HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կորոնավիրուսի պատճառով Սանկտ Պետերբուրգում մահացության ցուցանիշները ռեկորդային են վերջին 10 տարիների համար

Հունիսին, կորոնավիրուսի համավարակի ֆոնին, Ռուսաստանում մահացության ցուցանիշներն էականորեն աճել են, ինչը պարզ է դառնում որոշ շրջանների քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունների հրապարակած վիճակագրությունից։ 

«Meduza»-ն գրում է, որ մեկ միլիոն և ավելի բնակչություն ունեցող քաղաքներով վարչական միավորներից, տվյալները հրապարակել են Նովոսիբիրսկի և Սվերդլովսկի մարզերը, ինչպես նաև Սանկտ Պերետբուրգը։ Վիճակագրությունից պարզ է դառնում, որ, համեմատած 2019 թվականի հունիսի, ամենուր մահացության ցուցանիշներն աճել են 10 %-ով։ Այսպես, Նովոսիբիրսկի մարզում մեկ ամսվա ընթացքում մահացել է 3 606 մարդ, այն դեպքում, երբ 2019 թվականի նույն ժամանակահատվածում մահացել է 2 711-ը (33 % աճ), Սվերդլովսկի մարզում մեկ ամսվա ընթացքում մահացել է 5 275 մարդ, այն դեպքում, երբ 2019 թվականի նույն ժամանակահատվածում մահացել է 4 341-ը (22 % աճ)։ Իսկ արդեն Սանկտ Պետերբուրգում 2020 թվականի հունիսին մահացել է 7 106 մարդ, ինչը 55 %-ով գերազանցում 2019 թվականի հունիս ամսվա ցուցանիշին։ Վերջին մեկ ամսվա ընթացքում Սանկտ Պետերբուրգում մահացության ցուցանիշները ռեկորդային են վերջին 10 տարիների համար։

Սանկտ Պետերբուրգի իշխանությունները հաստատել են, որ մահացության աճի պատճառը դարձել է հենց կորոնավիրուսը։ Առողջապահության հարցերով հանձնաժողովում նշել են, որ 2020 թվականի առաջին կիսամյակում քաղաքում մահացածների թիվը 3915-ով ավելին է, քան նախորդ տարի։ Կորոնավիրուսով հիվանդ 2 419-ի պացիենտների մահվան պատճառ է դարձել խրոնիկ այլ հիվանդության հետևանքները, իսկ անմիջապես COVID-19-ից մահացել է 1 281 մարդ։ 

Սանկտ Պետերբուրգի իշխանությունների տվյալներով՝ համավարակի գագաթնակետը քաղաքում եղել է մայիս ամսվա վերջին շաբաթը և հունիսի առաջին տասնօրյակը, այդ իսկ պատճառով հուլիսին մահացության ցուցանիշները պետք է նվազեն։ «Արդեն հիմա հոսպիտալացվածների թիվը վերապրոֆիլավորված բուժհաստատություններում կրճատվել է շուրջ 70 %-ով, ի տարբերություն համավարակի գագաթնակետի ցուցանիշների»,- նշել են առողջապահության հարցերով հանձնաժողովում։

«Открытые медиа» նախաձեռնության լրագրողները հաշվել են, որ 18 շրջաններում, որոնք հրապարակել են հունիս ամսվա մահացության ցուցանիշները, գումարային առումով մահացել է 8 583 մարդ ավելին, քան մեկ տարի առաջ։ Այսպիսով, մահացության ցուցանիշների աճը կազմել է շուրջ 30 %։

Լուսանկարը՝ Roman Pimenov / TASS

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter