HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ֆուտբոլային թրիլլեր․ «Նոան» դարձավ Հայաստանի գավաթակիր

Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում հետխաղյա 11 մետրանոցներով «Նոան» առավելության հասավ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ և իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր: Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակներում թիմերը 5-ական գնդակ ուղարկեցին միմյանց դարպասները։ Հանդիպումը տեղի ունեցավ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում:

Թրիլլերային սցենարով անցած խաղում հաշիվը շատ արագ բացվեց։ 9-րդ րոպեին Լուիս Օգանան առաջ մղեց «Արարատ-Արմենիային»։ 24-րդ րոպեին Ֆուրդջել Նարսինգի՝ եզրից կատարած փոխանցումից հետո «Նոայի» պաշտպանները անզգույշ գործեցին, և ինքնագոլի հեղինակ դարձավ Ալան Տատաևը։ 29-րդ րոպեին Հայաստանի գործող չեմպիոնը հաշիվը դարձրեց 3։0։ Գոլի հեղինակ դարձավ Յուսուֆ Օտուբանջոն։ 39-րդ րոպեին «Նոային» հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Ստեֆան Չուպիչի սխալից օգտվեց Մաքսիմ Մայրովիչը։ Սակայն երկու րոպե անց Լուիս Օգանան դուբլ ձևակերպեց՝ հաշիվը դարձնելով 4։1։

Հավանաբար երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջ բոլորը կարծում էին, որ «Արարատ-Արմենիան» արդեն իսկ ապահովել է հաղթանակը, սակայն «Նոայի» ֆուտբոլիստները այդպես չէին կարծում։ Հանդիպման 55-րդ րոպեին Վլադիմիր Ազարովը, հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը, հաշիվը դարձրեց 4։2։ 60-րդ րոպեին Միխաիլ Կովալենկոն դիպուկ հարվածով նվազագույնի հասցրեց հաշվի տարբերությունը, իսկ արդեն 66-րդ րոպեին Դանու Սպետառուն վերականգնեց հաշվի հավասարությունը՝ 4։4։ Հետագայում «Նոան» նաև հաշվի մեջ առաջ անցնելու հնարավորություններ ունեցավ, սակայն չկարողացավ իրացնել դրանք։ Նշենք նաև, որ հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվեց «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Ալֆոնսե Կոջոն։

Լրացուցիչ ժամանակում՝ 114-րդ րոպեին գլխավոր մրցավար Զավեն Հովհաննիսյանը երկրորդ 11 մետրանոցը նշանակեց «Արարատ-Արմենիայի» դարպասին, որը կրկին անվրեպ իրացրեց Վլադիմիր Ազարովը՝ առաջ մղելով «Նոային»։ Եվ երբ թվում էր, թե այս խաղում այլևս զարմանալի ոչինչ չի լինելու, «Արարատ-Արմենիայի» հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն 116-րդ րոպեին հաշիվը դարձրեց 5։5՝ Լուիս Օգանայի և Վլադիմիր Ազարովի պես դառնալով դուբլի հեղինակ։

Այսպիսով, Հայաստանի գավաթի 2019/20 թվականի խաղարկության հաղթողը որոշվեց հետխաղյա 11 մետրանոցներում, որում ի վերջո ավելի դիպուկ գտնվեցին «Նոայի» ֆուտբոլիստները։

Հավելենք, որ այս երկու երևանյան թիմերը միմյանց դեմ խաղում հունիսի 14-ին որոշելու են նաև Հայաստանի Բարձրագույն խմբի 2019/20 առաջնության չեմպիոնի հարցը։ Վերջին՝ 28-րդ տուրից առաջ «Արարատ-Արմենիան» 49 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Նոան» 48 միավորով երկրորդն է: Վճռորոշ խաղում չեմպիոն դառնալու համար «Արարատ-Արմենիային» ոչ-ոքին էլ է բավարար, իսկ ինչ վերաբերում է «Նոային», ապա թիմը այս մրցաշրջանի չեմպիոն դառնալու համար պետք է միմիայն հաղթի գործող չեմպիոնին:

Լուսանկարը «Նոայի» ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (1)

Hovik
Միայն դատավորն էր հայ՞

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter