HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոռուպցիոն գործարքներ, ոտնահարված իրավունքներ. Ֆիրդուսի պաշտպաններն ակնկալում են պատգամավորների միջամտությունը

Արվեստագետ Արա Շահումյանը Ֆիրդուս թաղամասի բնակիչ է: Նա միացել է թաղամասի համար պայքարող Ֆիրդուս թաղամասի պաշտպանության նախաձեռնության խմբին: Կարծում է, որ իրենց թաղամասի շուրջ ողջ գործընթացը սկսվում և ավարտվում է մեքենայություններով: Նույնիսկ այն շահարկումները, թե Ֆիրդուսը առնետանոցի ու աղբանոցի է վերածվել, խնամված չէ, նույնպես այդ մեքենայության անիվով է պտտվում: Մինչդեռ ամենակարևորն այն է, որ գերակա շահ եզրույթի ներքո խախտվել է Սահմանադրությունը, դրանով երաշխավորված իրենց սեփականության իրավունքը:

«Գերակա շահ հասկացությունը պետք է լինի շատ կարևոր` մագիստրալի, կայարանի կառուցման համար, ոչ թե մեզնից վերցնեն, տան օլիգարխի: Սա մշակույթ է, որը 30 տարի մտել է մեր տնտեսական, քաղաքական, օլիգարխիկ համակարգի մեջ և շրջանառվում է»,- ասում է բնակիչ Շահումյանը:

Այսօր նա նախաձեռնող խմբի հետ մասնակցում էր Ֆիրդուս թաղամասում կազմակերպված ասուլիսին, և լրագրողների հարցին, թե քանի բնակիչ կամ բնակիչների որ տոկոսն է, որ չի ուզում թաղամասը քանդվի, պատասխանում է` ինքը մեկ բնակիչ չէ, իրենք շատ են, որոնք ոչ թե իրենց տան համար են պայքարում, այլ պետական ընդհանուր մոտեցման դեմ:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակառուպցիոն կենտրոնի ներկայցուցիչ Հայկ Մարտիրոսյանն անդրադարձավ թաղաասի կառուցապատման իրավական իրավիճակին: Վերջինս նշեց, որ պետությունն ակնհայտորեն փորձել է օժանդակել Ֆիրդուսի կառուցապատման ծրագրին, նույնիսկ երաշխավորագիր է ներկայացրել, որպեսի կառուցապատող կազմակերպությունները արտաքին վարկային միջոցներ ներգրավեն, դրանից հետո այդ պայմանագրերը չեն հրապարակվում և գաղտնի են պահվում:

«Դիանար» ՓԲԸ-ի հիմնադիր Էդուարդ Մելիքյանը նախկինում չիրականացված ծրագրերի կազմակերպության հիմնադիրն է, որը նաև «Գլենդել հիլզ» կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարն է եղել: Տարածքների ձեռքբերման մրցակցություն ցույց տալու համար «Դիանար»-ը 17 այլ կազմակերպություն է գրանցել:

«Այս գործընթացը լուրջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, որովհետև ընկերություններ, որոնք ձախողում են ծրագիրը սկսած 2006-2007թթ. և ներառված են կոռուպցիոն բավականին լուրջ գործարքներում, իսկ «Գլենդել հիլզ»-ի` աղետի գոտու վերաբերյալ նաև քրեական գործ կա, այդ ընկերությունները և նրանց հետ փոխկապակցված անձինք ներառված են այս գործընթացներում»,- նշեց Հայկ Մարտիրոսյանը:

Այս ամենից բացի, Կառավարությունը հրաժարվում այն ֆինանսական երաշխիքները հրապարակելուց , որոնք այդ կազմակերպությունները տվել են` որպես ծրագրի իրականացման երաշխիք: Այս ամենից ելնելով` ԹԻԱԿ-ը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել` պաշտոնատար անձանց կողմից համապատասխան գործարքների իրականացման մեխանիզմներում չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ: Մասնավորապես, Քաղաքաշինության պետական կոմիտեն, որի կանոնադրության համաձայն, պետք է անցկացներ մրցույթներ քաղաքաշինական լավագույն լուծումներով տարածքի կառուցապատումն իրականացնելու համար, որևէ քայլ չի ձեռնարկել, և Կառավարությունը որևէ կերպ չի արձագանքել այդ կառույցի պաշտոնեական անփութությանը:

«Այսօր Կառավարությունը պետք է ամեն ջանք գործադրեր, որպեսզի այդ գործընթացը լիներ թափանցիկ, նրանում ներառված չլինեին նախկինում կոռուպցիոն գործարքներում ընդգրկված կազմակերպությունները, այնինչ մենք տեսնում ենք հակառակ գործընթացը»,- ավելացնում է ԹԻԱԿ-ի ներկայացուցիչը:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը նշում է, որ իրավապահ համակարգից սպասումներ չունի, ավելի շատ հանրային ճնշման միջոցով պետք է այս հարցին հետևողականորեն լուծում տրվի:

Կառավարության ներկայիս ներկայացուցիչները Ֆիրդուս թաղամասը սարայներ են անվանում, որոնք, իհարկե, օլիգարխների ոսկեզօծ տների համեմատությամբ, գուցե այդպիսիք չթվան, բայց դա Երևան քաղաքի պատմությունը ներկայացնող թաղամասն է:

«Երևանի կոլորիտը պահելու համար այս հին շենքերն ու թաղամասերն անհրաժեշտ են: Գյումրին գյումրեցիներին է, Վանաձորը` վանաձորցիներինը, բայց Երևանը բոլորինն է, և պետք է պահել երևանյան կոլորիտը»,- ասում է իրավապաշտպանը:

Լրագրողների այն հարցին, թե Ֆիրդուսի բնակիչները համաձայն են, որ տարածքն իրացվի, թե ոչ, «Ֆիրդուս․ տեղի հիշողությունը» գրքի գլխավոր խմբագիր Տիգրան Ամիրյանը պատասխանում է` անդրադառնալով 2000-ականներին, այդ ժամանակվանից թաղամասը հետզհետե վերածվել է շինհրապարակի, քանդվել են թաղամասի տները, իսկ կառուցապատողները մշտապես հիշեցրել են, որ այդ հողատարածքներն իրացվելու են և այլևս իրենցը չեն: Բնակիչները մշտապես հոգեբանական այդ ճնշման տակ են եղել: Իսկ առնետանոցի վերածվելը կառուցապատողի մեղքով է, որովհետև քանդել է տարածքներն ու շուրջ 20 տարի ոչինչ չի արել:

Մարդու իրավունքների հետազոտության կենտրոնի տնօրեն Անահիտ Սիմոնյանը շեշտում է, որ խոսքը ոչ թե մեկ թաղամասի, այլ քաղաքականության, պետության մոտեցման մասին է: Ֆիրդուս թաղամասը ոչ առաջինն է Երևանում ու ողջ Հայաստանում և վերջինն էլ չի լինելու: Եվ եթե պետությունն ու պետական ատյանները պետք է առաջնորդվեն կառուցապատողի շահերից, այն էլ` այնպիսի կառուցապատողի, որի վերաբերյալ կոռուպցիոն և այլ կասկածներ կան, սա հենց պետական քաղաքականության հարց է: «Նման իրավիճակում կարող է հայտնվել յուրաքանչյուրիս բնակարանը կամ տունը»,- ասում է նա:

Անահիտ Սիմոնյանը տեղեկացրեց, որ նամակ են պատրաստել ԱԺ բոլոր հանձնաժողովներին, քանի որ կարծում են, որ ԱԺ յուրաքանչյուր հանձնաժողով այս թաղամասի կառուցապատման հարցի վերաբերյալ անելիք ունի, իսկ պատգամավորական մանդատը վերաբերում է քաղաքացու շահին և պաշտպանությանը: Այդպիսով, ակնկալում են պատգամավորների միջամտությունը, որը կփոխի այս հարցի ընթացքը:

Ճարտարապետ, պատմաբան Սերգո Տոնոյանն էլ հավելեց, որ Ֆիրդուսի հայեցակարգը մեկ մարդու` Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի որոշման տիրույթում է եղել, այսօր էլ նա շարունակում է ղեկավարել ոլորտը:

«Արթուր Մեսչյանին հարցրեք` ինչ պարբերականությամբ է հանդիպում Նարեկ Սարգսյանի հետ և ինչ են նրանք քննարկում: Ակնհայտ է, որ ոլորտի համակարգողը շարունակում է մնալ Նարեկ Սարգսյանը»,- ասում է Ս. Տոնոյանը:

Ըստ նրա, այդպիսով մասնագիտական համայնքը, միջազգային կազմակերպությունները զրկվել են Երևանի կենտրոնում` Հրապարակին հարակից տարածքում առավել լավ նախագիծ առաջարկելու հնարավորությունից:

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն այսօր նախագծային մրցութային փաթեթ է հրապարակելու, որպեսզի մասնագիտական համայնքին հնարավորություն տրվի մասնակցել այդ տարածքի նախագծմանը` առավել օպտիմալ նախագծեր ներկայացնելով:

«Այս պահին իրականում չկա նախագիծ, որևէ մեկը չի կարող պնդել, որ կա հաստատված նախագիծ` քաղաքապետի ստորագրությամբ և գլխավոր ճարտարապետի հավանությանն արժանացած»,- նշեց Տոնոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter