HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Պետք է ստեղծվի մի փաստաթուղթ, որը կլինի ամենօրյա գործիք ուսուցիչների համար. քննարկում հանրակրթության չափորոշչի փոփոխության վերաբերյալ

Փորձագետներն ու պատգամավորներն այսօր «Հոդված 3» ակումբի կազմակերպած քննարկման ժամանակ անդրադարձան հանրակրթության պետական նոր չափորոշիչներին։

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց կատարված հիմնական փոփոխությունները, այնուհետեւ կրթության ոլորտի մասնագետներն ու պատգամավորներն արտահայտեցին իրենց դիտարկումները։

Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Լուսինե Խառատյանը նշեց, որ չափորոշչի հիմնական մոտեցումները ողջունելի են եւ դրական են դիտարկվում, սակայն փաստաթղթում կան որոշակի խնդիրներ, որոնցից մեկն էլ վերջնարդյունքների կապն է կարողությունների հետ, քանի որ փաստաթղթում հստակ չի երեւում, թե որ կարողություններն են հանգեցնելու վերջնարդյունքների։

Խառատյանը, իր խոսքում նշեց, որ Հայոց լեզու եւ գրականություն առարկային հատկացված ժամաքանակներն առնվազն կրստեր դպրոցում բավականին քիչ է։ «Այլ երկրների նույն մոտեցումներով կառուցված չափորոշիչներում ավելի մեծ ժամաքանակ է հատկացվում լեզվին, որովհետեւ լեզուն ոչ միայն կարողություն է ինքն իրենով, այլեւ մի կարողություն է, որը նպաստելու է բոլոր մյուսների յուրացմանը, արտահայտելուն, եւ հնարավոր չէ խոսել գիտության, մաթեմատիկայի մասին առանց բավարար լեզվական կարողությունների», - նշեց Խառատյանը։ Ըստ նրա՝ եթե մինչեւ չորրորդ դասարան լավ չյուրացվի հայոց լեզուն, ապա մյուս առարկաների յուրացումը շատ բարդ է լինելու, քանի որ կարդալու, միտք արտահայտելու կարողությունները լեզվական կարողություններ են, որոնք նպատսում են մյուսների զարգացմանը։

Նշեց, որ չափորոշչում ազգային փոքրամասնությունների մայրենի առարկաների դասաժամերի վերաբերյալ նշումներ չկան , սակայն Հայաստանն ունի այդ պարտականությունները։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը ընդգծեց՝ չափորոշիչները կազմվել են առանց երկու հիմնական քայլերի՝ կարիքի գնահատման եւ ռազմավարության։ Անդրադառնալով ձեւավորվող գնահատականներին՝ ասաց, որ դրա վերաբերյալ խոսակցություններ եղել են դեռեւս 16 տարի առաջ, սակայն այդպես էլ ձեւավորվող գնահատումը չի գործել. «Ձեւավորվող գնահատմում ամրագրվել է 2004թ.-ի ց, կարծում եմ՝ կարիք կա հասկանալու՝ այս տարիներին ինչ է արվել, ինչու չի աշխատել, ինչ խոչընդոտներ են եղել։ Գաղափարը լավն է, բայց իրականացման հետ կապված անհրաժեշտ է հասկանալ՝ ինչ խնդիրներ ունեն։ 30-35 հոգանոց դասարաններում 22 դասաժամ ունեցող ուսուցիչների համար ձեւավորող գնահատում իրականացնելը լրացուցիչ ծանրաբեռնածություն է», - նշեց փորձագետը։ Ըստ նրա՝ երկրորդ քայլը, որին պիտի հետեւեին մինչեւ չափորոշչի կազմումը, կրթության ռազմավարությունն է եւ տեսլականը, որը կարող էր լուծել շատ հարցեր։

Կրթության փորձագետը շեշտում է՝ պետք է ստեղծվի մի փաստաթուղթ, որը կլինի ամենօրյա գործիք ուսուցիչների համար, որ վերջիններս կարողանան հեշտությամբ աշխատել։

«Փաստաթղթում պետք է լինեն դասավադման սկզբունքներ։ Այն ունի գնահատման սկզբունքներ, բայց դասավանդման սկզբունքներ չկան, մինչդեռ դասավանդումը, գնահատումը եւ վերջնարդյունքը եռամիասնություն են։ Նմանատիպ փաստաթղթերում լինում է դասավանդումը, ուսուցչի համար պետք է հասկանալի լինի՝ իր աշխատանքում ինչ պիտի լինի, որ ստանա պահանջնվող վերջնարդյունք», - ասաց Սերոբ Խաչատրյանը։

Նա առաջարկում է չափորոշիչների մեջ նշել բովանդակային սկզբունքներ, որոշակի թեզեր, որոնցով ուսուցիչները կարող են առաջնորդվել։

«Պետք է ուսուցիչը իրեն գտնի այս փաստաթղթերում, եւ փաստաթուղթը մի քիչ մարդկայնանա։ Ուսուցիչները չափորոշիչները չեն սիրում, որովհետեւ աբստրակտ մտքեր են, վերացական արտահայտություններ, եթե բերենք դասավանդման մտքեր, ուսուցիչն իրեն կտեսնի եւ ավելի լավ կհասկանա, որ փաստաթուղթն իր համար է», - նշեց Խաչատրյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն անդրադարձավ հայոց լեզու եւ գրականություն առարկայի դասաժամերի կրճատմանը։ Ասաց, որ թեեւ Ժաննա Անդրեասյանը վստահեցրել է՝ ժամաքանակը չի փոքրանում, չափորոշչում գրված չէ ՝ ինչ է լինելու։ Հովսեփյանը նշեց, որ չպիտի է հույսը դնել միջառարկայական կապերի վրա, որ մաթեմատիկայի եւ ֆիզիկայի ժամերին կանցնեն դասեր, որոնք կառնչվեն հայոց լեզվին։

Տեղեկացրեց, որ չափորոշիչներում ներառականության առումով ճկունություն եւս չկա։ Հովսեփյանը հայտնեց՝ նկատառումներն ուղարկել են նախարարություն, դեռեւս արձագանք չկա։ «Պետք է հասկանալ՝ ինչպես բարելավել , որ բոլոր կետերում, բոլոր անձանց մոտ չափորոշիչն ընդունվի», - հավելեց պատգամավորը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter