HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ԲԴԽ-ն մերժեց դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը

Բարձրագույն դատական խորհուրդը քիչ առաջ հրապարակեց որոշում, որով մերժեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարի միջնորդությունը։ Որոշման տակ ստորագրել են միայն խորհրդի դատավոր անդամները՝ Մեսրոպ Մակյանը, Ռուբեն Վարդազարյանը, Սերգեյ Չիչոյանը և Անի Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հիմքում Արդարադատության նախարարությունը դրել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դատական նիստի ընթացքում արած արտահայտությունները, որոնք Արդարադատության նախարարությունն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը որակում են վերջինիս, ինչպես նաև ՀՔԾ աշխատակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք։

«Հույս ունեի, որ չէիք իջնի ՀՔԾ պետի մակարդակին և չէիք քննադատի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը»։ Քննիչին ուղղված այս արտահայտությունն է արել դատավոր Ալեքսանդր Ազարյանը։

Դատավորն ասում է, որ ինքը Հատուկ քննչական ծառայության պետին չի վիրավորել, պարզապես իրերը կոչել է իրենց անուններով։ Կարգապահական գործի քննության ընթացքում դատավորը նշել է, որ ՀՔԾ պետը, լինելով իրավաբան, պաշտոնյա, կասկածի տակ է դրել և վիճարկել իր կայացրած և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի օրինականությունը՝ կապված Մարտի 1-ի հետ։

Նա ԲԴԽ անդամներին, որոնց մեջ կան դասախոսներ, հարց է ուղղել, թե  ինչպե՞ս կգնահատեին այն ուսանողին, որը կասեր, որ բարձրաստիճան պաշտոնյան, իրավաբանը կարող է, իրավունք ունի հրապարակային գնահատական հնչեցնել դատական ակտերի վերաբերյալ և կասկածի տակ դնել ուժի մեջ մտած դատական ակտերի օրինականությունը: Պատասխանն, ըստ Ազարյանի, մեկն է՝ անբավարար, իսկ անբավարարը, նրա կարծիքով, համապատասխան մակարդակին, տվյալ դեպքում՝ իրավաբանական մակարդակին չհամապատասխանելն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter