HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Աշխարհում համաճարակային իրավիճակն ավելի է վատանում. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը հայտարարել է, որ աշխարհի երկրների մեծ մասում կորոնավիրուսը չի վերցվել հսկողության տակ, և իրավիճակը գնալով խորանում և վատթարանում է։ Նա նշել է, որ վերջին վեց շաբաթների ընթացքում աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը կրկնապատկվել է։

Կորոնավիրուսից ամենաշատը տուժել են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Բրազիլիան և Հնդկաստանը։ Գեբրեյեսուսը նշել է, որ այս երկրներում չկա որևէ ազդակ, որ կորոնավիրուսի համավարակը նահանջում է։

Նա նաև ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ COVID-19-ի դեմ պայքարում այս կամ այն պետության հաջողությունը պարտադիր չէ, որ պայմանավորված լինի տվյալ երկրում առողջապահական համակարգի զարգացվածության հետ։

«Վիրուսն անդառնալի հարվածներ է հասցրել աշխարհի մի շարք հարուստ պետությունների առողջապահական համակարգերին, այն դեպքում, երբ որոշ երկրներ, որոնք ունեն համեստ միջոցներ, կարող են իրավիճակը կառավարելի դարձնել»,- նշել է Գեբրեյեսուսը։

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 12,3 միլիոնի, իսկ մահացածների թիվը՝ 555, 4 հազարի։ Ընդ որում, 6,7 միլիոն մարդ ապաքինվել է։

Մեծ Բրիտանիայում հուլիսի 10-ից չեղարկվել է 75 երկրներից ժամանող անձանց նկատմամբ երկշաբաթյա կարանտինի կիրառման ռեժիմը։ Բրիտանական սահմանը հատող բոլոր քաղաքացիներին պարտադիր ինքնամեկուսացման որոշումն ընդունվել էր դեռ այս տարվա մայիսի վերջին և ուժի մեջ մտել հունիսի 8-ից։ Սակայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Լոնդոն այցից հետո, Բորիս Ջոնսոնի կառավարությունը խոստացել էր դիտարկել որոշ երկրների հետ «օդային կամուրջների» ստեղծման հնարավորությունը։ Նման ռեժիմ է սահմանվել եվրոպական երկրների մեծամասնության, բրիտանական անդրծովյան տարածքների, Ավստրալիայի, Կանադայի, Ճապոնիայի և այլ երկրների համար։ Հետխորհրդային միակ երկիրը, որը հայտնվել է այդ ցուցակում, Լիտվան է։ Մյուս երկրների նկատմամբ սահմանափակումները պահպանվում են։

Շոտլանդիան պահպանել է կարանտինային ռեժիմը բոլոր այն երկրների համար, որտեղ վիրուսի տարածման ցուցիչը գերազանցում է շոտլանդական ցուցանիշներին։ Այդպիսի երկրներից մեկն Իսպանիան է, որտեղ յուրաքանչյուր 100 000 բնակչության թվով վարակվում է 330 մարդ, իսկ Շոտլանդիայում՝ միայն 28։ Հուլիսի 10-ից սկսած Շոտլանդիայի խանութներում պարտադիր կլինի դիմակների կրումը։ Անգլիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի տարածքներում նման պահանջ չկա։

Այդուհանդերձ, աշխարհի մի շարք երկրների կառավարություններ խորհուրդ չեն տալիս իրենց քաղաքացիներին այցելել Մեծ Բրիտանիա, որը Եվրոպայում ամենից շատն է տուժել կորոնավիրուսից։ Վերջին տվյալներով Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակվել է 289 հազար մարդ, իսկ մահացել շուրջ 44,6 հազարը։

Իռլանդիայում R ինդեքսը (մարդկանց միջին թվաքանակը, որոնց վարակում է մեկ հիվանդը) կրկին գերազանցել է 1,0 նիշը։ Այս ցուցանիշն աշխարհում ընդունված կարևորագույն չափորոշիչներից մեկն է և օգտագործվում է այս կամ այն երկրում համաճարակային իրավիճակը գնահատելու համար։ Եթե ցուցանիշը 1,0 միավորից ցածր է, ապա իրավիճակը բարենպաստ է։ Վերջին մեկ օրվա ընթացքում Իռլանդիայում կորոնավիրուսից մահացել է վեց մարդ։ Երկրում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը հասել է 1743-ի։ Երկրի իշխանությունները հայտարարում են, որ պատրաստ են նորից խստացնել սահմանափակումները։

Հուլիսի 10-ին Բալեարյան կղզիների բիզնես ասոցիացիան հայտարարել է, որ փողոցում դիմակների կրումը կարող է վախեցնել զբոսաշրջիկներին, որոնք անհրաժեշտ են Իսպանիային՝ համավարակի պատճառով առաջացած տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար։ Բալեարյան կղզիները, որի կազմում են Իբիցան, Մալյորկան, Մենորկան, ինչպես նաև Կատալոնիայի ինքնավար շրջանը, Իսպանիայի զբոսաշրջային հիմնական կենտրոններն են։ Մի քանի օր առաջ այս շրջանների փողոցներում և հանրային վայրերում դիմակների կրումը պարտադիր է դարձել։ Տուգանքը կազմում է 100 եվրո։ Այդուհանդերձ, զբոսաշրջային արդյունաբերության լոբիստների ճնշման ներքո կառավարությունը հնարավոր է չեղարկի այս պահանջը՝ լողափեր այցելողների և բաց տարածքներում ֆիզիկական վարժություններով զբաղվող անձանց համար։

Լուսանկարը՝ «Associated Press» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter