ապացուցա: Որ ասում ես ըսենց ա եղել, ընենց ա եղել, ընդան են խփել, ընդան են սպանել, ուր ա, զոհերը ո՞ւր են:

Հեղինակ. - Պարտադիր պետք է զոհ լինե՞ր

Ա. Ավետիսյան.- Իա, բա չէ, զակասով գալ: Արի իմ համար զակազ տամ, սրա-նրա վրա գրա: Եթե այդքան լավ տղա ես, արի մի բան արա դպրոցի համար: Դուռ չունենք, լուսամուտ չունենք, տուալետ չունենք, համայնքի ղեկավարը խնդրում է ձեզ:

Նոր Արմավիրի համայնքապետը պարբերաբար հարցնում էր, թե ով է «զակազչիկը», ավելին, կրկնում էր, թե իր բառերի տերն է, և կարող ենք դիմել որտեղ ցանկանանք:

- Թքել եմ ես քո զակազչիկի վրա, հենց ըտենց էլ կասես: Դե հելեք ու գնացեք, դու ով ես մտնես համայնք խառնակչություն սկսես:

Մինչ համայնքապետի «հունից» դուրս գալը հասցրել էինք տեղեկանալ, թե ովքեր են դպրոցի տնօրենի թեկնածուները:

Նա ասաց, որ դպրոցի տնօրենի ընտրությանը գնում է 4 թեկնածու: Արթուր Ավետիսյանն ասաց, որ անունները հստակ չի հիշում. «մեկը՝ Իսկանդարյան Նարինեն, մեկը՝ Եղիազարյանը, էն մեկն էլ Հրաչուհի, ազգանունը չեմ հիշում, մեկն էլ՝ տիկին Հարությունյանը»:

Նշենք, որ Հրաչուհին Արմավիր քաղաքի թիվ 10 հիմնական դպրոցի տնօրեն Լիանա Հայրապետյանի քույրն է՝ Հրաչուհի Հայրապետյանը, ով տևական ժամանակ ցանկանում է տնօրեն ընտրվել, սակայն չի հաջողվում: «Հետք»-ն այս մասին գրել էր դեռ մեկ տարի առաջ: Նա սկզբում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել մարզի Դաշտ գյուղի դպրոցում, այնուհետև տնօրենի թեկնածու է առաջադրվել Մրգաշատի դպրոցներից մեկում, որտեղ չի ընտրվել, հետո՝ Լենուղի գյուղում, որտեղ դարձյալ չի ընտրվել: Այս անգամ փորձում է Նոր Արմավիրի դպրոցում: Խոսակցություններ կան, որ հենց նրան են ընտրելու խորհրդի ոչ մանկավարժ անդամները: Իսկ համայնքապետի նշած Հարությունյանը՝ տնօրենի պաշտոնավարման ժամկետը լրացած Հերիքնազ Հարությունյանն է:

Անկողմնակալ դիտորդի համար արդեն պարզ է, որ այս պայմաններում չեն կարող պատշաճ և ազատ կամքի արտահայտմամբ դպրոցի տնօրեն ընտրել: Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանն ասաց, որ ոչինչ անել չեն կարող, քանի որ ընտրությունն արդեն նշանակված է:

Զրուցել ենք նաև դպրոցի ուսուցիչներից մեկի հետ, ով դպրոցի կառավարման խորհրդի անդամ է: Նա ևս մտահոգություններ ուներ: Զրույցը կներկայացնենք առաջիկայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter